Որքան թույլ է Նիկոլը, այնքան ամուր է Սյունիքը

Սյունիքը չի լինի հանձնել այնպես, ինչպես հանձնվեց Արցախը։ Սյունիքի համար Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի սկսի։

Նախ, Ալիևի համար դժվար կլինի գտնել Սյունիքի վրա հարձակման casus belli, քանի որ Նիկոլը դեռ չի հայտարարել՝ «Սյունիքը Հայաստան է, և վերջ»։  Բայց ամենակարևորը՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանը համաձայն է ամեն ինչի, որքան էլ նա հրամայում է չկռվել, չվիճել ադրբեջանցիների հետ, որքան էլ նա անգործունակ է պահում Հայոց բանակը և անվտանգության մյուս կառույցները Սյունիքում, այնուամենայնիվ, այստեղ արդեն կան ռուսական զորքեր, և անկախ հայ-ռուսական անվտանգության պայմանագրից՝ ռուսական զորքն այստեղ կդիմագրավի հարձակվող ադրբեջանցիներին։ Եվ դա սյունեցիների սիրուն աչքերի համար չէ, այլ Ռուսաստանի ազգային շահերի։ Մոսկվան շատ լավ է հասկանում, որ, երբ կորցնի Սյունիքը, որոշ ժամանակ անց կկորցնի ողջ Հարավային Կովկասը՝ Ռուսաստանի «փափուկ փորատակը», ինչից հետո հերթը հասնելու է Հյուսիսային Կովկասին։

Դրա փոխարեն՝ ադրբեջանցիները Սյունիքում ոտ-ոտ են առաջ գալիս, մի օր մի արոտավայր են գրավում, մի օր՝ ճանապարհի մի հատված, մի օր՝ մի բարձունք, մի գերի են տանում, մի քանի ոչխար։ Այս փոքրիկ քայլերը դեռ չեն կարող բերել նրանց հանդեպ լայնածավալ դիմադրության։ Սյունիքը հանձնվում է այսպիսի սողացող էքսպանսիայի մեթոդով։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մինչև հիմա հայտնի չէ, թե հայկական որ ուժային կառույցն է, որ պատասխանատու է սյունեցիների անվտանգության համար։ Հիշում ենք, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մինչ հիմա պարզ չի, թե ով է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատուն, ու ուրեմն, պատահական չէ, որ Շուշին հանձնվեց։

Նույնն այժմ վերաբերում է Սյունիքին, երբ ադրբեջանցին «GPS» գոռալով առաջ է գալիս, ոչ ոք չգիտի, թե ով է նրան դիմակայելու՝ բանա՞կը, ԱԱԾ-ն, սահմանապահնե՞րը, ոստիկանությո՞ւնը, թե՞ արդեն ռուսների հետ պայմանավորվածություն կա, որ այլևս իրենք են պահելու Սյունիքը։ Ադրբեջանական զորքին առայժմ դիմագրավում են միայն կամավորների ջոկատները, գյուղացիները և գյուղապետերը (ի դեպ, առավել դիմադրող համայնքապետերին Նիկոլն ուզում է նստացնել)։ Առայժմ միայն հայտարարվել է, որ Սյունիքի վերաբերյալ տեղեկատվություն տալու էքսկլյուզիվը պատկանում է ԱԱԾ-ին, և Սյունիքի ճամփեքին գերի ընկնելու դեպքում պետք է զանգել ԱԱԾ։ Եթե այստեղից հետևություն անենք, որ ԱԱԾ-ն է սյունեցիների անվտանգության պատասխանատուն, ապա դա շատ տխուր հետևություն կլինի, քանի որ Գագիկ Սողոմոնյան ֆեյքի հետևից ընկնելով՝ քաղաքացիների պաշտպանից ԱԱԾ-ն դարձավ ծաղրի առարկա՝ մեկը լինի, Արմեն Աբազյանի հիմնարկին պաշտպանի։

Բայց կա մի հետաքրքիր օրինաչափություն․ երբ Երևանում Նիկոլի դեմ բողոքի ակցիաներ են ընթանում, ադրբեջանցիները սսկվում են։ Նրանց պետք է Նիկոլը, ավելին՝ նրանց պետք է, որքան հնարավոր է՝ ամուր Նիկոլ, և իրենք իրենց թույլ չեն տա ջուր լցնել Նիկոլի ընդդիմախոսների ջրաղացին։

Իրականում, կարծես թե պետք է լիներ հակառակը՝ երբ անվտանգության հազարավոր աշխատակիցներ Երևանում լծված են Նիկոլի անձնական անվտանգության գործին, առավել անպաշտպան է դառնում Սյունիքը, իսկ Նիկոլը երբեք չի թուլացնի իր անվտանգությունը, և դրա հաշվին ներքին զորքեր կամ այլ ուժեր ուղարկի Սյունիք։ Բացի կայուն Նիկոլ ունենալու ցանկությունից, թերևս, մի հանգամանք ևս կա․ երբ ադրբեջանցիները սկսեն առաջ գալ Նիկոլի հետ չպայմանավորված քայլերով, դա կարող է լցնել ռուսների համբերության բաժակը, և նրանք թուրքի դեմ հանեն իրենց ուժերը, ինչպես նաև, եթե Նիկոլն արդեն այս պարզ բաներից է սկսում գլուխ չհանել, կամա թե ակամա ռուսները կսատարեն Երևանում Նիկոլի հրաժարականը պահանջող ուժերին։

Այս ամենից կարելի է մի պարզ հետևություն անել․ եթե ուզում ենք անխախտ պահել Սյունիքի սահմանները, Երևանում պետք է շարունակել ճնշումները Նիկոլի հանդեպ։ Թուրքը վախենում է Նիկոլին կորցնելուց, նրա հաջողության գրավականն իմքայլական իշխանությունն է։ Նիկոլի իշխանության դեմ գործողությունները, Նիկոլին կորցնելու վախն այս փուլում միայն զսպում է թուրքին։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս