Կառավարությունը Քաղաքավիացիայի ոլորտում դրական փոփոխություն է համարում ի՞նչը՝ օդանավի առևանգո՞ւմը
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ զեկույցը։
Ըստ զեկույցի՝ արձանագրությունը վավերացնելու արդյունքում ավելի շատ անդամ երկրներ հնարավորություն կունենան ընդգրկվելու Օդային նավագնացության հանձնաժողովի կազմում, քանի որ 56-րդ հոդվածում նշված 19 թիվը փոխարինվում է 21-ով: Հետևաբար՝ ըստ զեկույցի հեղինակների, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին արձանագրության վավերացումը կամ հաստատումը ՀՀ վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
Ներկայացնելով զեկույցը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասաց, որ այդ արձանագրությունն արդեն վավերացրել է 45 պետություն, այս տարի էլ եղել են երկրներ, որոնք նույնպես վավերացրել են, հետևաբար՝ այս պահին հստակ թիվ չի կարող նշել։
Այս նախագծի եզրակացությունում նշված է, թե վերջին շրջանում ՀՀ-ում տեղ գտած դրական փոփոխությունների լույսի ներքո կարելի է կանխատեսել դրական դինամիկա ավիացիայի ոլորտում և ավելի ակտիվ համագործակցություն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ:
Հետաքրքիր է, թե զեկույցի հեղինակները ոլորտում դրական փոփոխություն ասելով՝ հատկապես ի՞նչ նկատի ունեն, վերջին մեկ տարվա ընթացքում քաղավիացիայի ոլորտում, մեղմ ասած, ոչ այնքան ճիշտ քաղաքականության հետևանքով՝ շուկայից դուրս մղված ավիաընկերությունների փա՞ստը, թե՞ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հայկական օդանավի առևանգումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի պատմության մեջ առաջին անգամ այս տարի փետրվարին օդանավ էին առևանգել, որի մասին առաջինը հայտնել էր Նիկոլ Փաշինյանի ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։
Այդ հայտարարությունից օրեր անց Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց, որ օդանավը վարէջք է կատարել Թեհրանում, և քայլեր են ձեռնարկվում այն Հայաստան վերադարձնելու համար։
Երեկ էլ խորհրդարանում ԱԱԾ պետի տեղակալ Տիգրան Հարությունյանն ասաց, որ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 221 հոդվածով՝ օդանավի զավթում հատկանիշներով։
«Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի օդանավը վերադարձվի Հայաստան»,- ասել էր նա։
Այդ աբսուրդի հասնող պատմությունից հետո, անհասկանալի է, թե Քաղավիացիայի ոլորտում ի՞նչ դրական փոփոխություններ է արձանագրել Կառավարությունը։