Մարտի 1-ից առանձնացված գործով տուժողի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Բաբկեն Մկտչյանի միջնորդության հարցը չլուծվեց

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստի ընթացքում դատարանը քննության առավ դեռևս 2019թ. հոկտեմբերի 4-ին ներկայացված մի միջնորդություն, ըստ որի՝ գործով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի նախկին զինծառայող Բաբկեն Մկրտչյանի փաստաբանները միջնորդել էին Բաբկեն Մկրտչյանին Մարտի 1-ի մայր գործից առանձնացված Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ճանաչել տուժող:

Բաբկեն Մկրտչյանի պաշտպան, փաստաբան Զորայր Հարությունյանը դատարանում հայտնեց, թե իր վստահորդն այս գործի շրջանակներում առավել տուժած քաղաքացիներից մեկն է, Մարտի 1-ի մայր գործով ունի տուժողի դատավարական կարգավիճակ, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ, 3-րդ կարգի հաշմանդամություն, իսկ նրան՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վկայի կարգավիճակ տալը խախտում է նրա իրավունքները:

Զորայր Հարությունյանի՝ միջնորդությունը ներկայացնելուց հետո, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնեց, որ  առարկություն չունի Բաբկեն Մկրտչյանին գործով տուժողի դատավարական կարգավիճակ տրամադրելու համար: Պետրոսյանը նաև  նշեց, որ այս հարցը քննվել է առավել լայն ֆորմատով ավելի վաղ, որով անդրադարձ է կատարվել Մարտի 1-ի մայր գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց այս գործով տրվող դատավարական կարգավիճակին:

Պաշտպանական կողմից Հայկ Ալումյանը հայտնեց, թե իրենք ևս չեն առարկում Բաբկեն Մկրտչյանին այս գործով տուժողի դատավարական կարգավիճակ տրամադրելու հարցին: Արամ Օրբելյանն էլ հստակեցրեց, որ սույն մեղադրանքով սույն գործի շրջանակներում որևէ մեկը տուժող չի կարող լինել, բայց եթե որևէ մեկն ունի տուժողի կարգավիճակ, չեն առարկում ներկայացված միջնորդության դեմ:

Միհրան Պողոսյանն էլ հայտնեց, որ իրենց համար մնում է անհասկանալի, թե ինչ փաստական հանգամանքների հիմքով են քննիչները Մարտի 1-ի մայր գործով այս կամ այն դատավարական կարգավիճակ ունեցող անձանց առանձնացված գործով տվել որոշակի դատավարական կարգավիճակներ: Մ. Պողոսյանի խոսքով՝ նաև չկար կոնկրետացում, թե Բաբկեն Մկրտչյանը որտեղ և ինչ պայմաններում է ստացել մարմնական վնասվածքները և հաշմանդամությունը: Վերջին հարցը բարձրացրեցին նաև Կարեն Մեժլումյանը, Արամ Վարդևանյանը:

Հովհաննես Խուդոյանն էլ հայտնեց, թե տեղի ունեցած դեպքերը փաստում են, որ վարույթն իրականացնող մարմնի համար կան այս գործով ցանկալի և ոչ ցանկալի մասնակիցներ, տուժողներ, կա տարբերակված մոտեցում, հաշվի է առնվում, թե տուժող չճանաչված անձը գործով ինչ դիրքորոշում կհայտնի, արդյո՞ք այն կլինի հօգուտ վարույթն իրականացնող մարմնի, թե՞ ոչ: Խուդոյանը պնդեց, թե ոչ ոք սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող լինել չի կարող:

Էրիկ Ալեքսանյանը ևս շեշտեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժողներ չլինելու փաստը, ապա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Բաբկեն Մկրտչյանը ստացել է մարմնական վնասվածքներ, բայց այս գործով ամբաստանյալի աթոռին նստածներից ոչ ոք նրան մարմնական վնասվածք չի պատճառել:

Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ հայտնեց, որ գործի քննության այս փուլում միջնորդությունը լուծել հնարավոր չէ, և այն լուծել հնարավոր կլինի գործի փաստական հանգամանքներին ծանոթանալուց և հետևությունների հանգելուց հետո: Միջնորդության լուծումը հետաձգվեց մինչև գործում առկա բոլոր ապացույցների ուսումնասիրությունը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ամբաստանյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս