Բաժիններ՝

ԿԳՄՍՆ-ում պաշտոններն ամիսներով թափուր են մնում

Լայն հանրությունը նախարարությունների գործունեության մասին տեղեկանում է միայն այն ժամանակ, երբ նշանակվում կամ ազատվում են նախարարները և փոխնախարարները։ Մնացած պաշտոնյաների նշանակման կամ ազատման, կառուցվածքային փոփոխությունների մասին քիչ է խոսվում։

Այս առումով ԿԳՄՍ նախարարությունը հետաքրքիր է, քանի որ շուրջ 2 տարի առաջ 5 ոլորտներ կառավարող 3 նախարարություններ միավորվեցին։

Միավորման հիմնավորումներից մեկն այն էր, որ այսուհետ մեծ լիազորություններ են ունենալու փոխնախարարները, քանի որ նախարարը չի կարող 5 ոլորտների մասնագետ լինել և դրանք կառավարել։ Բայց մի քանի ոլորտներ ամիսներով աշխատեցին առանց փոխնախարարի և վարչության պետի։ Օրինակ՝ շուրջ 1 տարի սպորտի գծով փոխնախարարի պաշտոնը թափուր էր։ Միայն վերջերս նշանակվեց սպորտի գծով փոխնախարար։

Շուրջ 5 ամիս նախարարությունը չուներ բարձրագույն կրթության և հետբուհական կրթության ոլորտը համակարգող փոխնախարար։ Նոր փոխնախարարը նշանակվեց 2 օր առաջ։ Ըստ նախարարության կայքի՝ դեռևս թափուր են սպորտի քաղաքականության վարչության պետի և տեղակալի պաշտոնները։ Թափուր է բարձրագույն կրթության և հետբուհական կրթության վարչության պետի պաշտոնը։

Ավելի քան 6 ամիս թափուր է նախարարության հանրակրթության վարչության պետի պաշտոնը։ Ի դեպ, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվել է նախարարության մարզառազմական և արտաուսումնական վարչությունը։ Արտադպրոցական կրթությունը միացվել է հանրակրթության վարչությանը, ինչը ճիշտ որոշում չէ։

Նախկինում գրել ենք, որ 5 ոլորտների միավորումը 1 նախարարության մեջ սխալ որոշում էր։ Բայց այդ որոշման դրական կողմերից մեկն այն էր, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների միավորումը մեկ նախարարության մեջ հնարավորություն կտա արտադպրոցական կրթությունը համակարգել 1 կենտրոնից։ Շուրջ 20 տարի առաջ Կրթության և գիտության նախարարության և Սպորտի նախարարության միջև մեծ վեճ ծագեց մարզադպրոցների շուրջ։

Մեծ թվով մարզադպրոցներ դուրս բերվեցին ԿԳ նախարարության ենթակայությունից և անցան Սպորտի նախարարության ենթակայության տակ։ Հիմա կարող էինք ունենալ արտադպրոցական կրթության վարչություն, որը կկառավարեր մարզադպրոցները, արվեստի դպրոցները և արտադպրոցական կրթություն իրականացնող մյուս հաստատությունները։ Հաստատված կառուցվածքի պարագայում արտադպրոցական կրթությունը մնալու է հանրակրթության ստվերում։

Մինչդեռ ժամանակակից աշխարհում արտադպրոցական կրթությունը շատ մեծ դեր ունի։ Այս ոլորտը շատ ավելի ճկուն է, դինամիկ։ Պատշաճ կառավարման դեպքում կարող է լրացնել այն բացերը, որոնք հանրակրթությունը չի կարողանում լուծել։ Արտադպրոցական կրթության ոլորտում հետաքրքիր զարգացումներ կան նաև մասնավոր ներդրումների արդյունքում (ԹՈՒՄՈ, Հայաստանի մանուկներ հիմնադրամ, Արմաթ և այլն)։

Այս ամենը պետք է մասնագիտորեն ուսումնասիրել, համակարգել, կառավարել, տարածել։ Բացի այդ, հաստատված կառուցվածքից երևում է, որ սպորտդպրոցների կառավարումն իրականացնելու է սպորտի քաղաքականության վարչությունը։ Այսինքն՝ արտադպրոցական կրթությունը հիմա էլ տրոհված է մնացել վարչությունների միջև։

Մյուս կարևոր ոլորտը, որը նորաստեղծ է, բայց դեռևս չի դարձել նախարարության առաջնահերթություններից մեկը, լրացուցիչ և շարունակական կրթությունն է։ Շուրջ 10 տարի առաջ նախարարությունում ստեղծվեց Լրացուցիչ և շարունակական կրթության բաժին։ Բայց այս բաժնի գործունեությունը մնաց ստվերում։ Ոլորտում աշխատող բազմաթիվ մարդիկ նույնիսկ տեղյակ էլ չէին նման բաժնի գոյության մասին։

Մինչդեռ լրացուցիչ և շարունակական կրթությունն ամենակարևոր ոլորտներից մեկն է, քանի որ կրթությունը չի ավարտվում համալսարանով, և մարդիկ պետք է կրթվեն ամբողջ կյանքի ընթացքում։ Նախարարության նոր կառուցվածքում այս բաժինը միավորվել է երիտասարդական քաղաքականության հետ և դարձել վարչություն։

Սա լավ լուծում է։ Բայց այս վարչությունում ևս ամիսներ շարունակ չկա վարչության պետ։ Ավելին, նախարարության կայքից պարզ է դառնում, որ բաժնի պետեր էլ չկան։ Առաջիկա շրջանում մեծ ուշադրություն է պետք դարձնել այս ոլորտի կայացմանը։ Կրթությունը ոչ թե պարզապես հաստատությունների գործունեություն է, այլ, նախևառաջ, միջավայր է։

Զարգացած լրացուցիչ և շարունակական կրթությունը կարող է փոխել մեր երկրի միջավայրը։ Բայց այստեղ լուրջ ներդրումներ են պետք։ Անհրաժեշտ է պրոակտիվ լինել, այլ ոչ թե սպասել, թե ինչ կառաջարկեն միջազգային, հասարակական, մասնավոր կազմակերպությունները։ Աշակերտները, ուսանողներն ուշադիր հետևում են մեծահասակների կրթությանը։

Երբ նրանք տեսնում են, որ մեծահասակները ներգրավված չեն լրացուցիչ և շարունակական կրթության մեջ, կամ անլուրջ են վերաբերվում, ապա դրանից տուժում է դպրոցական, համալսարանական կրթությունը։ Միայն սովորող մեծահասակներ ունեցող երկրները կարող են ունենալ լավ դպրոցներ ու համալսարաններ։

Այսպիսով, նախարարությունների միավորումից 2 տարի անց ունենք հետևյալ պատկերը։ Այն ժամանակվա ղեկավար կազմից մնացել է մեկ բարձրաստիճան ղեկավար՝ մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանը։ Նախարարը և 5 փոխնախարարները փոխվել են։ Այն տեսակետը, որ միավորման արդյունքում ուժեղացնում ենք փոխնախարարների ինստիտուտը, դեռևս զգալի չէ։ Ավելին, ամիսներով փոխնախարարների պաշտոնները թափուր են մնացել։ Այս պահին թափուր են մի շարք առանցքային վարչությունների պետերի պաշտոնները։ Ժամանակը գնում է, իսկ թիմը դեռ չի ձևավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս