«Գուցե սա՞ է պատճառը, որ սույն «խիստ ընդդիմադիր» պարոնը ԱԺ-ում նիկոլ-2 է խաղում». Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գերիների ու կրթության հարցերով։
Մամուլից տեղեկանում ենք, որ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Աննա Լինդեի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նփ-ի հետ բոլոր հարցերը լուծում է։ Նա նաև նշել է, որ գերիների հարց չկա. նոյեմբերի 10-ից հետո գերևարել են 60-ից ավել հայ զինծառայող։ Ադրբեջանական կողմը վերջիններս դիտարկում է ոչ թե որպես ռազմագերի, այլ տեռորիստ։ Իհարկե, ադրբեջանցիք ընդհանրապես և Ալիևը մասնավորապես ստում են։ Բայց խնդիր կա. այդ 60-ից ավելի զինծառայողները ո՞նց գերի ընկան։ Ու այստեղ կրկին պիտի մտաբերենք կառավարման որևէ հմտությունից զուրկ նփ-ին։
Նոյեմբերի 9-ի ստորագրությունից հետո տեղում որոշում են սահմանագիծը։ Հայկական կողմից խնդրին մասնակցում է նփ-ական մի տխմար. ինչպես իր շեֆը անգրագետ, քարտեզագրությունից պրիմիտիվ պատկերացումներ ունեցող։ Նա հստակ չի պատկերացնում, թե որտե՞ղ են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Արդյունքում դրանք անցնում են Ադրբեջանին քիչ է, այդ գյուղերը պաշտպանող գյումրեցի զինվորները գերևարվում են։ Սա նաև փաստում է, որ կրթություն չունեցող, գիտելիքներից ու կառավարման տեսությունից և պրակտիկայից զուրկ տգետները չպետք է պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն։ Նփ-ն բացառություն չէ։ Ի վիճակի լիներ կարգին հրահանգներ կտար։
Վերցնենք, օրինակ, ընդդիմության «կարկառուն» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանին։ Պարզվում է սա էլ բարձրագույն կրթություն չունի։ Ավարտել է ինչ-որ կոմերցիայի և իրավունքի ինստիտուտ, որը կայք չունի, ոչինչ չունի (բացի 3հարկանի մի շենքի լուսանկարից), ապա ավարտել է մարդու իրավունքների Վարշավայի բարձրագույն դասընթացը և Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։ ԱԺ կայքում նշվում է միայն ավարտի տարին։ Ի՞նչքան է սովորել՝ պարզ չէ. մեկ շաբաթ, մեկ ամիս, երկու ամիս։ Լսեք, տեղեկատվության այս ծավալից չի բխում, որ մարդը բարձրագույն կրթություն ունի։ Գուցե սա՞ է պատճառը, որ սույն «խիստ ընդդիմադիր» պարոնը ԱԺ-ում նիկոլ-2 է խաղում. ոչ մի կրեատիվ գործողություն, կրուտիտ, մուտիտ և նման բաներ։ Վերցնենք նաև ՀՀ նախագահ աս-ին։ Որ լրագրողը սրա հետ ինտերվյու է անում, սա պահանջում է, որ իրեն դիմեն «դոկտոր սարգսյան» դիմելաձևով։
Բայց ի՞նչի դոկտոր ես։ Ֆիզիկամաթեմատիկական գ.թ. – հասկացանք։ Ասել կուզի փիլիսոփայության դոկտոր ես։ Հետո՞։ Գիտությունների դոկտոր չես, չէ՞։ Ինչի՞ ես հասարակությանը մոլորեցնում։ Ու մի բան էլ, ժամանակն է օրենք ընդունել և ստիպել նման պաշտոնյաներին իրենց կրթական ցենզը փաստող դիպլոմների պատճենները կախեն կենսագրական կայքերում»: