«Արա, դուք գետինը չեք մտնո՞ւմ․․․ ռազմաճակատ հագուստ ու սնունդ հասցրածին զրկել են վարորդական իրավունքից». Գևորգ Պետրոսյան

«Նախկիններն ինչ որ արել են, արել են, հիմա դուք եկել եք իշխանությա՞ն, պետք է հասկանայիք, ինչ եք վերցնում: Հիմա ինչո՞ւ եք հետին թվով իմաստուն ձևանում»,- խոսքն ուղղելով իշխանական պատգամավորներին՝ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Խոսելով գերիների վերադարձի մասին՝ պատգամավորը նկատեց. «Դուք գիտեք, չէ, թե քանի գերի ունենք: Այս ի՞նչ բան է, մի օր՝ 5 հոգի, մի օր՝ 6 հոգի: Ոնց որ անընդհատ պահեն լարվածության մեջ ու ցույց տան, որ իրենք գործ են անում: Բոլոր ռազմագերիներին պարտավոր եք «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին համապատասխան վերադարձնել: Այդ երեխեքի ծնողները սպասում են նրանց: Այ անամոթներ, ձեր քաղաքական խաղերի պատճառով մարդկանց հոգեխանգարմունքի մեջ եք գցում: Ամենաամոթալին գիտե՞ք որն է. սրանք սահմանի վրա ուրիշ խաղ են խաղում, սահմանից այս կողմ՝ ուրիշ: Հենց նոր ես զրուցել եմ մի քաղաքացու հետ՝ Գրիգորյան Հովհաննես Գարիկի, Էջմիածնի բնակիչ: Մինչև դեկտեմբերի 2-ն իր անձնական մեքենայով ուտելիք ու հագուստ է հասցրել ռազմաճակատ՝ առանց պետհամարանիշի, որպեսզի չթիրախավորվի թշնամու կողմից: Խնձորեսկի ճանապարհից գալուց իրեն տուգանում են՝ մեքենայի համար չունենալու պատճառով: Հիմա մեկ տարով նրան զրկել են վարորդական իրավունքից: Արա, դուք գետինը չեք մտնո՞ւմ»:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հարցին՝ պատգամավորը խոսքն ուղղելով վարչապետին՝ նշեց. «Մի քանի օր առաջ ասում էիր՝ արտահերթ ընտրություններ անցկացնենք: Չէի՞ր ուսումնասիրել հանրային կարծիքը»:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում մի շարք նախագծեր առաջ բերելուն՝ Գևորգ Պետրոսյանն ասաց. «Մենք երկիր ենք կորցնում, սրանք բերել, ինչ-որ նախագծեր են անցկացնում: Մետր առ մետր գալիս են առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս