Գնաճը ահագնանում է. Նիկոլ Փաշինյանն այլևս արհամարհում է գնաճն էլ, սպառողին էլ

Մինչ կառավարությունը ձեռքեր լվացել, մի կողմ է քաշվել՝ հասարակությանը թողնելով իր հոգսերի հետ, գնաճը Հայաստանում գնալով ահագնանում է։ Այն ընդհուպ մոտեցել է նախատեսված թիրախի վերին սահմանին, իսկ սննդամթերքի դեպքում նույնիսկ անցել է այդ սահմանը։

Պաշտոնական տվյալներով՝ 12-ամսյա հատվածում գնաճը փետրվարին կազմել է 5,3 տոկոս։ Սննդամթերքի շուկայում այն հասել է 7,8 տոկոսի։ Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գնաճը մոտենում է 9 տոկոսի։

Թանկանում են ոչ միայն՝ պարենային, այլև՝ ոչ պարենային ապրանքները։ Հագուստի և կոշիկի գնաճը 5,2 տոկոս է։ Տրանսպորտի գնաճը հասել է 7,2 տոկոսի։

Առողջապահության ոլորտում, պաշտոնական տվյալներով, գները բարձրացել են 5,6 տոկոսով։ Կենցաղային ապրանքների ու տեխնիկայի գնաճը մոտեցել է 7 տոկոսի սահմանին։

Թանկացումները համատարած են ու բավական ակտիվ։ Բայց դրանց դեմն առնելու իշխանությունների քայլերը տեսանելի չեն։ Տեսանելի չեն, որովհետև իրականում այդպիսի քայլեր չեն էլ կատարվում։

Ժողովրդի հոգսերը թեթևացնելու խոստումներով իշխանության եկած քաղաքական թիմը վաղուց արդեն մոռացել է ժողովրդի մասին մտածել։ Հիմա արդեն նրա համար կարևորը ոչ թե ժողովուրդն է, այլ իր իշխանությունը։ Հիմա արդեն թանկացումները միանգամայն արդարացված են, և սպառողները պարտավոր են լուռ ու մունջ կրել գնաճի ծանրությունը։ Ոչինչ, որ մարդիկ ամեն օր առերեսվում են իրենց սոցիալական վիճակի վատացման և աղքատության խորացման փաստի հետ։

Գնաճը գուցե այնքան սարսափելի չլիներ, եթե դա ուղեկցվեր հասարակության եկամուտների ավելացմամբ։ Սակայն եկամուտների ավելացման մասին խոսք չկա։ Ընդհակառակը, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, գնաճը Հայաստանում ուղեկցվում է եկամուտների նվազումով։

Նվազել են, մասնավորապես, աշխատավարձերի տեսքով ստացվող եկամուտները։

Հունվարին Հայաստանում միջին աշխատավարձի անկում է գրանցվել, այն էլ՝ բավական շոշափելի՝ 3,8 տոկոսով։ Մասնավոր հատվածում կրճատումն ավելի մեծ է եղել. միջին աշխատավարձը նվազել է 5,4 տոկոսով։

Այս երևույթն ուղեկցվել է բարձր գնաճով։ Թե դա ինչպիսի ազդեցություն է ունեցել մարդկանց կենսամակարդակի վրա, յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է ասել։

Թանկացումների շղթան բավական ընդգրկուն է՝ սկսած սննդամթերքից, վերջացրած ոչ պարենային ապրանքներով ու ծառայություններով։

Գնաճի ակտիվացումը Հայաստանում նոր չի սկսվել։ Այդպես է դեռևս անցած տարվա վերջից։ Այսօր էլ գնաճը շարունակում է պահպանվել ու գրոհել ապրանքային շուկաները։

Սկսենք սննդամթերքից. յուղերը և ճարպերն այս տարվա փետրվարին շուրջ 20 տոկոսով ավելի թանկ են եղել, քան անցած տարի էին։

20 տոկոսը, անշուշտ, լուրջ գնաճ է, բայց դա չէ այդ խմբում ընդգրկված ապրանքների թանկացման ամբողջ հմայքը։ Թանկացումների ամբողջ հմայքը երևում է առանձին ապրանքատեսակների դեպքում։

Որպես օրինակ՝ մատնանշենք արևածաղկի բուսական յուղը, որը հանդիսանում է լայն սպառման առաջին անհրաժեշտության շատ հայտնի ապրանքներից մեկը։ Վերջին 1 տարվա ընթացքում արևածաղկի ձեթը թանկացել է ավելի քան 50 տոկոսով։

Հիմա սա համեմատեք պաշտոնական գնաճի հետ։ Հիշեցնենք, որ պաշտոնական գնաճը կազմել է 5,3 տոկոս։

Արևածաղկի ձեթի գնաճը շուրջ 10 անգամ ավելի բարձր է պաշտոնական գնաճից։

Երբ ասում ենք, որ լայն սպառման ապրանքների դեպքում ունենք շատ ավելի կտրուկ թանկացումներ, քան միջին գնաճն է, հենց սա նկատի ունենք։ Այսպիսի պարագայում ոչ մի նշանակություն չունի, թե ինչպիսին կլինի միջին գնաճը։

Հատկապես որ, կտրուկ գնաճ արձանագրած ապրանքների շրջանակը եզակի չէ։

Շաքարը և շաքարավազն անցած մեկ տարվա ընթացքում թանկացել են գրեթե 41 տոկոսով։

Ակտիվ գնաճային դրսևորումներ են տեղի ունեցել նաև հացամթերքի շուկայում։ Հացը և ալյուրը թանկացել են, համապատասխանաբար, 8,4 և 13,3 տոկոսով։

Շատերին զարմանալի կթվա, թե ինչպես կարող է ալյուրն ավելի շատ թանկանալ, քան հացը։ Պարզվում է՝ կարող է։ Ուղղակի ալյուրի թանկացման մի մասը, ինչպես սովորաբար լինում է, կոմպենսացվել է հացի քաշի նվազման հաշվին։

Դրանով հանդերձ, ունենք բավական բարձր գնաճ։ Այն էլ այնպիսի ապրանքատեսակի դեպքում, որը մեծ կշիռ ունի մարդկանց սպառողական զամբյուղում։

Ալկոհոլային խմիչքները, որոնք վերջին տարիներին անընդհատ թանկանում են, այս տարի ևս շարունակել են թանկանալ։ Միայն փետրվարին գնաճն այս շուկայում կազմել է 2,4 տոկոս, իսկ տարվա կտրվածքով արձանագրվել է շուրջ 9 տոկոս թանկացում։ Ծխախոտի գնաճը 1 տարում անցնում է 8 տոկոսից։

Կաթնամթերքը, պանիրը և ձուն, որոնք միավորված են մի ապրանքային խմբում, թանկացել են ավելի քան 13 տոկոսով։ Բայց դրանցից առավել տպավորիչ է ձվի գնային թռիչքը՝ մեկ տարում՝ 52,5 տոկոս։

Այս տարի անհամեմատ ավելի թանկ են նաև բանջարեղենն ու մրգերը։ Բանջարեղենի միջին գնաճը գերազանցում է՝ 13, մրգերինը՝ 8 տոկոսը։

Թանկացումների պատճառները, անշուշտ, տարբեր են։ Բայց հիմնական գործոններից մեկը եղել և մնում է ազգային արժույթի արժեզրկումը։

Հետպատերազմյան շրջանում դրամը բավական կտրուկ արժեզրկվեց։ Մի բան, ինչը հանգեցրեց ներմուծվող ապրանքների գների բարձրացման։ Իշխանություններն այդպես էլ ոչինչ չարեցին դրամի թուլացման ազդեցությունը հասարակության, այդ թվում՝ սոցիալապես անապահով հատվածի վրա չեզոքացնելու կամ նվազագույնի հասցնելու համար։ Այսօր սպառողները կրում են թանկացումների ազդեցությունը, իսկ իշխանությունը դա այլևս չի էլ նկատում։ Կամ նկատում է, բայց արհամարհում է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս