Բայդենը ԱՄՆ-ը «կվերադարձնի» Արցախ՝ առանց ռադիկալ ու աղմկոտ քայլերի
«ԱՄՆ-ը վերադառնում է»
«Ամերիկան վերադարձել է: Դիվանագիտությունը վերադարձել է»,- փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է ԱՄՆ Պետքարտուղարություն, որտեղ ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագրային ուշագրավ ելույթով է հանդես եկել:
Դիմելով Պետքարտուղարության աշխատակիցներին ու ամերիկացի դիվանագետներին՝ Բայդենն ասել է, որ պետք է դիմավորեն գլոբալ մարտահրավերների այս նոր պահը՝ «համաճարակից մինչև կլիմայական ճգնաժամ և միջուկային զենքի տարածում, ինչը կարող են լուծել միայն այն երկրները, որոնք համատեղ աշխատում են ընդհանուր գործի համար»,- ասել է նա՝ շարունակելով, որ համագործակցությունն այլ երկրների հետ պետք է սկսվի դիվանագիտությունից, որը հիմնվում է ամերիկյան ժողովրդավարության հիմնական արժեքների վրա, ներառյալ՝ ազատության պաշտպանության, հավասար հնարավորությունների ընձեռման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և բոլոր մարդկանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի: Բայդենն ասել է, որ դաշինքներ ստեղծելու կարողությունը Միացյալ Նահանգների հիմնական ուժեղ կողմերից մեկն է: Բացի համագործակցություն կառուցելու անհրաժեշտությունից, Բայդենը խոսել է նաև հակառակորդների և մրցակիցների հետ փոխգործակցությունից, քանի որ դա բխում է երկրի շահերից և նպաստում ամերիկացի ժողովրդի անվտանգությանը:
Բայդենը Պուտինին հասկացրել է, որ տարբերվելու է Թրամփից
Բնականաբար, Բայդենը չէր կարող շրջանցել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նա ընդգծել է, որ միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման ճանապարհին կարևոր ու իրական քայլերից էր ռազմավարական միջուկային զենքերի կրճատման վերաբերյալ ԱՄՆ-ՌԴ START-3 պայմանագրի 5 տարով երկարաձգումը: Սակայն, ըստ Բայդենի, իր աշխատակազմն անհետևանք չի թողնի Ռուսաստանի գործողություններն աշխարհում միջազգային պարտավորությունների խախտման հարցում, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում: Բայդենը չմոռացավ կոչ անել Կրեմլին՝ «անհապաղ և անվերապահորեն» ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերջինիս հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել է, որ անցել են այն օրերը, երբ Միացյալ Նահանգները «ճկվում էր Ռուսաստանի ագրեսիայի առջև»: «Ես պարզ հասկացրեցի Պուտինին, բոլորովին այլ կերպ, քան իմ նախորդը, որ անցել են այն օրերը, երբ Միացյալ Նահանգները ճկվում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների առջև՝ միջամտություն մեր ընտրություններին, կիբեռհարձակումներ, սեփական քաղաքացիների թունավորում»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը կհակազդի Չինաստանի գործունեությանը, ուր կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները: ԱՄՆ նախագահը կոչ է արել խաղաղության հասնել Եմենում, որը տարիներ շարունակ պառակտված է քաղաքացիական պատերազմի արդյունքում: Նա նաև հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությունը, որի տարածքը բազմիցս թիրախավորվել է իրանամետ ռազմական խմբավորումների կողմից:
Երկրորդ վերբեռնումը հնարավո՞ր է
Բայդենի «աշխարհաքաղաքական թատերաբեմ» ԱՄՆ վերադարձի ազդարարումը բավականին ուշագրավ և աղմկոտ հայտարարություն է, և դեռ կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսին է և որ ուղղություններով ինչ տեսք կունենա «ԱՄՆ վերադարձը»: Միանշանակ է մեկ բան՝ Հայաստանը ազդվելու է այն բոլոր զարգացումներից, որոնք ծավալվելու են ռուս-ամերիկյան հարաբերություններում, և ինչպես է ԱՄՆ-ը նախատեսում վերադառնալ Հարավային Կովկաս՝ Արցախյան մեծ պատերազմից հետո Ռուսաստանի ամրապնդված դիրքերի ֆոնին:
Ռուսաստանցի վերլուծաբանները, հիմնվելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և ներկայիս նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքական թիմերի նույնականության վրա, փորձում են կանխատեսել, թե արդյոք կհաջողվի՞ ռուս-ամերիկյան հարաբերությունները վերբեռնելու երկրորդ փորձը: Հարկ է հիշեցնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները վերբեռնելու առաջին փորձը նախաձեռնել էր Բարաք Օմաբան՝ Բայդեն, Քերի, Բլինքեն, Նուլանդ թիմով: Սակայն մասնագետներին հայտնի առանցքային հարցերում տարաձայնությունների, միմյանց հակասող շահերի ու հետաքրքրությունների, կոմպրոմիսների չգնալու պատճառներով վերբեռնման փորձը տապալվեց:
Ուշագրավն այն է, որ Բայդենի թիմում այն գործիչներն են, որոնք Օբամայի թիմում նախաձեռնեցին ռուս-ամերիկյան վերբեռնումը, և որի ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերությունները հանգեցին ուկրաինական ճգնաժամին, որը որակվում է վերջին տասնամյակներում այս հարաբերությունների ամենալարված փուլը: Սակայն, թե ամերիկացի, թե ռուս վերլուծաբաններն ուրախությամբ արձանագրում են, որ Բայդենի թիմն ունի փորձ, և դա ձեռք է բերել Օբամայի նախագահության ընթացքում:
Ըստ շատ կարծիքների՝ այլևս չեն լինելու ավելորդ պատրանքներ այդ հարաբերությունների ապագայի, հեռանկարների և ներուժի վերաբերյալ, ուստի ենթադրաբար ռուս-ամերիկյան հարաբերությունները Բայդենի օրոք՝ թեև լարված, բարդ, սակայն կկառուցվեն դատողության հիմքի վրա, կլինեն ոչ թե իմպուլսիվ, այլ համակարգային ու կանխատեսելի:
Սուր հակառուսական կլինեն միայն Բայդենի հայտարարությունները
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ Բայդենի արտաքին քաղաքական ելույթն իսկապես համակարգային էր ու արտացոլում էր ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունները: Ըստ նրա՝ ԱՄՆ նոր վարչակազմը ցանկանում է ընդգծել իր տարբերությունն արտաքին քաղաքականության հարցում նախորդ վարչակազմից՝ շեշտը դնելով նախորդ վարչակազմի արտաքին քաղաքականության ամենաթույլ կետի վրա՝ պասիվություն ողջ աշխարհում: Ուստի, վերլուծաբանի խոսքով, այդ պասիվությունը դարձել է այս վարչակազմի խաղաքարտը, և այն կօգտագործվի սեփական կուսակցության վարկանիշը երկրի ներսում բարձրացնելու համար, այդ պատճառով է շեշտը դրվում նաև դեմոկրատական արժեքների, ազատությունների վրա:
«Այս հռետորաբանությունն ուղղված է երկրի ներսում առկա ներկուսակցական պայքարում դեմոկրատների դիրքերի ամրապնդմանը: Շատ բան ասվում է հենց ներքին լսարանի համար, և իմ համոզմամբ՝ իրականում այդ հռետորաբանությունն ու իրական քաղաքականությունը չեն համընկնելու: Կարծում եմ՝ արտաքին քաղաքականությունը ենթարկվելու է ներքին քաղաքականությանն ու ներքին առաջնահերթություններին, իսկ ամերիկյան հասարակությունը բևեռացված է: Նոր վարչակազմը խնդիր ունի միավորել բոլորին և վարել բոլորի կողմից քիչ թե շատ ընդունելի կուրս: Սակայն այս հռետորաբանությունում նաև Ռուսաստանը հակահերոս երկիր է օգտագործվում այդ արժեքների կոնտեքստում, թե ինչպիսին չպետք է լինել: Այսպես է հարմար, քանի որ խնդիր կա այսօր աշխարհում բարձրացնել լիբերալ արժեքների դերը, պայքարել հակալիբերալ միտումների դեմ, և սա նպաստելու է ներքին պայքարում, օգտագործվելու է՝ որպես փաստարկ»,- ասաց Լուկիանովը:
Նրա խոսքով՝ քաղաքականությունը Ռուսաստանի և ռուսական ազդեցության գոտում տեղի ունեցող իրադարձություններում ներգրավվելու ուղղությամբ բավականին զգուշավոր է լինելու, քան ինքնին հռետորաբանությունն է: Ըստ նրա՝ ռեսուրսների խնդիր կա ողջ աշխարհում ներքաղաքական բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում: «Ես նույնիսկ կարծում եմ, որ չի լինելու այն ակտիվությունն ու ներգրավվածությունը, ինչը ենթադրելի է հռետորաբանությունից, լինելու է պրագմատիկ ուղիղ քաղաքականություն, այդպես է տրվել ստարտը»,- ասաց Լուկիանովը:
Սահմանափակ են
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, Լուկիանովի խոսքով, նոր վարչակազմը լրջորեն կուսումնասիրի ու կգնահատի իրավիճակը: «Բայց ի՞նչ գործիքակազմ ունի ԱՄՆ-ը՝ ներգրավվելու և ազդելու Ղարաբաղյան զարգացումներին․ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, ուստի կանխատեսում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկյան համանախագահությունը, ի տարբերություն նախորդ վարչակազմի, ավելի նախաձեռնողական քաղաքականություն կորդեգրի և կլծվի կարգավորման գործընթացին այն մասով, որով դա հնարավոր է: Մոսկվան հասկանում է, որ այս փորձերին ընդդիմանալը նոր վարչակազմի հետ կառաջացնի խնդիրներ, և դեմ չէ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում աշխատանքին կարգավիճակի հարցի քննարկման շուրջ: Չեմ կարծում, որ ռադիկալ քայլերի են գնալու, պարզապես շարունակելու են բանակցային գործընթացը, ավելին՝ լծակներ ու ռեսուրս ԱՄՆ-ը չունի, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կան աշխարհում: Այս ուղղությամբ այս փուլի ձեռքբերումը կլինի կարգավիճակի հարցով բանակցային գործընթացը շարունակելը, քանի որ Ադրբեջանը կարգավիճակի հարցը փակ է համարում: Գործողության մեջ քաղաքականությունն Օբամայի շրջանի քաղաքականությունից չի տարբերվի: Որոշ դետալներով ակտիվություն, կարծում եմ, կլինի, բայց ռադիկալ քայլեր չեն լինի, կարծում եմ՝ այս հարցում կհասկանան ՌԴ-ն ու ԱՄՆ-ը: ՌԴ-ն դրան է տրամադրված»,- ասաց Լուկիանովը: