
«Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքները՝ Արցախի տարածքների մի մասի զավթումը, չեն կարող համարվել հակամարտության կարգավորում». Արա Այվազյան

ԱԺ-ում ընթանում է Տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։
Հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նիստի սկզբում ասաց, որ օրակարգում մեկ հարց է՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում:
«Հիշեցնեմ, որ մենք փակ ռեժիմով քննարկում ենք ունեցել պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 20-ին՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։ Այս ժամանակ արտգործնախարարը բացակայում էր, մասնակցում էր այն ժամանակվա ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այս հանդիպումը պայմանավորված էր նրանով, որ մեր երկրում հետպատերազմյան շրջանում ստեղծվել է նոր իրավիճակ, և նոր արտաքին մարտահրավերներ ունենք»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Միաժամանակ Միքայել Մելքումյանը շեշտեց, որ Հայաստանը հայտնվել է շատ բարդ վիճակում, սակայն կան առաջնային խնդիրներ, որոնք հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն։
Նա նաև տեղեկացրեց, որ նիստին հրավիրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին՝ քննարկելու տնտեսական հատվածին վերաբերող հարցեր։
Օրակարգի վերաբերյալ հիմնական զեկուցմամբ հանդես եկավ Արա Այվազյանը, որը գոհունակություն հայտնեց, որ նման քննարկումներ են ընթանում, քանի որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ։
«44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի և ազդեցությունների վերադասավորում։ Այդուհանդերձ կարելի է արձանագրել, որ վերջին շրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից, առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը։ Ակնհայտորեն ավելացել են Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում։ Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը։ Արցախի հարցի չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը։ Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում»,- նշեց Արա Այվազյանը։
Ըստ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի, Արցախի հարցի լուծումը կարող է լինել միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, միայն սա կարող է համարվել հակամարտության վերջակետը։
Նա ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստ է Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի վերսկսմանը, սակայն նախ և առաջ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, որի նախադրյալներն ադրբեջանական կողմից տեսանելի չեն։
«Սա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման խոչընդոտների հարուցմամբ։ Միևնույն ժամանակ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խումբն Արցախի հարցի կարգավորման միակ միաջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը»,- ընդգծեց Արա Այվազյանը։