Փաշինյանն ունի վախեր հատկապես ուժեղ մարդկանցից. հոգեբան
Հոգեբան Աննա Գալստյանը հոգեբանական վերլուծության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը՝ վերհանելով գրքի հեղինակի բարոյական նկարագիրը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով 2018 թվականի իշխանափոխությունից հետո հրատարակված գրքում հեղինակի կարևոր թեզերի մասին, Աննա Գալստյանը, որպես կարևոր արձանագրում՝ ընդգծեց, որ գրքում իր համար բացահայտել է այն, որ Փաշինյանն իրականություն է դարձրել այն, ինչի մասին մտածել է դեռևս 2008 թվականից։
«Ի զարմանս ինձ՝ այդ գրքում տեսա մի անձի, որի գործողությունների ու մտածածի արդյունքում է այն պատկերը, որը մենք հիմա ունենք։ Ես այդ գիրքը կարդացել եմ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ավարտից հետո, և ինձ համար տեսանելի էր, որ այդ մարդը, այն, ինչ մտածել է 2008 թվականին, իրականացրել է 2021 թվականին։ Այդ գրքում, օրինակ, հատված կա Արցախի մասին։ Այդ հատվածում Փաշինյանն ասում էր, որ մենք պետք է զիջենք փոքրը՝ մեծին, իսկ սա նշանակում է, որ Փաշինյանի մեջ զիջումը կար։ Եթե նախկին նախագահները խոսում էին, որ մենք պետք է զիջեինք՝ ստանալու դիմաց, ապա Փաշինյանի համար այդ ինչ-որ բան ստանալը երբեք կարևոր չի եղել։ Նա ստանալու մասին որևէ խոսք չի ասում գրքում։ Պատերազմի վերաբերյալ Փաշինյանի գաղափարները զոհի և պատերազմի վերաբերյալ արհամարհական են»,- ասաց հոգեբանը՝ նշելով, որ այդ արհամարհական վերաբերմունքի դրսևորումը Փաշինյանի վերաբերմունքն է գերիների նկատմամբ։
Ըստ Գալստյանի՝ Փաշինյանն ունի անձնական խանգարում. նրա մոտ առկա է հիստերոիդ խանգարում, իսկ խանգարման այդ տեսակն ունեցող մարդիկ իրենց և մյուսներին կարող են կործանել՝ ինչ-որ բաների համար, որոնք կարող են իրենց համար լինել սկզբունքային։
Այս ամենով հանդերձ՝ հոգեբանը պնդում է՝ Փաշինյանն ունի վախեր հատկապես ուժեղ մարդկանցից։ Ըստ նրա՝ այդ վախերը տեսանելի են գրքում և ունեն իրենց պատճառները՝ եկող ծանր մանկությունից։
Հոգեբանը նշեց, որ այս ամենով հանդերձ՝ Փաշինյանը դեռ կարողանում է գործընթացների վրա ունենալ ազդեցություններ։
«Այդ ամենով հանդերձ՝ միևնույն է, նա դեռ կարողանում է ազդեցություն ունենալ գործընթացների վրա։ Ես զարմանում եմ, որ Փաշինյանին անվանում են քաղաքական դիակ, չէ՞ որ դիակը չի կարող ներգործություն ունենալ, բայց մինչև հիմա ունի ազդեցություն։ Փաշինյանը դեռ քաղաքական դիակ չէ, նրա ելույթներն ալիք են փոխում, և նա կկարողանա գործընթացների վրա ազդեցություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի մեջ կան շերտեր, որոնք պաշտպանում են Փաշինյանին, թեև այն հատվածը, որը պաշտպանում է Փաշինյանին, պետությունը տանում է կործանման։ Ցավալիորեն այդ զանգվածը, որը դեռ պաշտպանում է նրան, ցույց է տալիս, որ տրավմա տարած մարդիկ զուրկ են ռացիոնալ մտածողությունից»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ հարցազրույցում