«Քաղաքական շահարկումներ են գնում, ինչը շատ ցավալի է». Արա Ղազարյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորների՝ տապալված ընտրության մասին

Նախորդ շաբաթ ազգային ժողովի (ԱԺ) քառօրյայի 3 օրը նվիրված էր Վճռաբեկ դատարանի 2 թափուր անդամի ընտրությանը: Ներկայացված էին Արսեն Մկրտչյանի և Արմեն Հայկյանցի թեկնածությունները: ԱԺ-ում նրանց ներկայացնում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Երկու օր շարունակ իշխանական մեծամասնությունը, խախտելով պատգամավորական էթիկայի կանոնները և առհասարակ պաշտոնեական և մարդկային վարվելակերպի կանոնագրքի բոլոր գրված և չգրված օրենքները, Ռուբեն Վարդազարյանին տառացիորեն «բզկտում էր»՝ թեմայի հետ առնչություն չունեցող հարցը բոլոր վարիացիաներով տալով վերջինիս:

Խոսքը ԲԴԽ նախագահի՝  նախորդ տարվա նոյեմբերի 15-ին կատարած հայտարարությանն էր վերաբերում, երբ վերջինս, դիմելով դատավորներին, նրանց կոչ էր արել իրենց աշխատանքով ապացուցել, որ իրենք «վնգստացող դատավորներ» չեն:

Հիշեցնենք, որ արտահայտության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:

Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցը 2 օր՝ Ռուբեն Վարդազարյանի ներկայությամբ, մեկ օր էլ՝ առանց նրա, պտտվում էր «Այսօր է վերջնական տրվելու ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ» նախադասության շուրջ:

ԱԺ իշխանական մեծամասնությունը համարում էր, որ Ռուբեն Վարդազարյանը քաղաքական հայտարարություն է արել, ինչի հետ վերջինս, բնականաբար, համաձայն չէր:

Ի վերջո, դատավորների ընտրությունը հերթական անգամ ԱԺ մեծամասնությունը տապալեց:

««Իմ քայլն» իր այս քայլով չի արտահայտում իր դիրքորոշումը թեկնածուների հանդեպ, խորին հարգանք ունենք թեկնածուների հանդեպ, սրանով մենք արձագանքում ենք պարոն Վարդազարյանի հայտարարությանը և նրա ծավալած գործունեությանը»,- իրենց չընտրությունն այսպես էր բացատրել  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից Արսեն Մկրտչյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր.

«Ես ցավում եմ, որ ընտրությունն օբյեկտիվ չափանիշերի հիման վրա չի կատարվում, այլ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշման արդյունքում: Բայց մենք պետք է հասկանանք, ես ինքս՝ նախապես թեկնածու ներկայանալով, հասկանում էի, որ գալիս եմ քաղաքական մարմին, և հասկանում էի, որ կարող է լինել ցանկացած որոշում: Իմ գնահատմամբ՝ ԱԺ-ն կայացնում է կադրային որոշում, և որոշում են՝ այս կամ այն անձին կարող են ներկայացնել Վճռաբեկ դատարան»:

Թեմային անդրադարձել էր նաև գերմանաբնակ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գոռ Հովհաննիսյանը:

«Ես կարծում եմ, որ ԲԴԽ-ն կարող է ու ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Ազգային ժողովի (ՀՀ Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 6-րդ կետ, 168-րդ հոդ․ 4-րդ կետ), քանի որ ԱԺ-ն արդեն որերորդ անգամ չարաշահում է դատավորներ ընտրելու իր լիազորությունը։ Թույլ տվեք, որ ձեր վեճերը ստանան քաղաքակիրթ լուծում։ Գործող Սահմանադրության կարևոր ձեռքբերումներից մեկը հենց ՍԴ-ին սահմանադրական մարմինների միջև վեճերի լուծման լիազորություն տալն է։ Թույլ տվեք, որ ձեր վեճերը վերջնական պարտադիր ուժով լուծեն դատարանները։ Դա օգուտ է բոլորին։ Ի վերջո, վերջնական պարզ կդառնա, թե որ մարմինն ինչ անելու իրավունք չունի։ Ու ի՞նչ իմաստ ունի ստեղծել դատարաններ, հսկայական ծախսեր անել նրանց վրա, բայց չօգտվել նրանց ծառայությունից։ Իմ տեղեկություններով՝ 2018-ից մինչև այսօր ՍԴ-ն սահմանադրական մարմինների միջև վեճերի վարույթով դեռ ոչ մի գործ չի քննել։ Սա աբսուրդ է։ ՍԴ-ն հիմա պիտի ուղղակի ճռռար դիմումների բեռից։ Հայաստանում հիմա ի՞նչն է շատ, իհարկե, պետական մարմինների միջև վեճերը։ Բայց ոչ մի մարմին դատարան չի դիմում իր վեճը լուծելու համար։

Բացի դրանից, ԱԺ-ում նստածներն իրենց համարում են Աստծուն հավասար։ Էդ մարդկանց ցած բերեք երկնքից, արթնացրեք իրենց անուրջներից։ ԱԺ-ն մյուսների նման պետական մարմին է, ունի իր լիազորություններն ու իրավունք չունի չարաշահելու դրանք։ Ու դա նրան կարող է բացատրել միայն ՍԴ-ն։ Ստիպեք ՍԴ-ին, որ էս ամենը բացատրի մեր անրջող պատգամավորներին»,- գրել էր նա:

168.am-ի հետ զրույցում քրեական և միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորների տապալված ընտրությանն ու Գոռ Հովհաննիսյանի դիտարկումներին, ասաց, որ ընդհանրապես երևույթն ինքնին արատավոր է, որովհետև չընտրելը կարծես թե պայմանավորեցին Ռուբեն Վարդազարյանին պատժելու նախապայմանով, մինչդեռ չընտրելն այլ պայմանների պետք է համապատասխանի:

«Բացեիբաց հայտարարեցին՝ քանի որ Վարդազարյանը կատարել է քաղաքական հայտարարություն, մենք իր բերած թեկնածուներին չենք ընտրելու: Այսպես ստացվում է՝ ընդհանրապես որևէ թեկնածուի չեն ընտրելու: Սա ոչ օբյեկտիվ պատճառ է, հետևաբար՝ խախտվում է իշխանությունների թևերի միջև հավասարակշռությունը, իշխանությունների բաժանման սկզբունքը: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելուն, ապա դրա համար օրենքով սահմանված հիմքեր պետք է լինեն»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ այդ հիմքերը նախատեսված են նախ՝ Սահմանադրությամբ, ապա՝ «ՍԴ մասին» օրենքով:

Նրա խոսքով՝ ըստ երևույթին վիճարկելի է կամ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, կամ «Դատական օրենսգրքի» որևէ հոդվածի սահմանադրականության հարցը:

«Բայց ՍԴ դիմելիս դու պետք է մշակես կոնկրետ քո թեզը, քո ձևակերպումը, այսինքն՝ ինչո՞ւ ես գտնում, որ տվյալ նորմը հակասում է Սահմանադրության կոնկրետ հոդվածի, օրինակ՝ իշխանությունների տարանջատման սկզբունք և այլն»,- ասաց իրավունքի մասնագետը:

Նա նշեց, որ նույնը վերաբերում է նաև նախագահին, ու երբ վերջինս ասում է՝ դիմելու է ՍԴ՝ «Զինապարտության մասին» օրենքի մասով, չի ասում, թե կոնկրետ ի՞նչն է վիճարկում, ի՞նչ թեզ է մշակել:

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդազարյանի դեպքին, Արա Ղազարյանի խոսքով՝ նախ և առաջ այդտեղ առաջ է գալիս պատգամավորական էթիկայի հարցը՝ հաշվի առնելով կոնկրետ պատգամավորի՝ Վաղարշակ Հակոբյանի վարքագիծը կամ ԱԺ-ում նրա հայտարարությունները:

«Հաջորդը պետք է դիտարկել ոչ օբյեկտիվ հիմքերով թեկնածուներին մերժելու հարցը, որը նախ օրենքով սահմանված չէ, չի բխում ԱԺ գործառույթներից: Կրկնում եմ, կիրառվել է քողարկված պատիժ՝ քանի որ Վարդազարյանն իրեն վատ պահեց, մենք ձեզ պատժում ենք: Դա մեզ պետք չէ, այլ իրենց՝ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց նեղ անձնական շահերն են սպասարկում: Ինձ՝ որպես քաղաքացու, պետք չէ, որ Վճռաբեկ դատարանում տևական ժամանակով դատավորներ չընտրվեն, այն էլ այնպիսի թեկնածու, ինչպիսին Արսեն Մկրտչյանն է, ով եղել է 2005-2010թթ. ռեֆորմների առանցքում, իսկ նման ուժգնության ռեֆորմներ երբեք Հայաստանում չեն անցկացվել: Այսինքն՝ որպես թեկնածու՝ նա գերազանց թեկնածու էր: Մյուս թեկնածուին չեմ ճանաչում»,- նկատեց Արա Ղազարյանը:

Վերջինս կարծում է, թե առանձին քննարկման հարց է, թե առհասարակ ի՞նչ կապ ուներ Արսեն Մկրտչյանը Ռուբեն Վարդազարյանի հետ:

«Քաղաքական շահարկումներ են գնում, ինչը շատ ցավալի է»,- ասաց Արա Ղազարյանը:

Հարցին՝ այս իրավիճակը որևէ օրենսդրական լուծում կարո՞ղ է ունենալ, Արա Ղազարյանն ասաց, որ, եթե քաղաքական որոշում է կայացվում, դրա դիմաց օրենքն անուժ է:

«Բայց քաղաքական որոշումներն էլ պետք է օրենքից բխեն, որովհետև մենք հայտարարել ենք օրենքի գերակայության երկիր: Իհարկե, բոլորս գիտենք, որ քաղաքական մարմինները քաղաքական որոշումներ են կայացնում, բայց դա պետք է օրենքով սահմանված լինի: Իսկ նպատակները, օբյեկտիվ հիմքերը նույնպես օրենքով սահմանված են: Հետևաբար՝ օրենքի որևէ ձևակերպման տակ հնարավոր չէ անցկացնել այն ձևակերպումը, որն ԱԺ-ն տվեց թեկնածուներին չընտրելու համար: Ի վերջո, նրանք Ռուբեն Վարդազարյանի դեմ կարող էին հարուցել նաև կարգապահական վարույթ: Սա բացահայտում է իրական նպատակը, իսկ իրական նպատակը քաղաքական դեմարշ անելն էր, այլ ոչ թե՝ հարցի լուծում կառուցողական եղանակով»,- նշեց իրավունքի մասնագետը:

Արա Ղազարյանը հիշեցրեց նույն Վաղարշակ Հակոբյանի պահվածքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ ԱԺ-ում տարեկան զեկույցի ժամանակ՝ նկատելով, որ այդ ժամանակ պատգամավորը տեղում ստացավ իր վարքագծի պատասխանը:

«Արման Թաթոյանի կարգավիճակն այլ է, բացի դրանից, եթե ՄԻՊ-ը նույնիսկ հաշվետու է ԱԺ-ին, ԲԴԽ նախագահը հաշվետու չէ: Բայց պետք է նշեմ, որ Ռուբեն Վարդազարյանն իրեն կոռեկտ պահեց ստեղծված իրավիճակում»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ հետևանք կարող է և պետք է ունենա նման վարքագիծը պատգամավորի համար, Արա Ղազարյանն ասաց, որ Վաղարշակ Հակոբյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, և եթե անգամ պրոցես սկսվի, այն կկարճվի, քանի որ անձեռնմխելիության հարցը սովորաբար նեղ է մեկնաբանվում, որպեսզի պատգամավորը չկորցնի իր ազատությունը:

«Մենք պետք է ընդունենք, որ պատգամավորների՝ քաղաքական խոսքում չափազանցությունների կիրառումը մտնում է խոսքի ազատության մեջ, բայց այստեղ նաև դատական իշխանության անկախության հարցն է դրված: Ես դա համարում եմ ոտնձգություն դատական իշխանության նկատմամբ: Այս պարագայում պատգամավորին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության, որովհետև քրեական պատասխանատվությունը կարող է պատգամավորների քաղաքական խոսքը սահմանափակել»,- ասաց Արա Ղազարյանը՝ ընդգծելով պատգամավորի անկաշկանդության կարևորությունը:

Արա Ղազարյանը կարևորեց պատգամավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդիրը՝ նշելով, որ այդ կերպ ավելի շուտ է հնարավոր հասնել ընդհանուր քաղաքական և էթիկական բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

«Բայց լավ կլիներ այդ երիտասարդին, ի վերջո, հասկացնել, որ ինքը հաշվետու է ժողովրդի առաջ, իսկ ժողովրդին նման վարքագիծը դուր չի գալիս: Գուցե ինքը հակառակ կարծիքն ունի, բայց դա այդպես չէ»,- եզրափակեց Արա Ղազարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս