Նիկոլ Փաշինյան․ վախերի վախեցած կառավարիչը
Մարդկային վարքագծում, ի թիվս այլ գործոնների, վախը շատ մեծ ազդեցություն ունի։ Վախի հանգամանքն օգտագործելով՝ հնարավոր է մարդկանց դրդել այս կամ այն գործողության, ակտիվ կամ պասիվ քայլի։ Վախը մեծ դեր ու նշանակություն ունի նաև Հայաստանում ու հայ հասարակության կյանքում։ Վախը հայ հասարակությանը կառավարելի պահելու լծակներից մեկն է, եթե ոչ՝ ամենագլխավորը։
Լայն իմաստով, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իշխանության գալ նաև վախի հանգամանքն օգտագործելով․ տարիների հետևողական քարոզչության արդյունքում նախկին իշխանությունները հասարակությանը ներկայացվել էին դիվային կերպարով, որը, իհարկե, ուներ որոշակի օբյեկտիվ հիմք, սակայն առնվազն հավասարապես նաև սուբյեկտիվ էր ու մտացածին։ Ահա նաև այդ վախն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության և դրան հաջորդած շուրջ երեք տարիների ընթացքում կարողացավ ու կարողանում է իշխանությունը պահպանել նաև, իսկ գուցե՝ առավելապես, նախկինների հանդեպ հանրային վախն օգտագործելով։
Դա այդպես էր նաև պատերազմից առաջ, սակայն նոյեմբերի 9-ից հետո վախի գործոնը որոշակիորեն փոխակերպվել է և ներկայանում է փոքր-ինչ այլ տեսքով։ Բանն այն է, որ պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանն ինքն ապրում ու գործում է բազմաթիվ ու տարաբնույթ վախեր ունենալով՝ սկսած իշխանությունը կորցնելու վախից՝ մինչև Ալիևից, Էրդողանից, Պուտինից, բոլորից ունեցած վախեր։ Գործնականում Նիկոլ Փաշինյանը վախենում է բոլորից ու ամեն ինչից և իր այդ վախերը պրոյեկտում է հասարակության վրա։ Նաև բոլորից ու ամենայնից ունեցած տոտալ վախն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր շրջապատից որևէ մեկին, անգամ ամենամերձավորներին։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ ապրելով բյուրավոր վախերի մեջ, միևնույն ժամանակ՝ դեռևս շարունակում է հասարակությանը կառավարելի պահել առավելապես վախի միջոցով։ Հանրային-քաղաքական դիսկուրսում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ իշխանության, իմա՝ Նիկոլ Փաշինյանի տեսակետն ու հակափաստարկը հանգում է «ուզում եք նախկինները վերադառնա՞ն» տափակաբանությանը։ Բայց այդպիսին լինելով հանդերձ, այդ պարզունակ շանտաժը դեռևս կենսունակ է, քանի որ հասարակությունն ինքն ապրում է խրոնիկ վախերով, որոնց թվում նախկիններից ունեցած վախն է։
Վախը, ընդհանուր առմամբ, իռացիոնալ զգացողություն է, եթե խոսքը չի վերաբերում այդ երևույթի՝ բնականորեն նորմալ չափաբաժնին։ Իռացիոնալ լինելով հանդերձ, երբ վախը դառնում է մոտիվատոր, ստվերում է անձնական ու հանրային բանականությունը, ռացիոնալ մտածողությունը։ Վախի դեպքում կան հերոսներ ու հակահերոսներ, փրկիչներ ու թշնամիներ, որոնց մշտական առկայության պայմաններում հանրային դատողունակությունը չի առաջնորդվում բանականությամբ, փաստարկներով կամ հիմնավորումներով։ Կան մշտական վախեր և հնարավոր փրկիչներ, որոնք պաշտպանում են այդ վախերից։ Նաև սա է Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականության խորքային պատճառներից մեկը։ Ապրելով սեփական վախերով, նա, միևնույն ժամանակ՝ կարողանում է կառավարել հանրային վախերն այնպես ու այնքան, որ հասարակությունն իրեն դիտարկում է՝ որպես յուրահատուկ վահան, որի չգոյության դեպքում իր վախերը կարող են իրականություն դառնալ։
Քաղաքականության մեջ մտքի, գաղափարների, ծրագրերի բացակայության պատճառով հանրությունը ժամանակի ընթացքում սկսում է իր վարքագիծը կառուցել զգայական հատկանիշների հիման վրա։ Բոլոր նրանք, ովքեր կարողանում են կառավարել այդ զգացողությունները, որպես կանոն, ընտրում են նեգատիվ զգացողությունները, քանի որ պոզիտիվ էմոցիաները պակաս կառավարելի են ու չեն կարող դառնալ այնպիսի վարքագծային ուղենիշներ, ինչպես բացասական հույզերը, որոնց թվում վախն առաջնային տեղում է։
Հասարակությանն այս նեգատիվ հոգեվիճակից հանելու, հանրության «վախը բռնելու», ըստ էության, մեկ ճանապարհ կա՝ քաղաքականությունը լցնել մտքով ու գաղափարներով՝ այնպես, որ մարդիկ առաջնորդվեն ոչ թե էմոցիաներով, այլ դատողությամբ, հուզականից տեղափոխվեն բանական դաշտ։ Դա, սակայն, տեղի չի ունենում ոչ միայն ու ոչ այնքան՝ հանրության, որքան՝ քաղաքական ուժերի, կուսակցականների, էլիտաների անկարողության պատճառով։ Իսկ դա, իր հերթին՝ պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր նրանք, ովքեր նոմինալ առումով զբաղեցնում են քաղաքական և մնացյալ էլիտաների տեղը, իրականում ապրում են նույնպիսի վախերով, ինչպես հասարակությունն՝ ինքը։ Արդյունքում, բոլոր այս անհատական ու հավաքական վախերը, որոնք, թվում է, պետք է թուլացնեն այն կրողին, իրականում ուժեղացնում են բոլորից ու ամենայնից ամենաշատը վախեցող Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ամենավախեցած մարդուն։
Հարություն Ավետիսյան