«ՀՀ կառավարությունն իրեն զարմանալիորեն պասիվ է պահում այն վտանգավոր իրավիճակում, երբ Բաքուն դե ֆակտո ինքնուրույն է գծում սահմանը». Le Monde-ի անդրադարձը Շուռնուխին
Ֆրանսիական Le Monde պարբերականն անդրադարձել է ՀՀ սահմանային Շուռնուխ գյուղի բնակիչների ներկայիս կյանքին՝ ներկայացնելով նրանցից ոմանց մտավախությունները:
«Ահա արդեն երկու ամիս է, ինչ Ստեփան Մովսեսյանը ստիպված է ուշադիր լինել, թե ուր է ոտք դնում: Մեկ սխալ քայլ, և 72-ամյա գյուղացին կհայտնվի Ադրբեջանում: Համենայն դեպս, այդպես են պնդում ադրբեջանցի զինվորները: 2020 թվականի դեկտեմբերի 27-ին նրանք հայտնվել են գյուղում իրենց GPS-ով և կտրուկ հայտարարել, որ իրենց է պատկանում սահմանին տեղակայված տան կեսը, ինչպես նաև ճանապարհի մի կողմում գտնվող 11 տները»,- գրում է inosmi.ru-ն՝ ներկայացնելով ֆրանսիացի լրագրողի հոդվածը:
Մտահոգված ծերունու աչքերի առաջ զինվորները տեղադրել են «Գյուղ Շուռնուխ, Կուբաթլուի շրջան, Ադրբեջանի Հանրապետություն» գրությամբ ցուցանակը: Տարեց մարդու տան ննջասենյակն ու հյուրասենյակը մնացել են հայկական կողմում, սակայն գոմ նա այլևս մտնել չի կարողանա: «Ինչևիցե, նրա վիճակն այնքան վատ չէ, որքան իր հարևաններինը, որոնց ուղղակիորեն դուրս են արել իրենց տներից»,- նշում է հեղինակը,- «Բնակիչներին այն հանգամանքն էր ցնցել, որ Շուռնուխն ընդգրկված է Հայաստանի Սյունիքի մարզում և ոչ թե Կուբաթլուի (Սանասար) շրջանի, որն անցել է ադրբեջանական կողմին»:
Այժմ լեռան ստորոտին գտնվող գյուղում լարված իրավիճակ է: Ստեփան Մովսեսյանը ստիպված է հարմարվել նոր հարևաններին: Երբ նա դուրս է գալիս պատշգամբ, հայացքն ընկնում է դրոշների ու զինվորականների շարանի վրա. ադրբեջանցիները տեղակայվել են կիսաքանդ կառույցում, ռուս խաղաղապահները տեղակայվել են ճանապարհի մյուս կողմում, իսկ իր այգում այժմ օրուգիշեր երկու հայ սահմանապահներ են հերթապահում: «Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ինձ են հետևում»,- ծիծաղկոտ հայացքով ասում է տղամարդը:
«Նախկինում ադրբեջանցիները 120 կմ հեռավորության վրա էին գտնվում, իսկ հիմա գործանականում իմ տանն են», – նկատում է ծերունին: Նրան չի լքում հետևյալ միտքը. «Իսկ եթե նրանք կրակ բացե՞ն»: Սյունիքի մարզի այլ գյուղերում, որտեղ նույնպես ադրբեջանցի զինվորականներ են հայտնվել, նման միջադեպեր տեղի ունեցել են, որոնց մասին մանրամասնությամբ հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Զոհեր կամ վիրավորներ չկան, սակայն լարվածությունը զգալի է: Խաղաղ բնակիչների մոտակայքում բազմիցս նախազգուշական կրակոցներ են հնչել:
Սարսափահար բնակիչները վախենում են դուրս գալ տնից և անգամ հիվանդանոց գնալ, քանի որ դրա մի քանի կիլոմետր երկարությամբ տարածքը հայտնվել է Բաքվի վերահսկողության տակ: Ներքին Հանդ գյուղում կրակոցներ են հնչել դպրոցից 500 մետր հեռավորությամբ: «Զինվորներն օդ են կրակել, սակայն դա ոչինչ չի փոխում. շատ վտանգավոր է»,- հեղինակը մեջբերում է Թաթոյանի խոսքը:
«Ադրբեջանցիները գալիս և սահմաններ են գծում, ինչպես իրենք են հարկ համարում»,- ասում է Ստեփան Մովսեսյանը, ապա փնտրում և պահարանից հանում է հին խորհրդային քարտեզը,- «Ես այն անգիր գիտեմ: Ես դրա հետ աշխատել եմ 20 տարի, երբ անտառապահ եմ եղել: Դրա վրա պարզ երևում է, որ սահմանը Շուռնուխից հեռու է անցնում:
«Չնայած խնդրի մասշտաբներին՝ հայկական կառավարությունը իրեն զարմանալիորեն պասիվ է պահում այն վտանգավոր իրավիճակում, որ Բաքուն դե ֆակտո ինքնուրույն է գծում սահմանը: Իրավիճակն էլ ավելի է հարուցում հայերի դժգոհությունը, որոնք առանց այդ էլ կառավարությանն են մեղադրում պարտության համար»,- գրում է հոդվածագիրը: «Վարչապետը նույնիսկ չի եկել այստեղ, իսկ ադրբեջանցիները հայտարարում են. «սա մերն է», և ոչ ոք չի հակադարձում»,- նշում է Գորիսի փոխքաղաքապետը: Արտգործնախարար Արա Այվազյանն ասում է, որ հասկանում է մարդկանց, սակայն կոչ է անում համբերել: Ինչ էլ, որ լինի, պատերազմը չի ավարտվել, և Շուռնուխում հայ զինվորականներ չկան, միայն սահմանապահներ են: Բաքվի հետ համաձայնության գալը կարող է տարիներ տևել, սակայն արտաքին գործերի նախարարը մտահոգություն չի դրսևորում և լարվածության կանխման հարցում հույսը դնում է ռուս զինվորականների վրա:
Սակայն այժմ սեփական տներից դուրս հանված մարդիկ ստիպված են ժամանակավոր կացարան փնտրել: Արմեն Հարությունյանն այժմ բնակվում է հրապարակում՝ նախկին քաղաքապետարանի մոտ գտնվող կառույցում, որը քանդվել է առաջին Արցախյան պատերազմի ժամանակ: Փոքր սենյակը նրան ծառայում է որպես ննջասենյակ և հյուրասենյակ: Տղամարդը մինչ օրս չի կարողանում հասկանալ կատարվածը: «Ես 30 տարի կառուցել եմ իմ տունը: Ես այստեղ եմ եկել 1990 թվականին՝ մասնակցելու պատերազմին: Մենք հաղթեցինք, և ես մնացի, քանի որ դա մեր հաղթանակի խորհրդանիշն էր: Սակայն մի օր առավոտյան ադրբեջանցի և ռուս գեներալները ինձ հայտնեցին. «Դուք պետք է հեռանաք մինչև ժամը 17:00-ն»,- պատմում է բնակիչը:
Մի քանի ժամում նա կորցրել է ամեն ինչ. նա այլևս չի կարող ո՛չ տուն մտնել, ո՛չ էլ անտառ, որն իր եկամտի աղբյուրն էր: Կովերին նա տեղավորել է հարևանի տան տարածքում, սակայն վախենում է դրանց բաց թողնել, որպեսզի չգնան հին տեղը:Երբեմն Արմեը բարձրանումէ բլուրն ու հեռվից իր տանը նայում: «Ամեն անգամ աչքերս արցունքոտվում են»,-նշել է տղամարդը:
Ինչպես աղբյուրը նկատում է, բեմերից լսվող բոլոր ելույթները միևնույն ուղերձն են բերում. «Դուք պետք է մնաք այստեղ ապրելու»: Պահպանել հողը՝ հուսալով, որ մի օր այստեղից դուրս կմղվեն ադրբեջանցիները: Դրա համար սահամանմերձ բնակավայրերը կընդայնվեն: Շուռնուխում մինչև տարեվերջ պետք է նոր թաղամաս հայտնվի, որտեղ կտեղաբաշխեն նրանց, ովքեր զրկվել են տներից, ինչպես նաև արցախցիներին, այդ թվում և Մանյա Ավետիսյանին ու նրա հարսին՝ Մարիամին, որոնք փախել են մարտերից:
Մանյա Ավետիսյանը զրույցում պատմել է, որ ճանաչում է մի ընտանիքի, որի որդուն գլխատել են և նկարն ուղարկել մորը: Վերջինս սրտի կաթված է ստացել: «Ինչպե՞ս կարելի է դրանից հետո ապրել աշխարհում»,- նկատում է կինը՝ հայացք նետելով իր 8-ամյա թոռանը, որը խաղում է վառարանի մոտ: «Նա հաճախ է պատկերացնում, որ կրակում է հրացանից՝ ձեռքում փայտի կտոր պահելով: Ես հպարտանում եմ նրանով»,- նշում է կինը:
Բեմում երեխաները զինվորական համազգեստով պարում են «Սուսերով պարը»: Նրանց փայտե թրերը բախվում են օդում: Ամբոխում մի քանիսի աչքերին արցունքներ են երևում: Զրույցներում հիշատակում են 3500 զոհված զինվորներին, հազարավոր փախստականներին, ինչպես նաև 74 գերիներին, որոնք մինչ օրս գտնվում են Ադրբեջանում: Հենց նրանց մասին էր մտածում Ստեփան Մովսեսյանը, երբ լեռան վրա բարձրացվում էր հայկական դրոշը՝ ծափողջյունների ներքո: «Մենք նույնիսկ չգիտենք՝ արդյոք տանջո՞ւմ են նրանց կամ սովամահ անում: Իսկ մենք այստեղ տոնում ենք»,- զարմանում է տարեց տղամարդը: Նա որոշել է մնալ տանը: Բացի այդ, նա այսպես, թե այնպես ամեն օր դրոշներ է տեսնում իր պատշգամբից: