Փաշինյանի Հայաստանը ոչ միայն պրոտեկտորատ չէ, այլև ՌԴ-ի դաշնակիցը չէ. նա նույնիսկ հայ ժողովրդի դաշնակիցը չէ․ Կոլերով
Հարցազրույց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ
– Պարոն Կոլերով, ֆեյսբուքյան Ձեր էջում գրառում էիք կատարել այն մասին, որ Արցախի ԱԳՆ-ն կարող է լուծարվել՝ Ադրբեջանի պահանջով և Փաշինյանի համաձայնությամբ, իսկ Արցախի արտաքին քաղաքականությամբ զբաղվելու է անձամբ Արայիկ Հարությունյանը, և Ռուսաստանի տեսակետն այս կետով ոչ ոք չի հարցնում: Արայիկ Հարությունյանը շտապեց այն հերքել, և Դուք ուշադրություն հրավիրեցիք այն հանգամանքի վրա, որ Երևանը լուռ է: Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ կան ուղիղ բանակցություններ հայկական կողմերի և Ադրբեջանի միջև՝ առանց ՌԴ մասնակցության: Մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում՝ ընդհանրապես Փաշինյանն ու Հարությունյանն առանց Ռուսաստանի որևէ հարց լուծո՞ւմ են կամ առաջադրում:
– Իհարկե, իրենք իրենց քայլերի մեծ մասն անում են առանց Ռուսաստանի: Դա ակնհայտ է: Ոչ միայն սխալվում է, այլև անբարեխղճորեն սխալվում է նա, ով ասում է, որ Ռուսաստանը ներկայումս լիարժեքորեն ղեկավարում է Ղարաբաղում և Հայաստանում իրավիճակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Փաշինյանը Հայաստանը դաշնակցից վերածել է Ռուսաստանի պրոտեկտորատի, իհարկե, մաքուր պոլեմիկա է: Ավելին կասեմ, որ Փաշինյանի Հայաստանը ոչ միայն պրոտեկտորատ չէ, այլև Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այսպես ավելի ճիշտ կլինի ասել:
– Իսկ ո՞ր երկրի դաշնակիցն է Հայաստանը կամ Փաշինյանը, ըստ Ձեզ:
– Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա նույնիսկ հայ ժողովրդի դաշնակիցը չէ:
– Փաստորեն կան բանակցություններ Ադրբեջանի հետ:
– Ենթադրում եմ, որ այդ շփումները շարունակվում են:
– Ըստ Ձեզ՝ ե՞րբ են սկսվել Ձեր նշած շփումները:
– Իմ կարծիքով, դրանք սկսվել են մինչ պատերազմը: Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ իմ գրառման կենտրոնն ու հաղորդագրության իմաստն այն է, որ Ռուսաստանին նրանք չեն տեղեկացրել, և, որ այդ հարցի ինքնին քննարկումը տեղի է ունենում առանց ՌԴ-ի մասնակցության, սա գլխավորն է, ինչ ես ցանկանում եմ ասել: Մի շարք նիկոլականներ փորձեցին համոզել ուղիղ հակառակի մեջ, որ Ռուսաստանն է դա փորձում անել, ինչը, իհարկե, այդպես չէ:
– Պատերազմից հետո տպավորություն է, որ նրանք ոչինչ չեն որոշում, ՀՀ շահը չեն կարողանում որևէ կերպ առաջ մղել, և այս կոնտեքստում մի փոքր անհասկանալի է, որ ինչ-որ բան տեղի է ունենում առանց ՌԴ-ի մասնակցության:
– Դրանք պարզապես բառեր են: Օրինակ՝ հայտնի դեպքը, որ վերադարձրել են ֆրանսիացի լրագրողներին․ իսկ ո՞վ նրանց չի տվել մանդատ, ո՞վ չի տվել թույլտվություն Ղարաբաղ մեկնելու համար: Երևանցիները չեն տվել, ի՞նչ կապ ունեն այստեղ ռուսները, ռուսները նայում են փաստաթղթերին, կա՞ փաստաթուղթ, չկա փաստաթուղթ, ո՞վ չի տվել նրանց փաստաթղթեր, Երևանում չեն տվել: Ե՞վ… Ակնհայտ է, չէ՞…
– Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այն իրավիճակում, երբ կան եռակողմ հայտարարություններ, այսինքն՝ եռակողմ ձևաչափով աշխատանք, և Դուք պնդում եք, որ կան երկկողմ բանակցություններ Ադրբեջանի հետ Ռուսաստանի մեջքի ետևում:
– Ոչ, ինչո՞ւ մեջքի ետևում․ ոչ մեջքի ետևում: Կա, չէ՞, եռակողմ աշխատանք փոխվարչապետների մակարդակով, կան կոնտակտներ կողմերի միջև, բայց տվյալ իրավիճակում Ռուսաստանը միջնորդ է, նա Ղարաբաղի ու Հայաստանի տերը չէ և չի կարող լինել տերը: Երբ պետք է ամուսնանալ, գումարները կիսել, օղի գնել, յուրաքանչյուրն ինքնուրույն է անում, իսկ վատ քայլերի պատասխանատվությունը կրելու հարցում Ռուսաստանն է պետք: Արդար չէ:
– Խոսենք ներքաղաքական իրավիճակի մասին․ Դուք ի սկզբանե թերահավատ էիք, որ ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որևէ հաջողության կհասնի: Եվ կարծես ընդդիմության այս փուլից հետո Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հայտնում իր վերադարձի մասին։ Նա հայտարարեց, որ կմասնակցի արտահերթ ընտրություններին, սակայն իշխող ուժը չեղարկեց այն ընտրությունը, որը հենց ինքը դրեց շրջանառության մեջ՝ ընդդիմությանը կոչ անելով փողոց դուրս չգալ և մասնակցել ընտրությունների: Ինչպե՞ս եք գնահատում, որ այս փուլում քաղաքական պայքար է մտնում Երկրորդ նախագահը, և դրա ֆոնին ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
– Հիմա էլ կրկնում եմ, որ Մանուկյանը բացարձակ ոչ հանրային մարդ է: Կարճ կասեմ, Քոչարյանի հետ վաղուց ծանոթ եմ, նրան վերաբերվում եմ լավ, սակայն ընտրությունների հեռանկարը մարդուց պահանջում է լուրջ, պատասխանատու կերպով թիմի ձևավորում: Ոչ մի մարդ միայնակ ոչնչի չի կարող հասնել, նա պետք է աշխատի մեծ թիմի գլխավորությամբ: Հենց այդ թիմից էլ մենք կդատենք, թե նա իսկապե՞ս ցանկանում է հաղթել, թե՞ ցանկանում է մասնակցել:
– Նշվում է, որ թիմը կա, իհարկե, այլ մանրամասներ հայտնի չեն:
– Մենք ուզում ենք կարդալ այդ թիմի մասին: Գիտե՞ք՝ կա ստվերային կառավարություն կոչված երևույթ, առողջապահության ստվերային նախարար, ԱԳ ստվերային նախարար, թող նա հայտարարի իր ստվերային կաբինետը: Մեզ հետաքրքիր կլինի դա տեսնել:
– Արտահերթ ընտրություններն ինչո՞ւ են չեղարկվում՝ այն էլ՝ այն պատճառաբանությամբ, որ հասարակության լայն շերտերի շրջանում արտահերթի պահանջ չկա:
– Այդ իշխանությունն ունի իր դինամիկ մեծամասնությունը և կարող է իրեն թույլ տալ չանցկացնել ընտրություններ: Ես այսպես եմ տեսնում իրավիճակը:
– Այսինքն՝ իշխանությանը հեռացնելու որևէ հնարավորություն չե՞ք տեսնում:
– Ես չեմ տեսնում մի ուժ Հայաստանում, որը կարող է ստիպել Փաշինյանին գնալ զիջումների: Դա փաստ է: Ինձ համար ամենափայլուն արտահայտումը նրա, որ Վազգեն Մանուկյանը դուրս բերեց փողոց մարդկանց, իսկ Փաշինյանը կազմակերպեց երթ դեպի Եռաբլուր մի քանի անգամ ավելի…
– Այդքան մեծ տարբերությո՞ւն եք նկատել:
– Ես այդպես եմ նկատել: Այդ տեսարանը՝ երթ դեպի Եռաբլուր, փայլուն օրինակ է տարբեր ներուժների արտահայտման՝ իշխանության, ընդդիմության: Ասեմ՝ դա վատ է:
– Այսինքն՝ ընտրություններ չեն կազմակերպվում, բայց նաև փողոցում չկա ներուժ Փաշինյանի դեմ գործողությունների…
– Ոչ, չկա, հենց այդ պատճառով էլ չեն ցանկանում ընտրություններ:
– Ըստ Ձեզ, կշարունակի զբաղեցնել իր աթոռը մինչև հերթական ընտրություննե՞ր:
– Փաշինյանը ցանկանում է կառավարել հավերժ: Ես պարզապես ճշմարտությունն եմ ասում: Գուցե փորձենք փիլիսոփայորեն դիտարկել, սակայն կա իրավիճակ, որը ես տեսնում եմ այսպես:
– ՀՀ-ում ՌԴ դեսպանը վերջին շրջանում երկրորդ հանդիպումն ունեցավ ՀՀ առաջին նախագահի հետ և վերջերս հանդիպեց նաև Երրորդ նախագահին: Ի՞նչ օրակարգ ունեն այս հանդիպումները:
– Ասեմ Ձեզ՝ դեսպանը տեխնիկական պաշտոն է, ոչ թե քաղաքական: Ռուսաստանը չունի Հայաստանի վրա ազդելու գործիքներ: Չկան…