«Հունիսի 1-ին պետք է արտահերթ ընտրություններն ավարտված լինեն, ինչը նշանակում է, որ առաջիկա 10 օրվա մեջ խորհրդարանը պետք է ինքնալուծարվի». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախագահի հետ մարտի 13-ին ունեցած հանդիպումից հետո որևէ այլ քննարկման չի մասնակցել։

«Այդ հանդիպման վերաբերյալ կա մամուլի հաղորդագրություն, որը խոսում է այն մասին, որ ես ներկայացրել եմ այս իրավիճակից դուրս գալու մեր լուծումը և կարող եմ ասել, որ նախագահն այս մասով այդպես է տեսնում լուծումը, որ պետք է արտահերթ ընտրություններ լինեն։  Մյուս մասով դուք գիտեք, որ հանդիպում պետք է լինի վարչապետի ու ԲՀԿ խմբակցության ղեկավարի միջև, որից հետո ես պետք է ճշտեմ մյուս խմբակցության դիրքորոշումը, թե ինչ բանակցություններ են տեղի ունեցել, որից հետո չի բացառվում, որ կրկին հանդիպում լինի վարչապետի հետ»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չի քննարկվում, քանի որ այդ հարցն այլևս շրջանառությունից դուրս է եկել։

«Եթե պայմանավորվում ենք, որ ցրում ենք խորհրդարանը, ոչ մի թեկնածու էլ չենք առաջադրում։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա, բայց հաստատ չեմ կարող ասել՝ կոնսենսուս կա, որովհետև ես չեմ ուզենա, որ մենք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտեցումները որևէ ձևով քննարկման առարկա դարձնենք։ Այսինքն՝ հնարավորություն կա, որ խորհրդարանական ուժերի միջև լինի կոնսենսուս, ամեն դեպքում մենք հիմա ամեն ինչ անում ենք, ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի այդ կոնսենսուսը լինի»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

Ինչ վերաբերում է  արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների քննարկմանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ իր և իր կուսակցության համար ընտրությունների անցկացման ժամկետը հունիսի 1-ն է, այսինքն՝ այդ ժամանակ պետք է ընտրություններն արդեն ավարտված լինեն։

«Սա նշանակում է, որ առաջիկա 10 օրվա մեջ պետք է մեկնարկի խորհրդարանի ինքնալուծարման գործընթացը։ ժամկետները մեզ համար կարևոր են, մենք կունենանք համախոհություն, եթե մեր ասած ժամկետներում իրականացվի ընտրություններ։ Հունիսի 1-ից հետո մենք չենք կարող երաշխավորել, որ խորհրդարանում առաջադրումներ չեն լինի։ Չի բացառվում, որ արտահերթ ընտրությունների գնանք հին Ընտրական օրենսգրքով, մենք պատրաստ ենք հնով էլ մասնակցել, բայց վերջնական որոշում չունենք, թե որ օրենսգիրքն է ճիշտը»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև ընդգծեց, որ նախկինում ասում էր, որ իշխանությունները պատրվակ են փնտրում արտահերթ ընտրություններ չանցկացնելու համար, սակայն հիմա տեսնում է կամք արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։

Կխանգարի՞ ռազմական դրությունն արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետներին, Էդմոն Մարուքյանի խոսքով՝ չի խանգարի, քանի որ ռազմական դրությունը դետալ է, որն այդ ընթացքում պետք է հանվի։

Տեսանյութեր

Լրահոս