Սուտն ամենասարսափելի զենքն է. անհող ոգևորությունից հաղթանակներ չեն ծնվում…
Վերջերս լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության հետևանքով մենք պարտություն կրեցինք: Ժամանակին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ աշխատած Արծրուն Հովհաննիսյանը, ով արցախյան վերջին պատերազմի ժամանակ ՀՀ ներկայացուցիչն էր, հակառակ կարծիքի է:
Եվ մեղադրանքներին, թե «Հաղթելու ենք» հեշթեգի տրամաբանությամբ քարոզչությունն անհրաժեշտ չափաբաժնից շատ էր, Հովհաննիսյանն անլուրջ է վերաբերվում՝ պնդելով, որ պատերազմների ժամանակ այլ տեսակ չի լինում քարոզչությունը:
«Մեղադրանքները հասել են այնպիսի աբսուրդի, կարծես մենք Թուրքիային կհաղթեինք, եթե քարոզչության ժամանակ բոլոր կորուստներն անուն առ անուն ասեինք, ամեն մի կորցրած միլիմետրը անմիջապես հայտնեինք: Պարտության իրական ռազմաքաղաքական, ռազմավարական պատճառները, տարիների բացթողումները, ռազմարվեստի, զենքի հարցերը թողած` բոլորը ուզում են քարոզչության դետալները քննարկեն: Ես հասկանում եմ` դա ինչից է, դա նրանից է, որ ոչինչ չեն հասկանում թվարկածս թեմաներից, պետությունը պատերազմի պատրաստելու իրական գործոններից, դրանց փոխկապակցվածությունից, դրա համար էլ լրատվական թեման է առաջին պլան գալիս, որտեղ մանիպուլյացիան էլ հեշտ է անելը: Խոստանում եմ` մի օր, երբ լրիվ ազատ մարդ կլինեմ, փաստերով կասեմ, թե լիարժեք ճշմարտության ասելը պատերազմների ժամանակ ինչերի է բերում։ Ես բոլոր տեղեկությունները, որ հայտնել եմ, ստացել եմ բանակի ներսից` պաշտպանության նախարարությունից, գենշտաբից կամ իմ զինվորական ընկերներից»,- մասնավորապես «Sputnik Արմենիայի» հետ հարցազրույցում ասել էր Արծրուն Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ իրեն ողջ հայությունը գիտի՝ որպես խոսնակ, բայց ինքը նախ՝ զինվորական-գիտնական է, որը մնացել է խոսնակի ստվերում։
«Քարոզչությունը՝ որպես զենք պատերազմում»
Այո, պատերազմի ելքը բազմաթիվ պատճառներ ունի: Այո, պատերազմի ժամանակ քարոզչությունը լուրջ զենք է, որի որոշիչ դերակատարման հարցում, մասնագետների գնահատմամբ, գրեթե բոլոր երկրների հրապարակագիրներն ու քարոզիչները համակարծիք են եղել դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին: Եվ, որ այս կարծիքին հանգել են՝ շնորհիվ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի կողմից տարածված քարոզչության անհավանական հաջողության, ինչպես նաև կապի միջոցների զարգացման գործում տեխնիկական պրոգրեսի, առաջին հերթին՝ ռադիոյի:
Պատերազմական քարոզչության մասնագետ Ռուդոլֆ Զուլցմանն իր «Քարոզչությունը՝ որպես զենք պատերազմում» գրքում նշում է՝ պրոպագանդիստները պետք է հասկանան և միշտ հիշեն, որ սեփական ժողովրդի բարոյական ոգին բարձրացնելու նպատակով և հակառակորդի դիմադրության կամքը թուլացնելու խնդիր հետապնդող քարոզչությունների միջև մեծ տարբերություն կա:
Մասնագետի խոսքով, պրոպագանդիստը պետք է իմանա նաև սեփական ժողովրդի մտածելակերպը, և, թե ինչպես պետք է նրան մոտենալ: Իսկ օտար ժողովրդին ճանաչելու համար անհրաժեշտ են լրացուցիչ բազում գիտելիքներ, բավարար փորձ և արվեստ: Այսինքն, պետք է հստակ իմանաս և հաշվարկես, թե քարոզչական հնարքդ ինչ կերպ կընկալվի հակառակորդ երկրի ժողովրդի կողմից:
Այս համատեքստում Զուլցմանը շարունակում է, որ քարոզչության համար ոչ պակաս նշանակություն ունի հակառակորդ երկրների ժողովրդի՝ իրենց իսկ ղեկավարների նկատմամբ ունեցած հարաբերությունների խնդիրը: Օրինակ, գերմանական պրոպագանդան Ռուզվելտի դեմ դատապարտվեց լիակատար ձախողման, որովհետև միջին ամերիկացին հավատում էր իր նախագահին՝ անկախ նրանից, թե առանձին դեպքերում, միջոցառումներում համաձա՞յն էր նրա հետ, թե՞ ոչ:
«Երբ սկսվում է պատերազմը, առաջին զոհը դառնում է ճշմարտությունը»
Պատերազմական քարոզչության մեջ սուտը՝ որպես զենք, ցանկացած երկիր գիտակցաբար է օգտագործում, որպեսզի մոլորության մեջ գցի սեփական ժողովրդին և խաբի հակառակորդին:
Պատերազմական քարոզչության մասնագետ Ռուդոլֆ Զուլցմանն իր վերոհիշյալ գրքում անդրադառնում է պատերազմական քարոզչության մեջ ստի նշանակությանը, դրա թույլատրելիության սահմաններին՝ նշելով, որ ոմանք արդարացնում են այն, որոշները՝ անիծում՝ հիշեցնելով հայտնի խոսքը՝ «երբ սկսվում է պատերազմը, առաջին զոհը դառնում է ճշմարտությունը»:
«Իրականում սուտը միշտ եղել է ամենասարսափելի զենքը. այն հակառակորդին հասցրել է լուրջ վնասներ, «վնասվածքներ» և էական ազդեցություն ունեցել ռազմական իրադարձությունների ելքի վրա: Բայց չպետք է մոռանալ, որ քարոզչական սուտը, այսպես ասած, սովորական կամ հեշտ զենք չէ. այն ունի ևս մեկ հատկություն, ինչի շնորհիվ այդ զենքը բացառապես վտանգավոր է դառնում: Բանն այն է, որ քարոզչության գործողությունները շարունակվում են նաև պատերազմից հետո, և կանգնեցնել այն, ինչպես, ասենք, կանգնեցնում են հրանոթի կրակը կամ ինքնաթիռներից ռումբերի «թափվելը», անհնար է»,- գրում է Զուլցմանը՝ հավելելով, որ գուցե շատերին տարօրինակ թվա, սակայն արդեն վերջին համաշխարհային պատերազմում պատերազմող կողմերը գնալով ավելի ու ավելի հրաժարվեցին «բացարձակ ստից» և հնարավորության դեպքում խուսափեցին դրանից:
Անհող ոգևորությունից հաղթանակներ չեն ծնվում…
Պատերազմական քարոզչության մեթոդների մասին երկար կարելի է խոսել, և բացի դասական կանոններից և փորձված ճշմարտությունից, յուրաքանչյուր մասնագետ իր ճշմարտությունն ունի. Մեկը՝ ի դեմս Արծրուն Հովհաննիսյանի, գտնում է, որ անկախ ամեն ինչից՝ զորքին պիտի մարտի ուղարկել, մտցնել «Հաղթելու ենք»-ով, Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ, ինչպես ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել էր, գտնում է, որ «պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները, անհիմն լավատեսությունն ու «հուսադրող» ապատեղեկատվությունը»։
Այսինքն, աստիճանաբար ժողովրդին պետք էր բերել դեպի իրականություն, բայց նախընտրեցինք ոգևորել:
«Անհող ոգևորությունից հաղթանակներ չեն ծնվում, սա է պատերազմի օրենքը…»,- մի առիթով ինձ հետ զրույցում ընդգծել էր Հասրաթյանը: