Պետական ապարատը բան ու գործ թողած՝ ընկած է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների հետևից   

Պետական կառավարման ամբողջ համակարգը, բան ու գործ թողած՝ ընկած է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների հետևից։ Կարծես այս երկրում ուրիշ անելիք չկա. միակ անելիքը մնացել է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին մարդաքանակ ապահովելը։

Երկիրը կոլապսի մեջ է, ու փոխարենը մտածեն, թե ինչպես անեն այդ վիճակից դուրս գալու, ժողովրդի հոգսերը մի քիչ թեթևացնելու, կուտակված հազար ու մի խնդիրները լուծելու մասին, պետական ամբողջ ապարատը լծել են Նիկոլ Փաշինյանի ամբիցիաների բավարարմանը։

Ներքաղաքական լարվածությունը Հայաստանում հասել է գագաթնակետին։ Լուրջ սպառնալիքներ են կախված երկրի գլխին։ Բայց ո՞վ է մտածում դրա մասին։ Իշխանության միակ մտահոգությունը սեփական իշխանության պահպանումն է։ Թե ինչի՞ գնով, նրան չի էլ հետաքրքրում։ Լարվածությունը թուլացնելու փոխարեն՝ իշխանություններն անընդհատ լարվածության նոր օջախներ են ստեղծում։

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ դուրս գալ ընդդիմադիր քաղաքական գործչի կաղապարից։ Երեք տարի լինելով իշխանության ղեկին՝ նա շարունակեց մնալ՝ որպես պետական մտածողությունից զուրկ ընդդիմադիր գործիչ, ով ամեն ինչից շատ գնահատում է միայն իշխանությունը ու պատրաստ է ամեն գնով պայքարել՝ այն պահպանելու համար։

Այդ մոլուցքն արդեն անդառնալի հետևանքներ է ունեցել։ Սակայն անգամ դա բավարար չէ կանգ առնելու համար։

Իր իշխանության 3 տարում Նիկոլ Փաշինյանն այնքան վնաս է հասցրել երկրին, որ նախկին «թալանչի» իշխանությունների արածները միասին վերցրած՝ մանկական խաղ են դրա դիմաց։ Երկիրը ներքաշել են ահավոր արհավիրքի մեջ։ Միայն ղարաբաղյան պատերազմի ու համավարակի հետևանքով մարդկային կորուստները հասնում են 9-10 հազարի։

Իսկ նրա՞նք, ովքեր զրկվել են իրենց նորմալ կենսագործունեությունը շարունակելու հնարավորությունից։

Մարդկային կորուստները, բնականաբար, անհնարին է համեմատել որևէ բանի հետ։ Բայց կորուստները միայն մարդկային չեն։

Երեք տարի պետք եղավ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ երկրի անվտանգության բոլոր համակարգերը հողին հավասարեցնելու համար։ Երեք տարի պետք եղավ՝ բանակի հեղինակությունը ոտնատակ տալու ու բանակը կազմաքանդելու համար։ Երեք տարի պետք եկավ հաղթողից՝ պարտված բանակ կերտելու համար։

Իշխանությունների ձախողումներն ամենուրեք են։ Եթե նույնիսկ շատ ցանկանաս, դժվար է գտնել որևէ ոլորտ, որտեղ ձեռքբերումներ ունենք։ Ձեռքբերումներ չունենք, իսկ կորուստներ՝ ինչքան ուզեք և որտեղ ուզեք։

Տնտեսությունը կաթվածահար վիճակում է։ Նախորդ տարվա խորը անկումից հետո, այս տարին ևս անկումով է մեկնարկել։ Այլ բան, թերևս, դժվար էր սպասել։ Ի՞նչ է արել իշխանությունը, որ տնտեսությունը դուրս գա անկումից։ Ընդհակառակը՝ ամեն ինչ արել է, որպեսզի անկայունությունն ու լարվածությունը մեծացնեն տնտեսության ռիսկերը։ Այսպիսի պայմաններում ինչո՞ւ պիտի տնտեսություն զարգանա։ Այսպիսի պայմաններում տնտեսությունը ոչ թե զարգանում է, այլ թերզարգանում։ Այն, ինչ տեսնում ենք և առաջիկայում շարունակելու ենք տեսնել։

Սպասում էինք, որ Նիկոլ Փաշինյանը հրաշքներ է գործելու։ Ո՞ւր են այդ հրաշքները։

Հրաշքների հույսով Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած մեր տասնյակ-հազարավոր քաղաքացիներն այսօր մի այլ ակտիվությամբ են հեռանում Հայաստանից։ Երկիրը դատարկվում է, իսկ իշխանություններին դա կարծես չի էլ վերաբերում։ Նրանք հրճվում են, որ Ռուսաստանի հետ սահմանը բացվել է ու մարդիկ կարող են դուրս գալ։ Մարդիկ դուրս են գալիս՝ իրենց հետ տանելով նաև իրենց ընտանիքներին։

Արդեն հնչում են գնահատականներ, թե այս տարի քանի մարդ կարող է լքել Հայաստանը։ Խոսքն ընդհուպ 200-300 հազար մարդու մասին է։

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության բերած լավ օրից չէ, որ  մարդիկ գնում են։ Գնում են ոչ միայն՝ ապրուստ վաստակելու, այլև՝ անվտանգություն փնտրելու հույսով։

Ի՞նչ է արել այս իշխանությունը, որպեսզի մարդիկ չգնան։ Որպեսզի մնան ու շենացնեն իրենց երկիրը։

Ոչ միայն ոչինչ չի արել, այլև եղածն էլ քանդուքարափ է արել։ Ու այդքանից հետո ուզում է էլի մնալ, ու այդքանից հետո շարունակում են ամուր կառչած պահել իշխանության աթոռները՝ դրա համար չխնայելով ոչինչ ու ոչ մեկին։

Ի՞նչ է տվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսքան տարի, որ այսուհետ է ուզում տալ։

Սա հարց է, որի պատասխանը պետք է այսօր իրեն տա Հայաստանի ամեն մի քաղաքացի և փորձի ստանալ նաև դրա պատասխանը։ Այդ պատասխանը, անշուշտ, հուսադրող չի կարող լինել։ Այն կարող է միայն հուսահատեցնել։

Երեք տարում իշխանությունը միայն քանդել է պետության հիմքերը՝ փոխարենը ոչինչ չի ավելացրել։ Զարմանում ես, որ այդքանից հետո մարդիկ դեռ հրաշքի են սպասում։ Ինչքան անցած 3 տարում հրաշք եղավ, այնքան էլ այսուհետ կլինի։

Իշխանության խնդիրն այսօր պետք է լինի ոչ թե՝ պետական ամբողջ ապարատի աշխատանքը կազմալուծելով՝ մարդկանց ստիպելով ու վախեցնելով տանել հանրահավաքի, այլ՝ գործով զբաղվել։ Այնպիսի տպավորություն է՝ կարծես երկրում այլ անելիք չկա։ Ո՞վ պետք է մտածի կուտակված բազմաթիվ ու բազմապիսի խնդիրները լուծելու մասին, եթե ոչ՝ իշխանությունը։

Թե՞ կարծում են, որ Ղարաբաղից հրաժարվելով՝ բոլոր հարցերն արդեն լուծել են։ Արդեն տնտեսության զարգացման համար խոչընդոտներ չկան, իսկ մարդիկ սկսել են վայելքների մեջ ապրել, աշխատելու ու իրենց օրվա հացը վաստակելու խնդիր չունեն։

Խնդիրներն այսօր Հայաստանում այնքան շատ են, որ իշխանությունը, ինչպես ասում են, քիթը սրբելու ժամանակ չպիտի ունենար։ Այնինչ՝ իշխանությունն այնքան ազատ ժամանակ ունի, որ կարող է իրեն թույլ տալ օր ու մեջ կամ շաբաթը մեկ հանրահավաք անել։

Հանրահավաք անելու փոխարեն՝ գործով զբաղվեք։ Իշխանության խնդիրը հանրահավաք անելը չէ։ Իշխանության խնդիրը գործ անելն է, երկրի ու ժողովրդի առաջ կանգնած լրջագույն մարտահրավերները հաղթահարելը, և ոչ թե՝ ավելի խորացնելը։

Այդպես էլ 3 տարում երկիրը չտեսավ Նիկոլ Փաշինյանի խոստացած բարեփոխումները։ Բարեփոխումներ, որոնք պիտի բարելավեին մարդկանց կյանքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս