Բաժիններ՝

Պատերազմն ի՞նչ կապ ունի վալերիանայի հետ. Սեփականատերը՝ դեղատներում դեղի բացակայության հնարավոր պատճառի մասին

Մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ կատվախոտի, նույնն է` վալերիանայի հաբը, որը հանրության շրջանում հայտնի է՝ որպես «սրտի դեղին հատիկներ», արդեն մի քանի ամիս է, ինչ հայաստանյան դեղատներում չկա։ Խոսքը բաց դեղին հատիկների մասին է, որոնք մշտապես ներկրվել են Բելառուսից։

Պարզվել է՝ պատերազմից հետո վալերիանայի հաբերը սպառվել են դեղատներում, և այժմ մի քանի դեղատուն վաճառքի ունի այդ «դեղին հատիկներից», այն էլ՝ ռուսական արտադրության և բավականին թանկ։

Դեղատներից մեկի սեփականատերը, ում անունն իր խնդրանքով չենք ներկայացնում, 168.am-ի հետ զրույցում խնդրի հետ կապված որոշ մանրամասներ ներկայացրեց՝ ասելով.

«Եթե որևէ տեղ մի ապրանք արտադրվի՝ հայերը չեն կարող դա չներկրել Հայաստան: Բելառուսում կարծես թե այս քանի ամիս է՝ մի փոքր խառն է վիճակը, և ամենայն հավանականությամբ գործարանը չի արտադրում կամ այլ խնդիր է, որովհետև Բելառուսից դեղորայք գալիս է, ուղղակի միայն «Վալերիանա էքստրան» չի գալիս, իսկ ռուսականը վաղուց արտադրվում էր, պարզապես սրա բացակայության փոխարեն՝ սա են բերում, որը կոչվում է «Валериана + Пустырник», դրա համար մի քիչ մուգ է:

Եվ հետո պատերազմն ի՞նչ կապ ունի վալերիանայի հետ: Եթե այդքան զորեղ դեղ լիներ՝ ամբողջ աշխարհը կառներ ու կպահեստավորեր: Էքստրակտ վալերիանան նյարդերը մի փոքր հանգստացնելու համար է: Ու այդ տեսանկյունից որ նայենք, ապա կատվախոտի ոգեթուրմը Բելառուսից է բերվում և ավելի շատ պետք է վաճառվեր, որը, ի դեպ, բոլոր դեղատներում կա»:

Ինչ վերաբերում է գնին, ապա,  մեր զրուցակցի փոխանցմամբ՝  դեղատներն այն  ստանում են 195 դրամով և վաճառում ամենաշատը 250 դամով:

Ի դեպ, վալերիանայի կանաչ գույն ունեցող հատիկները դեղատներում արժեն 350-400 դրամ և ռուսական արտադրության են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս