Դատավորի մոտ վերջացել էին թղթե՞րը, թե՞ Արամ Սարգսյանին ապօրինի կալանավորումը դակող դատական ակտը տպելու համար «պրինտեռում» թանաք չկար. Բենիկ Գալստյան
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրչտյանի կողմից Գագիկ Սողոմոնյանի գործով Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Վահագն Մելիքյանին հանձնարարական տալու փաստով քրեական գործի հարուցումը։
Սակայն պարզվում է, որ նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն են տվել «Տրիումֆ» կաֆեի սիրահար Արթուր Մկրտչյանը և խորհրդակցական սենյակից «կազմակերպչական հարցերով»հեռախոսազանգերի սիրահար Վահագն Մելիքյանը։
Այսպես՝ դատավոր Վահագն Մելիքյանը, իր տված բացատրությունում ընդունելով, որ Արամ Սարգսյանի գործով 20.02.2021 թվականի ժամը 21:35-ից մինչև 21.02.2021 թվականի ժամը 02:30-ը, այսինքն՝ շուրջ 4 ժամ, գտնվելով խորհրդակցական սենյակում, չի բացառել, որ այդ ընթացքում կազմակերպչական բնույթի հարցերի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի հետ։
Արթուր Մկրչտյանը նույնպես չի բացառել, որ այդ ժամերին կազմակերպչկան բնույթի հարցերի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Վահագն Մելիքյանի հետ։
Այսինքն՝ ԱԱԾ տնօրենին պարբերաբար «անդրադարձող» Գագիկ Սողոմոնյանի գործով անձին կալանավորելու գործով խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը հեռախոսազրույց է ունեցել դատարանի նախագահի հետ։
Հարց է առաջանում՝ ի՞նչ կազմակերպչական բնույթի հարցեր են քննարկվել՝ դատավորի մոտ վերջացել էին թղթե՞րը, թե՞ Արամ Սարգսյանին ապօրինի կալանավորումը դակող դատական ակտը տպելու համար «պրինտեռում» թանաք չկար։
Ընդ որում, դատավորները չեն հերքել հեռախոսազրույցի փաստը, որովհետև իմ ունեցած տեղեկությունների համաձայն նրանց հեռախոսակապը չի եղել պաշտպանված, այսինքն՝ խոսել են սովորական հեռախոսակապով։
Նշվածի և խորհրդակցական սենյակում գտնվող դատավորներին «կազմակերպչական բնույթի հարցերով» հանձնարարականներ տվող Արթուր Մկրտչյանի վերաբերյալ առաջիկա օրերին կհրավիրեմ մամլու ասուլիս, որի ընթացքում մանրամասն կներկայացեմ այլ փաստեր, ինչպես նաև այս գործով մեր հետագա անելիքները։
Նկարում՝ մի փոքր հատված քննարկվող որոշումից»: