Երիտասարդ ստեղծագործող Անուշ Ղուկասյանը արվեստասերներին կներկայանա «Ներսուդուրս» ցուցահանդեսով
Երիտասարդ ստեղծագործող Անուշ Ղուկասյանի ինստալացիոն նախագիծը կներկայացվի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:
«Ներսուդուրս» ցուցադրության բացման հանդիավոր արարողությունը տեղի կունենա մարտի 19-ին:
«Ժամանակակից արվեստում արտահայտչամիջոցների անսահմանափակ ընտրության հնարավորությամբ, ինչպես նաև իր վառ ստեղծագործական երևակայությամբ տոգորված Անուշ Ղուկասյանը հրավիրում է մի միջավայր, որտեղ հատվում են նյութական և ոչ նյութական աշխարհները: Հողային զանգվածից պատրաստված կոպիտ կավե կաղապարների մեջ պատկերելով եթերային երկինք՝ արվեստագետը մեկտեղում է երկրային և երկնային իրականությունները: Նա կարծես յուրովի մեկնում է սահմանափակից անսահմանություն, ապականությունից մաքրություն, մահից կյանք անցումներն ու փոխակերպումները, որոնք անհատական ընկալմամբ բխում են երկնքի և երկրի հպումից՝ հանդիսանալով նոր սկիզբ և ծնունդ»,-նշում է ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանը։
Նրա խոսքով՝ «Ներսուդուրս» ցուցադրությունը ներկայացնում է երիտասարդ արվեստագետի գեղարվեստական գործունեության ընդհանուր թելի շարունակությունը, որը նա մշակել է ավելի քան հինգ տարի: «Ղուկասյանի որոշ ստեղծագործություններ նուրբ աշխատանքներ են՝ հոգատարությամբ ստեղծված արհեստից, իսկ մյուսները թողնված են ավելի հում, անմշակ:
«Ներսուդուրսը» այս երկուսի մեջտեղում է: Արվեստագետը միավորում է երկու հակադիր և տարբեր մասշտաբի տարրեր՝ ստորգետնյա հողը և եթերային օդը: Այն հարցման մեջ է դնում սահմանների փոփոխականությունն ու հեղհեղուկությունը»,- ընդգծում է Խաչատուրեանը։
«Ացելուները հնարավորություն կունենան բացահայտելու ժամանակավորի և հավիտենականի, սահմանափակի և անսահմանի, հողեղենի և երկնայինի հատման եզրերը և մտորելու իրենց մեջ սինթեզված տարբեր իրականությունների մասին»,- ասում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Անուշ Ղուկասյանը ծնվել է 1985 թվականին Երևանում: Նա իր սերնդի ամենաակտիվ արվեստագետներից է: Ավարտելով Գեղարվեստի պետական ակադեմիան որպես գրաֆիկ նկարիչ՝ հիմնականում ստեղծագործել է ինստալյիացիոն արվեստի ոլորտում: Ղուկասյանի աշխատանքները ներկայացված են եղել Հայաստանում և Արցախում տարբեր խմբային ցուցադրություններում: 2018-ին և 2019-ին նա հանդես է եկել երկու անհատական նախագծերով՝ «111» և «Կտոր-կտոր»: Վերջինս արժանացել է Պողոսյան մրցանակի (նախկինում՝ ՀՀ նախագահի մրցանակ):
«Ներսուդուրս» ցուցադրությունը գործելու է մինչև հունիսի 13-ը։