Ո՞ւր են գյուղվարկերը

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում անցած տարի կառավարությունը հսկայական գումարներ է ծախսել բյուջեից՝ սուբսիդավորելու գյուղվարկերի տոկոսները։ Արդյունքում՝ ստացել ենք ընդամենը 1,4 տոկոս աճ։ Այն էլ դեռ հարց է՝ իրականում ա՞ճ է, թե՞ ոչ։ Հայտնի է, թե ինչպես են գյուղատնտեսության մեջ ցուցանիշներ նկարվում։

Ամեն դեպքում ընդունենք, որ ունենք 1,4 տոկոսանոց աճ։ Ակնհայտ է, որ դա այն աճը չէ, որի համար արժե հպարտանալ։

1,4 տոկոսը չնչին աճ է։ Հատկապես այն բանից հետո, երբ նախորդ տարի ունեցել էինք անկում։ Անկում էինք ունեցել նաև 2018թ.։ Ու այդքանից հետո ընդամենը 1,4 տոկոսանոց աճ հազիվ կարողացել ենք ապահովել։

Սա է գյուղատնտեսության ոլորտում կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառման արդյունքը։ Այն ոչ թե հպարտանալու, այլ մտահոգվելու առիթ է տալիս։ Հսկայական գումարներ են գնացել պետական բյուջեից, իսկ արդյունքները չեն երևում։ Արդյունքները շատ չնչին են։

«Անցած տարվա ընթացքում ամենատարբեր հարթակներում շահարկումների և փոթորկումների առարկա էր սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի թեման: Այժմ արդյունքներն ամփոփված են, և նշեմ, որ 2020 թվականին մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել։ Օրինակ՝ 2018 թվականի համեմատ 2020 թվականին տրված վարկերը 6 անգամ գերազանցել են։ Այսինքն՝ եթե 2018 թվականին 5782 վարկ է տրամադրվել, 2020-ին տրամադրվել է 36 հազար 608 վարկ։ Ընդ որում, 2020 թվականի գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների պայմաններում, որ մենք գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք, ընդհանրապես ոչ մի բան չեն ստանում գյուղացիները։ 2018թ. համեմատ գյուղատնտեսական վարկերի ծավալները 3,5 անգամ աճել են»,- ընդդիմախոսներին հակադարձում է Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով, որ վարկեր տրամադրելը կամ վարկերի տոկոսները սուբսիդավորելն ինքնանպատակ չէ։ Դրանք պետք է արդյունք ապահովեն։ Եթե արդյունք չեն ապահովում, շատ ավելի վատ՝ ծանրացնում են ոլորտի բեռը։

Ո՞րն է այն արդյունքը, որը ստացել ենք այդքան գումարներ բյուջեից հատկացնելու շնորհիվ։ Մի՞թե այդ ամենն ընդամենը 1,4 տոկոս աճ ունենալու համար էր։

Այսպես թե այնպես, անցած տարին, եղանակային պայմանների առումով, հաջող էր գյուղատնտեսության համար։ Ու ամենայն հավանականությամբ աճ կունենայինք, եթե նույնիսկ այդքան  գումարներ չծախսվեին։

Խոսքը շուրջ 100 մլրդ դրամ գյուղվարկերի տոկոսները սուբսիդավորելու մասին է։ Դրա համար պետական բյուջեն ծախսել է մոտավոր հաշվարկներով նվազագույնը 10 միլիարդ կամ 20 մլն դոլար, առավելագույնը՝ 14 մլրդ դրամ կամ 30 մլն դոլար։ Վարկերի տոկոսները կառավարությունը վերցրել է իր վրա, որպեսզի դրանք ավելի մատչելի պայմաններով մտնեն գյուղատնտեսության ոլորտ և ծառայեն արտադրությունների ու կարողությունների ընդլայնմանը։

Սակայն դատելով աճի տեսքով ստացված արդյունքներից, դրանք ոչ միշտ են ծառայել իրենց նպատակին։

Իսկ թե ինչու է այդպես, դժվար չէ հասկանալ։ Այդպես է, որովհետև գյուղատնտեսությանը ծառայելու փոխարեն, այդ գումարները գնացել են այլ ուղղությամբ։

Գաղտնիք չէ, որ շատերը վերցնելով սուբսիդավորված վարկեր, գումարները կամ առնվազն դրանց մի մասը ծախսում են ոչ թե ցանքատարածություններն ընդլայնելու և գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, այլ ունեցած կենցաղային խնդիրներն ինչ-որ կերպ թեթևացնելու համար։ Նաև ուղղում են նախկինում վերցրած վարկերը սպասարկելուն։

Հասել ենք այնտեղ, որ երբեմն էլ գյուղվարկերը վերցնում են՝ այլ ճանապարհներով շահույթ ստանալու համար։ Ասենք՝ ավանդադնում են բանկում։ Զրո տոկոսով վարկ են վերցնում՝ 9-10 տոկոսով ավանդ դնում բանկում։

Վատ գործարք չէ, ճի՞շտ է։ Ոչինչ չանելով՝ 9-10 տոկոս եկամուտ են ստանում։

Դրանից գյուղատնտեսությունը, բնականաբար, ոչինչ չի շահում, իսկ պետությունը նույնիսկ մեծ կորուստներ է կրում։ Առանց այն էլ բյուջեի սուղ միջոցներից հսկայական գումարներ են հատկացվում ոլորտի արտադրական կարողություններն ընդլայնելու համար, բայց ապարդյուն։

Այդպես է, որովհետև գյուղվարկերի հասցեականությունը ցածր է։ Գումարները տրամադրվում են, իսկ թե դրանք ինչպես են օգտագործվում, շատ դեպքերում անհայտ է մնում։ Չկա որևէ հսկողություն։ Մարդիկ կարող են պետության կողմից սուբսիդավորվող գյուղվարկ վերցնել, իբր թե գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար, բայց գնան ասենք՝ սառնարան կամ հեռախոս գնեն։ Չկա մեխանիզմ, որը թույլ կտա վերահսկել այդ գումարների տեղաշարժը։

Սա լուրջ խնդիր է, որին, սակայն, կառավարությունը ժամանակին պատշաճ ուշադրություն չի դարձրել, ու դա խոստովանում է նաև կառավարության ղեկավարը։

«Մենք նախորդ տարի խնդիր ենք ունեցել գյուղատնտեսական վարկերի հասցեականության հետ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ թե ով պետք է պատասխանատվություն կրի դրա համար, ոչ մի խոսք չկա, բացի անհասցե հայտարարություններից՝ «Պետք է այնպես անել, որ այդ վարկերը ծախսվեն գյուղատնտեսության վրա»։

Անշուշտ, պետք է։ Բայց մինչ այդ հարկավոր է, որպեսզի նախ և առաջ կառավարությունը պատասխանատվություն կրի նախկինում թույլ տված սխալների ու պետական միջոցները փոշիացնելու համար։ Թե չէ վաղը նույնն է լինելու. կրկին գումարները գնալու են, և կրկին անարդյունք։

Այսքանից հետո կառավարության ղեկավարը կարող է իրեն թույլ տալ խոսել այն մասին, որ նախկինում գյուղատնտեսության ոլորտին ուղղված պետական միջոցներն արդյունավետ չեն օգտագործվել և չեն ծառայել իրենց նպատակին։ Ի՞նչ տարբերություն, դա վառելիքի՞, թե՞ վարկերի սուբսիդավորման տեսքով է արվել։ Այսպես թե այնպես, գյուղատնտեսությունը դրանից չի ստացել այն, ինչ պիտի ստանար։ Զարմանալի չէ, որ արդյունքները գյուղոլորտում այսպիսին են։ Անցած տարի արձանագրված 1,4 տոկոսանոց աճի պայմաններում մենք դեռևս չենք հասել անգամ 2015թ. մակարդակին։ 2020թ. գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է 819 մլրդ դրամ, մինչդեռ, 2015թ. անցնում էր 1 տրիլիոնից։

Անցած տարվա արտադրության ծավալներով գյուղատնտեսությունը զիջում է նաև 2016-2018թթ. մակարդակը։

Իսկ 2020թ. աճն ապահովվել է 2019թ. ցուցանիշները վերանայելու արդյունքում։ Այլապես դա էլ չէր լինի։

ՀՈԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս