ՀՀ իշխանությունների իրական նպատակը. ինչո՞ւ են հակահայ հայտարարություններ անում և մարդկանց անորոշության մեջ պահում

«Անկախ և հայկական Արցախը, և, ընդհանրապես, ինքնուրույն գործող Հայաստանի Հանրապետությունը, որը կարող է տարածաշրջանում խաղացող լինել, թելադրել հայկական շահը՝ ի հակադրություն թուրքականի, ի սկզբանե ոչ ոքի էլ պետք չի եղել, առավել ևս՝ Արևմուտքին և թուրքական աշխարհին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը՝ ընդգծելով՝ հենց արցախյան առաջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը փոխելու համար նպատակ է դրվել Արցախը ՀՀ-ից օտարելու, Հայաստանի Հանրապետությունից խամաճիկ պետություն ստանալու, Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային կապով իրար հետ կապելու:

«Այդ ծրագիրը հետևողականորեն իրականացվել է, ցավոք, նաև հենց մեր ներսում: Այս տարիների ընթացքում Արցախը մեր ներսում ներկայացվել է թիվ մեկ պատճառ, թիվ մեկ մեղավոր՝ մեր անհաջողությունների, տնտեսական խնդիրների: Արցախը դիտարկել և ներկայացրել են՝ որպես արգելակ և խոչընդոտ՝ մեր տնտեսական զարգացմանը և այլն: Եվ սա, բնակաբար, պրոյեկտվել է նաև արցախցիների վրա: Դրան զուգահեռ՝ հետևողական և ծրագրված արժեզրկվել և վարկաբեկվել է արցախյան ազատամարտը, դրա արժեքը, նշանակությունը, կարևորությունը, արժեզրկվել և վարկաբեկվել են նաև ազատամարտի հերոսները:

Նույն կերպ հետևողական և ծրագրավորված վարկաբեկվել են բանակն ու գեներալիտետը, մեր հրամանատարները մշտապես ներկայացվել են՝ որպես գազաններ, թալանչիներ և այլն: Սրան զուգահեռ՝ անընդհատ քարոզվել և ներդրվել են օտար արժեքներ, որոնք կոչված են եղել և՛ այդ ժամանակ, և՛ դրանից հետո սպասարկելու օտար նպատակները: Այդ արժեքները ներկայացվել են՝ որպես ավելի ճիշտ, ավելի քաղաքակիրթ, ավելի լավը: Այսինքն՝ առաջին՝ ի դեմս հայրենիքի, ի դեմս ազգայինի՝ ստեղծվել է հակարժեք, դրան զուգահեռ՝ ի դեմս օտարի, հակահայկականի՝ ստեղծվել է արժեք: Երկրորդ՝ ի դեմս հայրենիքի և ազգային շահի պաշտպանների՝ բանակի, ազգային գործիչների և այլոց, ստեղծվել են հակահերոսի կերպարներ, և հակառակը՝ ի դեմս այդ ապազգային արժեքների և նպատակների պաշտպանների՝ ստեղծվել են հերոսներ»,- ընդգծեց նա:

Ալվինա Աղաբաբյանի խոսքով՝ եթե նախորդ տարիներին այդ քարոզչությունը տարվում էր ինչ-որ հասարարական կազմակերպությունների կամ առանձին խմբավորումների, նախաձեռնությունների մակարդակով, ապա վերջին 3 տարվա մեջ դա դարձել է պետական քարոզչություն, ծրագիր, որը հետևողականորեն իրականացվել է:

«Այդ իրականացնողների մեջ մի մասը բառիս բուն իմաստով տգետ է, այսինքն՝ իրենք չգիտեն պատմություն, ծանոթ չեն տարածաշրջանին, այն գործընթացներին, որ տեղի են ունենում, իրենք մտավոր կարողություններ, վերլուծելու հմտություններ չունեն և, ըստ այդմ՝ որպես գործիք օգտագործվում են:

Մյուս մասը տգետ չէ, լավ թե վատ գիտի պատմությունը, ծանոթ է քաղաքական այդ գործընթացներին, գիտի՝ տարածաշրջանում ինչ զարգացումներ կան, ինչ խաղացողներ կան և այլն, և նրանք շատ լավ հասկանում են, թե իրենց գործողություններն ինչ հետևանքներ կարող են ունենալ, և այդ հետևանքները իմանալով հանդերձ՝ դա անում են, այսինքն՝ դա անում են դիտավորությամբ: Հատված կա, որն ուղնուծուծով օտար արժեքների, օտար նպատակների կրողն է, և այդ հատվածը դրանցում տեսնում է ինչ-որ ուղի, փրկություն, ինչ-որ հարցերի լուծում և, բնականաբար, մտածված, դիտավորությամբ այդ գիծը տանում են առաջ:

Հատված էլ կա, որ և՛ տգետ է, և՛ միևնույն ժամանակ՝ դիտավորությամբ է գործում, որովհետև տգետ է, որովհետև չգիտի, բայց չի էլ ուզում սովորել, այսինքն՝ ինքը կարող է ինֆորմացիա վերցնել, բայց չի ուզում, և գործում է՝ ելնելով այն նպատակներից, որ իր առջև դնում են կամ ինքն է դնում, և նորից ինքը գործում է դիտավորությամբ: Եվ դրան զուգահեռ, բնականաբար, կա հատված, որը և՛ գիտակից է, և՛ ազգային է, պայքարում է՝ մեր երկրի պետականությունը փրկելու համար, և այս դեպքում պետք է ամեն ինչ անել, որ այդ հատվածը կարողանա հաջողության հասնել, որովհետև այլ դեպքում մենք ամեն ինչ կարող ենք կորցնել, և դրանք պարզապես բառեր չեն»:

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի խոսքով՝ ՀՀ իշխանությունների հակահայ հայտարարությունները հենց վերոնշյալ ծրագրերն իրականացնելու համատեքստում պետք է դիտել.

«Մեր զրույցի սկզբում նշեցի ծրագիրը՝ Արցախն ամբողջությամբ Հայաստանից օտարելու և Հայաստանից խամաճիկ պետություն ստանալու. այդ ծրագիրը դեռ ամբողջովին ավարտին չի հասցվել: Ադրբեջանը դեռ Հայաստանից ամեն ինչ չի ստացել, և այսօր էլ իրենք բացահայտ Տավուշի շրջանի գյուղերի մասին են խոսում: Այսինքն՝ դեռ Ադրբեջանը մեզանից ստանալու, պոկելու բան ունի:

Մեղրիով կապը Նախիջևանի հետ դեռ չկա, ընթացքի մեջ է, չգիտենք՝ դա ինչ կերպ միս ու արյուն կստանա, և այդ համատեքստում մի շարք այլ հարցեր կան, և ամենակարևորը՝ դեռ չկա այդ ամբողջ մեծ փաթեթի փաստաթղթային ամրագրումը՝ սկսած սահմանազատման, ֆիքսման ամրագրումից: Այսինքն՝ իրենք դեռ այդ ամենը պետք է մեզանից ստանան: Հայաստանի ներսում, չնայած՝ այդքան տարիների քարոզչությանը, պատերազմից հետո այս շոկային իրավիճակին, ճնշումներին, սահմանափակումներին և այլն, դեռ ներքին դիմադրություն կա: Կա հատված, որը պայքարում է դրա դեմ, կա հատված, որը բնազդորեն զգում է՝ վտանգ կա, որը գիտի, որ դա իրենն է, ու չի ուզում տալ:

Հետևաբար, այդ հայկական առողջ ազգային դիմադրությունը ճնշել է պետք, որպեսզի այդ ծրագիրն իրագործվի, և դրա համար այդ նույն քարոզչական թեզերով, Շուշին Շուշա դարձնելով, հայկականը թուրքական սարքելով, մեր իրավունքները սահմանափակելով, սահմանների բացմամբ «հրաշքներ» խոստանալով և այլն, փաստորեն, մեր դիմադրությունը փորձում են ճնշել, զրոյացնել, փափուկ բարձ դնել մարդկանց գլխի տակ, որ մարդիկ է՛լ չբողոքեն, չխոսեն, չպահանջեն, որովհետև միայն այդ ձևով իրենք կարող են հասնել իրենց վերջնական նպատակին, և որ հասնելուց հետո էլ նորից դիմադրություն հանկարծ չծագի: Որովհետև կարող են հասնել ինչ-որ փուլի, այդ ամենն ամրագրվի, մեկ էլ նորից մենք ցույցեր անենք, ռևանշ լինի: Հիմա իրենք այդ ամենը փորձում են այն աստիճանի մեռցնել, որ և՛ այս փուլում, և՛ դրանից հետո էլ ոչ մի դիմադրության իրենք չհանդիպեն, այդ դիմադրությունը հետո էլ չծագի: Սա են իրենք ուզում անել»:

Ալվինա Աղաբաբյանի գնահատմամբ՝ հանրության մեծ հատվածը, եթե ոչ՝ ամբողջությամբ, թեկուզ նույն այդ բնազդային մակարդակում հասկանում է՝ ինչ է տեղի ունենում, հասկանում է, որ իրենից տանում են իր երկիրը, իր հողը, իր հայրենիքը, իր պետությունը, պարզապես, ըստ նրա՝ հատված կա, որը ակտիվ պայքարում է դրա դեմ, ավելի պարզ է տեսնում այդ ամենը, այս պահին փողոց է դուրս գալիս, այլ հարթակներում է այդ պայքարը տանում, և հատված էլ կա, որը դեռ պատերազմից հետո շոկային վիճակի մեջ է, ինչ-որ բանի է սպասում, որ այդ շոկից դուրս գա.

«Օրինակ՝ ինչ-որ մեկը կհայտնվի, ում կհավատա և կգնա նրա հետևից, կամ ինչ-որ հարմար պահի ինքն էլ կմիանա այդ ընդհանուր բողոքին: Բայց այդ հատվածի լռությունը մեկնաբանել, որ իրենք չեն հասկանում և կողմ են այսօրվա իշխանություն կոչվածների տարվող քաղաքականությանը, այդպես չէ: Իշխանությունների հետ շատ փոքր հատված է համաձայն, նրանց վերջին հանդիպումները բեմականացում են, և դա էլ է գալիս փաստելու, որ ժողովրդական աջակցություն իրենք չունեն, եթե ունենային, ապա, օրինակ՝ Արարատում բեմականացված հանդիպման կարիք չէին ունենա, իրական մարդիկ դուրս կգային և կասեին՝ մենք քո կողքին ենք, վաճառիր հայրենիքը»:

Նրա դիտարկմամբ՝ բացի հակահայ հայտարարություններ անելուց՝ ՀՀ իշխանությունները հասարակությանն անընդհատ անորոշ վիճակում են պահում, ինչը ևս հատուկ մարտավարություն է. «Մինչև հիմա հայտնի չէ՝ նույն Արցախի ՊԲ-ն ինչ է լինելու, մեկն ասում է՝ կազմալուծում են, մյուսն ասում է՝ վերակազմավորում են, այսինքն՝ հասարակությունը դեռ չի էլ հասկանում՝ ինչ է լինելու, ոնց է լինելու: Այդ անորոշությունը հատուկ են ստեղծում, որ մարդիկ չկողմնորոշվեն, որովհետև, եթե այսօր կանգնես՝ ասես, որ, օրինակ՝ ես զորքը դուրս եմ բերում, վստահաբար, շատ մարդ է դուրս գալու և ասի՝ այս ի՞նչ եք անում: Այսինքն՝ դա էլ անորոշ են պահում, որ մարդիկ չհասկանան, չգործեն, մեկ էլ՝ ինչ-որ մի բան կանեն և կատարված փաստի առաջ քեզ կկանգնեցնեն, և այդ դեպքում դու ստիպված կլինես պոստ ֆակտում գործել»:

Տեսանյութեր

Լրահոս