Բաժիններ՝

Զգոնության լրացուցիչ կո՞չ, թե՞ հեռավար դասապրոցեսի անցնելու քայլ․ ԿԳՄՍՆ–ն բուհերին հիշեցրել է պահպանել հակահամաճարակային կանոնները

Երևանի պետական համալսարանն այսօր հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ուսումնական գործընթացն այսօրվանից կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ դասախոսություններն անցկացվելու են հեռավար եղանակով, իսկ գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա եղանակով։ Որպես պատճառ՝ նշված է կորոնավիրուսի համավարակով (COVID-19) պայմանավորված ներկա  իրավիճակը։

ԵՊՀ-ից մեզ տեղեկացրին, որ որոշումը բուհի ղեկավարությունն է կայացրել, սակայն ԿԳՄՍ նախարարությունից օրեր առաջ նման գրություն են ստացել․

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ առաջարկում եմ  առաջնորդվել Կրթության, գիտության,  մշակույթի  և  սպորտի նախարարի 09.03.2021  01/11-1/4435-2021 գրությամբ, 25.01.2021 թիվ 01/11.2/742-2021 գրության փոխարեն, ապահովել ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշմամբ և ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով սահմանված կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների պահպանումը, սանիտարական նորմերի և պահանջների (դիմակների կրում, ախտահանիչ նյութերի առկայություն, սոցիալական հեռավորության պահպանում և այլն) անվերապահ կատարումը, ռիսկային խմբում գտնվող աշխատողների աշխատանքի անվտանգ կազմակերպումը»։

Տեղեկացանք նաև, որ հեռավար դասապրոցեսի անցնելու մասին հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, մասնավորապես՝ նշելով, որ մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կկազմակերպվի հեռավար հիմունքներով՝ zoom հարթակում։

168.am-ը ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններն ամբողջությամբ անցնեն հեռավար ուսուցման տարբերակի, այս պահին նման բան քննարկվո՞ւմ է։ Մելիքբեկյանը պատասխանեց, որ այդ հարցում իրենք առաջնորդվում են առողջապահության նախարարի ցուցումներով․

«Ոչ միայն բուհերի, դպրոցների, այլ նաև՝  ռեստորանների, ժամանցի կենտրոնների, այդ բոլոր հարցերը կարգավորվում են առողջապահության նախարարի համապատասխան ցուցումներով և հրամաններով։ Այն, որ պետք է դիմակ կրել, հեռավորություն պահել, դա առողջապահության նախարարի դեռևս նախորդ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսների հրամանն է, ուղղակի հիմա դա լրացուցիչ զգոնության կոչ է»։

Հարցին՝ բացի բարձրագույն ուսումնական հաստատություններից,  դպրոցներին, մանկապարտեզներին նման ծանուցում ուղարկվե՞լ է ԿԳՄՍՆ-ից, նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց․

«Այս պահին տեղեկություն չունեմ, բայց հավանական է, որ լինի։ Այդ միջոցառումները, նախարարի այդ ցուցումներն ու հրամանները զգոնության կոչ է, որ ևս մեկ անգամ խստորեն հետևեն, պահպանեն, քանի որ դինամիկան է վիրուսի աճում»։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ամբողջությամբ հեռավար դասապրոցեսի անցնելու որոշում չունեն, և եթե դրա կարիքը լինի՝ կտեղեկացնեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս