Իշխանության ինքնաօգնության խումբը

Հայաստանի գործող իշխանությունը գնալով ինքնաօգնության խմբի է նմանվում, որտեղ նույնատիպ խնդիրներ ունեցողները փորձում են ապաքինման և քաջալերման ռեսուրս գտնել։

– Բարև ձեզ, ես Նիկոլն եմ։
– Ողջունենք Նիկոլին, ծափեր։
– Ես պատերազմից մեկ օր առաջ սպառնում էի անհուսորեն ապակայունացնել Ադրբեջանի ներքին վիճակը, իսկ պատերազմի օրը բանաստեղծություն գրեցի. Ես պատռել եմ զոհի հին կտակը / Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում։
– Եկեք նորից ծափահարենք Նիկոլին, նա քաջություն ունեցավ միանալ մեզ ու խոսել իր խնդիրների մասին։

-Բարև Ձեզ, ես Մակունցն եմ։ Ես պատերազմից մի ամիս առաջ հայտարարում էի, որ Թուրքիան այս պատերազմին չի միջամտի։
– Ողջունենք Մակունից, ծափեր։ Նա անպայման կապաքինվի։

– Ես պատերազմի կեսերին նորից բանաստեղծություն գրեցի։
– Խմբում հերթով ենք խոսում։ Այստեղ բոլորն էլ ունեն խնդիրներ։

– Ողջույն. Ես Դավիթն եմ։ Ես պատերազմից առաջ ասում էի. նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Բայց ես հիմա ընդունում եմ իմ սխալը։
– Ծափահարենք Դավիթին՝ նա ընդունում է իր սխալը։ Իսկ դա ամենակարևոր քայլն է առողջացման ճանապարհին։
— Այո, ես առողջանում եմ։ Ես հիմա ուրախ եմ, որ այստեղ եմ՝ Նոր խումբ, Նոր ՏԱՐԱԾՆԵՐ…

– Բարև Ձեզ, հաղթելու ենք, մենք հաղթում ենք, մենք արդեն հաղթել ենք։
– Ողջունենք մեզ նոր միացողին։ Նա, ցավոք, հաղթանակից հետո իր անունը չի հիշում, ուրախությունից հիշողությունը կորցրել է։ Նա օրական 44 անգամ գոռում է «հաղթելու ենք»։

– Բարև ձեզ, ես Արարատն եմ, տանը՝ ԱղրըԴաղ են ասում, գործի տեղը՝ Օմեգա։ Ես պատերազմի օրերին հիշեցնում էի, թե ով է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, չշշկռվե´ք։

– Եկել է քաղաքացու վրեժի ժամանա´կը, վրեժի´ ժամանակը։

– Նորից ողջունենք Նիկոլին։ Խմբում բոլորը պարբերաբար պոռթկումներ ունենում են։ Հուսադրե´նք Նիկոլին։

– Ես պատերազմի ընթացքում 4 անգամ կարող էի պատերազմը դադարեցնել։ Ես հերո´ս եմ, ես դա չեմ արել, չեմ արել, որովհետև ես հերո´ս եմ։ Եվ եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ բուժված չե´նք համարելու։ Ի´նչ էլ որ լինի։

– Ողջունենք մեր հերոսին։

– Ես Վարազդատն եմ, բայց ես սրանց հետ արդեն կապ չունեմ։

– Ողջունե´նք Վարազդատին։ Նա բուժվել է չինական խոտաբույսերով։ Բայց միացել է մեզ՝ պատմելու իր փորձը։

– Ես պատերազմի օրերին հայտարարում էի, որ բոլորը մարտի դաշտից փախան, միայն Աշոտիկն էր կանգնել Սմերչի դիմաց, ու իր խրոխտ հայացքով զգետնում էր Բայրաքթարները։

– Ողջունե´նք Վարազդատին կրկին։ Նա չի վախենում հիշել իր հիվանդության օրերը։

– Չշշկռվե´ք, չշշկռվե´ք, մենք ունենք մեկ գերագույն գլխավոր։

– Բարև ձեզ, ես Անդրանիկն եմ։ Ես պարտվել եմ թե´ մարտի դաշտում (թեև այնտեղ երբեք չեմ եղել), թե´ բարոյապես, թե´ ֆիզիկապես, թե´ մենտալ, թե´ նանո, թե´ մակրո, թե´ … բոլոր առումներով։ Ներսից, դրսից, ներքևից, վերևից։

– Ծափահարենք Անդրանիկին և դուրս հրավիրենք խմբից…

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս