«Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը իմ ընկերներն են. նրանք չեն կարող ֆեյք օգտահաշվի կառավարողներ լինել և թիկունքում գրառումներ կատարել». Արթուր Վանեցյան
Ինչու ընդդիմությանը չի հաջողվում Նիկոլ Փաշինյանին հեռացնել:
Լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նշեց, որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, թե ինչու ընդդիմությունը չի հասնում առաջնային նպատակին՝ իշխանությունից Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:
Ըստ նրա, տրամաբանությունը հուշում էր, որ այսքան խեղված ճակատագրեր ունենալու և մեր հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոսի կորստի դեպքում, և նման խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած, 44 օր ժողովրդին խաբած, այսքան զոհերի պատճառ դարձած, այժմ էլ Հայաստանը մաս-մաս՝ Սյունիքի մարզում թշնամուն փոխանցող իշխանությունն ուղղակի չի կառչի իր աթոռից, չի պայքարի իշխանության համար, այլ ուղղակի հրաժարական կտա՝ ժողովրդին տալով հնարավորություն՝ ձևավորել նոր իշխանություն:
Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից երեկվա ձերբակալություններին, բերման ենթարկելու փորձերին, ԱԱԾ նախկին պետն ասաց, որ դա հերթական խայտառակությունն էր:
«Կարեն Բեքարյան, Արա Սաղաթելյան, երկուսն էլ իմ ընկերներն են, երկուսին էլ շատ լավ ճանաչում եմ: Այն, ինչի մեջ նրանք մեղադրվում են, ինչ հրապարակվել է, այդ մարդիկ ուղղակի չեն կարող լինել տվյալ ֆեյք օգտահաշվի կառավարողները: Բացի այդ, ամեն դեպքում այդ օգտահաշիվը, ինչպես տեսանք, դեռ շատ ակտիվ գործում է: Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը այն մարդիկ են, որ երբեք չեն թաքնվում որևէ մեկի թիկունքում ու գրառումներ անում»,- վստահեցրեց Վանեցյանը:
Այս համատեքստում Արթուր Վանեցյանն ասաց, որ ցավալի է իր համար խոսել ԱԱԾ-ի մասին, գիտի՝ ինչ մարդիկ, ինչ նվիրյալներ են աշխատում այնտեղ, սակայն ինչ-ինչ պատճառներով այսօր այդ կառույցում կա մարդկանց փոքր խումբ, որը կատարում է այս դավաճան իշխանության հրահանգները, ինչը, կարծում է, շատ արագ կվերջանա, և Ազգային անվտանգության ծառայությունը կզբաղվի անվտանգության խնդիրներով:
Հակադարձմանը՝ հրապարակում կա, որ Դուք էլ ֆեյքերի բանակ ունեք, Վանեցյանն ասաց, որ դրանք կեղծ պնդումներ են, և, որ ինքն իշխանական ֆեյքերի գլխավոր թիրախն է:
«Իմ նկարը, որ տեսնում են, տեքստը չեն կարդում, և եթե ասեմ՝ մեր ամենալավ, ամենաչքնաղ կառավարությունն է ՀՀ-ում, միևնույն է՝ ֆեյքերը մտնում են և իրենց հանձնարարությունը կատարում են»,- շեշտեց նա:
Պատերազմի վերաբերյալ Արթուր Վանեցյանն ասաց՝ պետք է հարուցվեն քրեական գործեր՝ ընթացքի և արդյունքների վերաբերյալ, պետք է տարվի բազմակողմանի քննություն: Հարցին էլ, թե ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ իրեն տեղեկություն է տրվել 5 մլրդ դոլարի վերաբերյալ, որը պետք է փոխանցեր Փաշինյանին, Արթուր Վանեցյանն ասաց. «ԱԱԾ տնօրեն աշխատելու ժամանակ ինձ հայտնի տեղեկությունները ես կոռեկտ չեմ համարում հրապարակայնացնել»: