Ինչո՞ւ է ռուսական գազը Հայաստան փոխադրվելու Ադրբեջանի տարածքով

Ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ էքսպորտը»: «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կարող են տևել շուրջ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով։

Ուշագրավն այն է, որ, ենթադրաբար, գազատարի պլանային աշխատանքների կարիք եղել է նաև նախկինում, սակայն հայկական կողմը նման դեպքերում սովորաբար օգտագործել է պահեստային գազը, և ներկայումս հասկանալի չէ՝ ավարտվե՞լ են գազային պաշարները, թե՞ կողմերը փորձում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվող ապաշրջափակման նոր սխեմաներ գործի դնել նաև այս ցանցում։ Սակայն հաշվարկված չեն նաև այդ նոր սխեմաների իրականացման բոլոր ռիսկերը Հայաստանի համար, հաշվի առնելով նաև ՀՀ իշխանությունների՝ ՀՀ շահը պաշտպանելու անկարողությունը։

«Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը «168 Ժամ»-ի հետ զրույցում պարզաբանեց իրավիճակը՝ հորդորելով խուճապի չմատնվել։ Նա ընդգծեց, որ իրականում այստեղ որևէ ինտրիգ չկա, ավելին՝ այս որոշման միտումները պետք չէ փնտրել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության համատեքստում, որևէ աշխարհաքաղաքական գործընթաց տեղի չի ունենում այս հարցի շուրջ։ «Լուծումը ժամանակավոր, տեխնիկական է, և, ինչպես գիտենք, նույն ռուսական գազն Ադրբեջանի ենթակառուցվածքներով մտնելու է վրացական գազատրանսպորտային համակարգ և այնուհետև նույն երթուղով մատակարարվելու ՀՀ։ Այստեղ էական փոփոխություն տեղի չի ունենալու։ Խոշոր հաշվով, այսօր այս գործընթացի շրջանակում տեղի ունեցողը դուրս է մեր պատասխանատվության և վերահսկողության տիրույթից։ Խնդիրը բացառապես տեխնիկական է»,- ասաց Դավթյանը։

Հարցի մյուս կողմը, նրա խոսքով, կապված է ստորգետնյա գազի պահուստարանի հետ։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ժամանակ առաջ ևս աշխատանքներ էին իրականացվում Հայաստանը Վրաստանին կապող գազամուղի առանձին հատվածներում՝ մասշտաբային վերանորոգման աշխատանքներ, և այդ ողջ ընթացքում մենք բնական գազ ՀՀ չէինք ներկրում, օգտվելով բացառապես Աբովյանի ստորգետնյա պահուստարանում գտնվող գազից, և ըստ տրամաբանության՝ մենք կարող ենք ասել, որ այն ծավալները, որոնք այսօր առկա են ստորգետնյա պահուստարանում, բավարար չեն մեր գազի պահանջարկը բավարարելու համար։ Այդ պատճառով անհրաժեշտություն կա երկրորդ ճանապարհն օգտագործելու»,- ասաց վերլուծաբանը։

Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս է, որ նախկինում նման տեխնիկական խնդիրներ չեն առաջացել, Վահե Դավթյանն արձագանքեց՝ ասելով, որ այդքան վստահ չէր ասի, որ նախկինում նման խնդիրներ չեն առաջացել։ Ըստ նրա, նման խնդիրներ բազմիցս եղել են։ «Բայց այս դեպքում, քանի որ Աբովյանի պահուստարանի գազի պաշարներն օգտագործել ենք, չեմ բացառում, որ անհրաժեշտություն կա բնական գազ ներկրել։ Սա, կարծում եմ, պարզապես համընկնում է, որովհետև հասարակությունը գերնյարդայնացած վիճակում է գտնվում, և ցանկացած հարց, որը գտնվում է այս տիրույթում, չափազանց մեծ հուզմունքով է ընկալվում, և փորձում ենք անընդհատ այլ ենթատեքստեր փնտրել։ Հակված եմ կարծելու, որ սա առավել քան տեխնիկական հարց է։ Բայց, խոշոր հաշվով, եթե հարցը տեղափոխենք քաղաքական հարթություն, ապա հաշվի առնելով այն, որ մենք գտնվում ենք բավականին անկայուն և անկանխատեսելի մի շրջանում, և այս իշխանություններից կարելի է սպասել ցանկացված անտրամաբանական բան ու ցանկացած բան, որն ուղղակիորեն հարված է հասցնում ՀՀ անվտանգությանը, այնպես չէ, որ կարող եմ միանշանակորեն ինչ-որ բան բացառել։ Պարզապես վերլուծությունս ցույց է տալիս, որ այստեղ քաղաքական նպատակադրում լինել չի կարող»,- ասաց Վահե Դավթյանը։

Էներգետիկ անվտանգության մասնագետը տեղեկացրեց, որ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև առկա են ենթակառուցվածքների օգտագործման մասին համապատասխան պայմանագրեր։ Այս դեպքում, Դավթյանի խոսքով, Ադրբեջանական պետական նավթագազային ընկերության և ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերության միջև կնքվել է կարճաժամկետ պայմանագիր այդ մատակարարումն իրականացնելու համար։ «Այստեղ զուտ ընկերությունների միջև առկա է պայմանագիր, որի շրջանակներում «Գազպրոմ էքսպորտն» իրավունք ունի օգտվել ադրբեջանական ենթակառուցվածքներից, բայց դա գնալու է Վրաստանի տարածք և Վրաստանի գազատրանսպորտային համակարգ և այնտեղով նույն երթուղով մտնի Հայաստան։ Կրկին անկախ նրանից, թե ինչ փուլում ենք գտնվում, կա եռակողմ պայմանագիր, չկա, կա պատերազմ, թե ոչ, կոմերցիոն և տնտեսական տրամաբանության շրջանակում որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Վահե Դավթյանը։

Էներգետիկ ոլորտի ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը մեզ հետ կարճ զրույցում ասաց, որ, դատելով հաղորդագրությունից՝ կարելի է ենթադրել, որ առաջացել է տեխնիկական խնդիր, որին ռուսական կողմը տվել է լուծում իր հնարավորությունների շրջանակում։ Նա ևս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դա կարճաժամկետ պայմանագիր է, որի անհրաժեշտությունն առաջացել է կոնկրետ մի քանի հանգամանքների բերումով։

«Հատուկ նշվում է տարածված հաղորդագրությունում, որ պայմանագրի ավարտից հետո, այսինքն՝ երեք շաբաթ անց, գազը կներկրվի նախկին երթուղով։ Պետք է հաշվի առնել, որ հարցը կապված է ենթակառուցվածքների հետ, դրանք ժամանակ առ ժամանակ ունենում են խնդիրներ, կամ արվում են պլանային աշխատանքներ՝ խնդիրները բացառելու նպատակով։ Եթե երկարաժամկետ համաձայնություններ լինեին, կարող էինք խոսել քաղաքականության կամ լուրջ փոփոխությունների մասին, այս պահին կարծես նման բան չկա»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս