Բաժիններ՝

Փաշինյանը պետական պարտքի ավելացումը՝ եվրոբոնդերը, համարում է տնտեսական տարվա «շատ ուժեղ, դրական ազդակով» մեկնարկ

Կառավարության այսօրվա նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց, իր խոսքով, «տնտեսական բնույթի շատ կարևոր նորությամբ»: Այն ՀՀ պետական պարտքի ավելացումն է:

«Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում: Այս թողարկմամբ մենք ներգրավել ենք, թողարկել ենք 750 միլիոն ԱՄՆ դոլարի պարտատոմս: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով, ամենացածր տոկոսով և սա, իհարկե, շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար:

Առաջինը, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել: Երկրորդը, ըստ էության, կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ: Եվ նաև ուզում եմ արձանագրել, որ, քանի որ այս թեմայով կան որոշակի քննարկումներ, այդ թողարկումն ամենևին էլ արտահերթ, արտառոց կամ արտակարգ երևույթ չէ, որովհետև նախատեսված է 2021թ․ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում, և այս առումով կարող ենք արձանագրել, որ տարին՝ տնտեսական տարին, սկսել ենք շատ ուժեղ, դրական ազդակով և հույս ունենք, որ այս դրական ազդակն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա: Եվ արձանագրեմ, որ թողարկման տոկոսը 3.8% է, ընդ որում՝ ուզում եմ հիշեցնել, որ 2019թ․ թողարկումը, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում, և էլի աննախադեպ ցածր տոկոսով էր տեղի ունեցել թողարկումը, այն ժամանակ 4.2%-ով էր թողարկումը, և այս արձանագրումը և նորությունը չափազանց կարևոր է:

Կարևոր է նշել, որ պահանջարկը եղել է շատ ավելի մեծ, առաջարկը կամ պահանջարկը, ավելի է, երկու ձևով էլ ասել, շատ ավելի մեծ, շուրջ 3 միլիարդի պահանջարկ է եղել մեր պարտատոմսերի, բայց մենք այս պահին որոշել ենք ներգրավել 750 միլիոն դոլարը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, սակայն, տեղեկացրեց, որ այս քննարկումն իր մեջ ներդրողներին հրապարակային առաջարկ չի պարունակում, թողարկված եվրոբոնդերը նախատեսված է օգտագործել բացառապես ՀՀ իրավական համակարգի տիրույթում: Ֆինանսների նախարարի խոսքով՝ կայացրած որոշումը ոչ թե «պահային գնահատման արդյունք» է, այլ մինչ այժմ վարած «համապարփակ քաղաքականությունների» գնահատականը՝ միջազգային կապիտալի շուկայում ներդրողների համայնքի կողմից:

«Շատ կարևոր է, որ, երբ մենք պետական պարտքի մասին ենք խոսում և դատողություններ ենք անում, թե աճել է կամ նվազել է, մի փոքր բովանդակությանը անդրադառնալ այդ փոփոխությունների, որովհետև առաջին հայացքից բացարձակ թվով աճը ընկալվում է՝ որպես բացասական երևույթ: Բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքագիծը հետևանք է առկա բյուջետային քաղաքականության և պետական բյուջեի: Այլ կերպ ասած՝ միավորը, երկիրը, որը ունի դեֆիցիտ իր պետական բյուջեում, չի կարող մտածել անվանական արտահայտության կամ բացարձակ թվով պարտքի նվազման մասին, որովհետև որևէ տարվա պետական բյուջեի դիֆիցիտը ֆինանսավորվում է ներգրավվող փոխառու միջոցների ճանապարհով:

Միակ դեպքը, որ կարող է քննարկվել բացարձակ թվով պարտքի նվազման հարց, այն է, երբ որ նպատակադրում արվի հասցնել 0-ի դեֆիցիտը: Ինչ-որ ժամանակի ընթացքում դա կդառնա հնարավոր: Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք ունեցել, չունենք և մեծ հավանականությամբ չենք ունենա, որովհետև դա զարգացմանը նպաստող քաղաքականություն չի կարող համարվել: Հետևաբար՝ քանի դեռ մենք ունենք պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճ»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ սա ընդամենը պատմության մի մասն է: Մյուս մասը պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն է, որը, ըստ Ջանջուղազյանի, ևս մեկ ինտեգրալ ցուցանիշ է, իսկ  ներդրողները երկրի ռիսկայնության վերաբերյալ որոշումներ են կայացնում բազմաթիվ այլ ցուցանիշներով: Ջանջուղազյանի փոխանցմամբ՝ որոշում է կայացվել նախատեսվածից  250 միլիոն դոլար ավելի պարտք ներգրավել: Պարտքն էլ Հայաստանին տրամադրվել է 10 տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս