«Շտապ օգնության ծառայությունում փետրվարի աշխատավարձը մինչև այսօր չեն ստացել». Միքայել Մանրիկյան
Այսօր Շտապ օգնության աշխատակիցներից մեկը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ 1-03 ծառայությունում աշխատավարձ չեն ստացել:
«Առհասարակ մեր կառույցում աշխատավարձ ստանում են վերջին պլանով, ինչն անհարգալից վերաբերմունք է բժշկի հանդեպ: Ամեն օր գործ ունենք 1000 և ավելի քաղաքացիների հետ, ովքեր մեր կարիքն ունեն, և պետությունը ոչ միայն չի գնահատում մեր կատարած աշխատանքը, այլ դեռ մի բան էլ քննարկման է դնում մեզ աշխատավարձ տալու հարցը …Ես հասկանում եմ, որ երկիրը վատ վիճակում է, բայց, բժիշկներին դնելով հետին պլան, դուք քանդում եք երկրի հիմքը»,- գրված էր ֆեսյբուքյան գրառման մեջ:
Այս գրառումը ֆեսյբուքյան իր էջում տարածել էր նաև Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, մասնագիտությամբ բժիշկ Միքայել Մանրիկյանը: 168.am-ի հետ զրույցում նա մանրամասներ հայտնեց:
«Խոսեցինք Առողջապահության վարչության հետ, Շտապ օգնության աշխատակիցների աշխատավարձային ֆոնդի ֆինանսավորումը գալիս է Առողջապահության նախարարությունից, և դե ֆակտո մարդիկ փետրվար ամսվա աշխատավարձը մինչև այսօր չեն ստացել: Կապվեցինք նաև համապատասխան գերատեսչության հետ՝ նախարարության, ասացին՝ «դեռ քննարկման փուլում է»: Այսինքն՝ ի՞նչ է դուրս գալիս, մարդիկ աշխատել են, օր ու գիշեր ծանր աշխատանք են անում, ծառայում են երկրին, նախարարությունից ասում են՝ աշխատավարձը կստանաք ապրիլի սկիզբ, երկու ամիս հետո, ապրիլին իրենք պետք է ստանային արդեն մարտ ամսվա աշխատավարձը: Այստեղ համակարգային անփույթ կառավարման հետևանք է, բնականաբար, այսպես էլ պետք է լիներ, երբ Առողջապահության նախարար են նշանակում մի մարդու, ով մասնագիտությամբ իրավաբան է, հետևանքը սենց պետք է լիներ: Հիմա գնում եմ Քաղաքապետարան՝ հարցը վարչության պետի, պատասխանատուների, փոխքաղաքապետի հետ պարզաբանելու և արագ ընթացք տալու համար»,- ասաց Մանրիկյանը:
Մեր հարցին, թե ո՞րն է եղել պատճառը, որ գումարը չի փոխանցվել, Միքայել Մանրիկյանը պատասխանեց, որ Առողջապահության նախարարությունում վերահաշվարկ է տեղի ունենում:
«Ինչ-որ հաշվարկներ են անում, վերահաշվարկներ են անում, որը չի ավարտվել այս պահի դրությամբ, այդ իսկ պատճառով ուշացնում են, բայց թե ինչի՞ հիման վրա են այդ հաշվարկը, վերահաշվարկն անում, դեռ չեն ներկայացրել մեզ, դրա համար ես այս ինֆորմացիան կփորձեմ Քաղաքապետարանում, փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանից, կամ իր միջոցով ստանալ, որովհետև ինքն է առողջապահության ոլորտի կուրատորը՝ որպես փոխքաղաքապետ, որովհետև եթե մարդիկ տարիներով աշխատել են, և այդ ամեն ինչը մեխանիզմ է եղել, միշտ հարթ ընթացել է, ապա ի՞նչ խնդիր է առաջացել հիմա, որ կարիք է եղել հաշվարկ կամ վերահաշվարկ անելու և էս մարդկանց հասցնելու էս վիճակին: Մեզ ստույգ այդ բացատրությունը չեն տվել: Այս պահին ունենք այսքան ինֆորմացիան, որ ուշացումներն Առողջապահության նախարարության պատճառով են, աշխատակիցներին էլ ասել են՝ դե մի 10-15 օրից կլինի, այսինքն՝ ապրիլի սկիզբ, ինչը նոնսենս է»,- ասաց Մանրիկյանը:
Երևանի ավագանու անդամի պնդմամբ՝ այստեղ Քաղաքապետարանը ևս անելիք ուներ:
«Քաղաքապետարանի մեղքի չափաբաժինն այնքանով է, որ չի վերահսկել պրոցեսը և կոշտ պահանջ չի դրել, որ ֆինանսավորումը գա»:
Ուշացումների և վերահաշվարկների պատճառների մասին Միքայել Մանրիկյանը ենթադրություններ ունի, սակայն ասաց, որ ավելի ստույգ վերլուծություն կկարողանա անել միայն հանդիպումից հետո:
«Կա ևս մեկ Շտապ օգնության ծառայություն, որը սպասարկում է միայն կովիդը, որը ստեղծվել էր Արսեն Թորոսյանի օրոք, միգուցե այստեղ ինչ-որ անհամաձայնություններ և տարաձայնություններ կան, որի հետևանքով սկսել են այս Շտապ օգնության աշխատակիցների աշխատավարձերի, հատկացվող գումարների վերանայում կամ վերահաշվարկ անել: Ես ենթադրում եմ, որ սա է պատճառը: Նրանք ստեղծել են իրենց Շտապ օգնությունը, որը, համաճարակով պայմանավորված՝ սպասարկում է միայն կովիդով հիվանդ պացիենտներին, և կա Երևանի քաղաքապետարանի Շտապ օգնությունը: Ես կապում եմ այս երկու գերատեսչությունների աշխատանքի հետ, այսինքն՝ ինչ-որ անհամաձայնություն կարող են ունենալ»,- ասաց Մանրիկյանը:
Մեր հարցին, թե այս խնդիրը միայն Շտապ օգնության ծառայությա՞ն հետ է, թե՞ առողջապահական ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ էլ ունեն այս խնդիրը, Մանրիկյանը պատասխանեց, որ այս պահին միայն Շտապ օգնության հետ է կապված: