««Իմ քայլի» պատգամավորները շատ վտանգավոր մոլորության մեջ են, թե իրենց ամեն ինչ կարելի է». Գոռ Հովհաննիսյան

Նախորդ շաբաթ Ազգային ժողովի (ԱԺ) քառօրյայի 3 օրը նվիրված էր Վճռաբեկ դատարանի 2 թափուր անդամի ընտրությանը: Ներկայացված էին Արսեն Մկրտչյանի և Արմեն Հայկյանցի թեկնածությունները, որոնց ԱԺ-ում ներկայացնում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Երկու օր շարունակ իշխանական մեծամասնությունը, խախտելով պատգամավորական էթիկայի կանոնները և առհասարակ պաշտոնեական և մարդկային վարվելակերպի կանոնագրքի բոլոր գրված և չգրված օրենքները, Ռուբեն Վարդազարյանին տառացիորեն «բզկտում էր»՝ թեմայի հետ առնչություն չունեցող հարցը բոլոր վարիացիաներով տալով վերջինիս: Խոսքը ԲԴԽ նախագահի՝  նախորդ տարվա նոյեմբերի 15-ին կատարած հայտարարությանն էր վերաբերում, երբ վերջինս, դիմելով դատավորներին, նրանց կոչ էր արել իրենց աշխատանքով ապացուցել, որ իրենք «վնգստացող դատավորներ» չեն: Ի դեպ, նշենք, որ այդ բառապաշարով արտահայտության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: ԱԺ իշխանական մեծամասնությունը համարում էր, որ Ռուբեն Վարդազարյանը քաղաքական հայտարարություն է արել, ինչի հետ վերջինս, բնականաբար, համաձայն չէր:

Ի վերջո, դատավորների ընտրությունը հերթական անգամ ԱԺ մեծամասնությունը տապալեց՝ դա պայմանավորելով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրենց վերաբերմունքի դրսևորմամբ:

Թեմայի վերաբերյալ նաև  գերմանաբնակ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գոռ Հովհաննիսյանն էր տեսակետ հայտնել՝ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով.

«Ես կարծում եմ, որ ԲԴԽ-ն կարող է ու ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել Սահմանադրական դատարան ընդդեմ Ազգային ժողովի (ՀՀ Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 6-րդ կետ, 168-րդ հոդ․ 4-րդ կետ), քանի որ ԱԺ-ն արդեն որերորդ անգամ չարաշահում է դատավորներ ընտրելու իր լիազորությունը։ Թույլ տվեք, որ ձեր վեճերը ստանան քաղաքակիրթ լուծում։ Գործող Սահմանադրության կարևոր ձեռքբերումներից մեկը հենց ՍԴ-ին սահմանադրական մարմինների միջև վեճերի լուծման լիազորություն տալն է։ Թույլ տվեք, որ ձեր վեճերը վերջնական պարտադիր ուժով լուծեն դատարանները։

Դա օգուտ է բոլորին։ Ի վերջո, վերջնական պարզ կդառնա, թե որ մարմինն ինչ անելու իրավունք չունի։ Ու ի՞նչ իմաստ ունի ստեղծել դատարաններ, հսկայական ծախսեր անել նրանց վրա, բայց չօգտվել նրանց ծառայությունից։ Իմ տեղեկություններով՝ 2018-ից մինչև այսօր ՍԴ-ն սահմանադրական մարմինների միջև վեճերի վարույթով դեռ ոչ մի գործ չի քննել։ Սա աբսուրդ է։ ՍԴ-ն հիմա պիտի ուղղակի ճռռար դիմումների բեռից։

Հայաստանում հիմա ի՞նչն է շատ, իհարկե պետական մարմինների միջև վեճերը։ Բայց ոչ մի մարմին դատարան չի դիմում իր վեճը լուծելու համար։ Բացի դրանից, ԱԺ-ում նստածներն իրենց համարում են Աստծուն հավասար։ էդ մարդկանց ցած բերեք երկնքից, արթնացրեք իրենց անուրջներից։ ԱԺ-ն մյուսների նման պետական մարմին է, ունի իր լիազորությունները ու իրավունք չունի չարաշահելու դրանք։ Ու դա նրան կարող է բացատրել միայն ՍԴ-ն։ Ստիպեք ՍԴ-ին, որ էս ամենը բացատրի մեր անրջող պատգամավորներին»:

168.amԳոռ Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել նախ խնդրո առարկան, ապա ընթացակարգը և ՍԴ դիմելու նպատակը:

«ԲԴԽ-ն պիտի վիճարկի ԱԺ-ի կողմից ԲԴԽ-ի իրավունքների խախտումը: ԲԴԽ-ի լիազորությունն է ապահովել դատարանների համալրումը որակյալ դատավորներով, իսկ ԱԺ-ն դա թույլ չի տալիս, և թույլ չի տալիս՝ չարաշահելով դատավոր ընտրելու իր լիազորությունը»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ եթե դատավոր ընտրելը ԱԺ-ի լիազորությունն է, դա դեռ չի նշանակում, թե ԱԺ-ը լրիվ ազատորեն ում ուզի՝ կընտրի, ում չէ՝ չէ:

«Չի կարող այնպես լինել, որ որևէ պետական մարմնի լիազորություն առհասարակ որևէ սահման չունենա: Ցանկացած լիազորություն պետք է իրականացվի Սահմանադրությանն ու օրենքին համապատասխան՝ այդ լիազորության նպատակի լույսի ներքո: Ինչքան էլ որ Սահմանադրությունը հայեցողական լիազորություն է տալիս, ցանկացած հայեցողություն ունի իր սահմանները»,- նշեց իրավագիտության դոկտորը:

Հարցին, թե կա՞ արդյոք ՍԴ-ում նման նախադեպ, նա պատասխանեց՝ սահմանադրական մարմինների միջև վեճերի վարույթով ՍԴ-ն դեռ ոչ մի գործ չի քննել ու որոշում չի ընդունել։ Իր տեղեկություններով՝ մի դիմում կա, որը վարույթ է ընդունվել, բայց դեռ որոշում չկա:

«ՍԴ-ն պիտի կոնկրետ գործով որոշի, թե արդյո՞ք պատախանող կողմը խախտել կամ վտանգել է դիմումատուի իրավունքները, կոնկրետ դեպքում՝ ԱԺ-ն՝ ԲԴԽ-ի իրավունքները: Ու եթե ԲԴԽ-ն դիմի ՍԴ, ՍԴ-ն պիտի որոշում կայացնի այն մասին, որ կոնկրետ դեպքում Վճռաբեկ դատարանի դատավորների երկու թեկնածուներին մերժելով՝ ԱԺ-ն թույլ է տվել հայեցողական սխալ, և նրա որոշումը հակասահմանադրական է ու խախտում է ԲԴԽ-ի իրավունքները: Կոնկրետ դեպքում, իմ գնահատմամբ՝ ԱԺ-ն թույլ է տվել «հայեցողության չարաշահում» հայեցողական սխալը, քանի որ իր որոշումն ընդունել է գործի հետ կապ չունեցող նկատառումներով»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

Իրավունքի պրոֆեսորը հիշեցրեց, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ իրենք թեկնածուների դեմ ոչինչ չունեն. իրենց որոշման պատճառը ԲԴԽ նախագահի՝ ամիսներ առաջ արած հայտարարությունն է:

«Իսկ դա ոչ մի կապ չունի Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու լիազորության հետ: Իմ կարծիքով՝ ԱԺ-ն թույլ է տվել հայեցողության չարաշահում, ուստի նրա որոշումը հակասահմանադրական է»,- նկատեց Գոռ Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ «Իմ քայլի» պատգամավորները շատ վտանգավոր մոլորության մեջ են, թե իրենց ամեն ինչ կարելի է:

«Օրինակ՝ իրենք իրավունք չունեն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու նիստում, ինչ մտքներով անցնի՝ հարցնեն: Իրենք պիտի մնան նիստի նպատակի շրջանակում: Ինչի՞ համար է հրավիրվել այդ նիստը: Հարցերը պետք է անմիջական առարկայական կապի մեջ լինեն քննարկվող հարցի հետ, բայց պատգամավորների կարծիքով՝ ոչ ոք չի կարող իրենց սահմանափակել, թե իրենք ինչ հարցեր տան: Սա մոլորություն է, քանի որ հարցն ինքը կարող է լինել անթույլատրելի, ուստի գոյություն չունի անթույլատրելի հարցին պատասխանելու պարտականություն»,- նշեց Գոռ Հովհաննիսյանը:

Նա հավելեց նաև, որ որոշակի իրավիճակներում անթույլատրելի հարցի դեպքում կարող է լինել նաև, այսպես կոչված, «ստելու իրավունք»:

«Եթե դու, չարաշահելով քո լիազորությունները, մարդուն տալիս ես ակնհայտ անթույլատրելի հարց, ապա այդ անթույլատրելի հարցի հասցեատերը կարող է ոչ միայն չպատասխանել քո հարցին, այլև, կախված հանգամանքներից, երբ լռելը նրա համար ոչ ձեռնտու տպավորություն կստեղծի, նա կարող է նաև ստել»,- ասաց իրավագիտության պրոֆեսորը:

Եզրափակելով՝ Գոռ Հովհաննիսյանն ասաց նաև, որ ԲԴԽ-ն ոչ մի պրոբլեմ չունի ապացույցների հարցում, քանի որ ամեն ինչ ձայնագրված է:

Երեկ խնդրի առնչությամբ իր տեսակետն էր արտահայտել նաև միջազգային և քրեական իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս