«Գրաքննություն անցկացնելու որոշակի տարրեր եմ նկատում»․ Իվետա Տոնոյանը՝ ԱԱԾ-ի հայտարարության մասին

Այսուհետև լրատվամիջոցների ներկայացուցիչները Սյունիքի մարզ կմեկնեն միայն Ազգային անվտանգության ծառայության թույլտվությունը ստանալուց հետո, միայն դրանից հետո կարող են Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանել: Այս մասին երեկ տեղեկատվություն էր տարածել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը:

«Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»,- նշված էր հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ որպես նախկին լրագրող՝ իր համար բացարձակ անընդունելի է ԱԱԾ-ի տարածած այդ հայտարարությունը:

«Արդեն գրությամբ դիմել եմ ԱԱԾ տնօրենին, որպեսզի ինձ ներկայացվեն այն իրավական հիմքերը, որոնցով առաջնորդվելով՝ հանդես է եկել այդ հայտարարությամբ, որով ըստ էության սահմանափակվում է լրատվամիջոցների գործունեությունը: Այստեղ գրաքննություն անցկացնելու որոշակի տարրեր եմ նկատում, որովհետև որևէ դեպքում ԱԱԾ-ի որևէ որոշում, հայտարարություն չի կարող լինել գերակա, քան, օրինակ, ՀՀ սահմանադրությունը, որը հստակ ամրագրում է լրատվամիջոցների աշխատանքի բնականոնությունը»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ թե՛ ԶԼՄ-ների մասին օրենքը, թե՛ տեղեկատվության ազատության մասին օրենքը հստակ սահմանում են, որ գրաքննության դրսևորումները պետական մարմինների կողմից անթույլատրելի են:

«Կարծում եմ՝ սա բացառապես պայմանավորված է այն տեղեկատվությամբ, որը մենք յուրաքանչյուր օր ստանում ենք Սյունիքի մարզից, որովհետև նոյեմբերի 9-ին հաջորդող ժամանակահատվածում Սյունիքի մոտավորապես 40-ից ավելի համայնքներ մեկ գիշերվա մեջ այլևս դարձել են սահմանամերձ: Յուրաքանչյուր օր մենք Սյունիքից ստանում ենք ահազանգեր՝ տարածքային ամբողջականության, ճանապարհների, օդանավակայանի, Որոտանի ՀԷԿ-ի անվտանգության հետ կապված: Նախօրեին հայտնի դարձավ, որ բացի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից,  կա ևս մեկ փաստաթուղթ կամ բանավոր պայմանավորվածություն Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև, որը որոշակի առումով առնչվում է նաև Սյունիքին ու նրա անվտանգությանը: Բնականաբար, նման որոշում է կայացվել, որով սահմանափակվում է տեղեկատվությունը Սյունիքի մարզից»,- շեշտեց Իվետա Տոնոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս