Թափթփված աշխատանքից տուժած քաղաքացիների չկայացած մուտքը ՌԴ
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները՝ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության պայմաններում, հնարավորություն ստացան մեկնել ՌԴ: Մեկնելու համար անհրաժեշտ էր ներբեռնել «Ճանապարհորդիր առանց COVID-19»-ի հավելվածը և թեստ հանձնել հատուկ լաբորատորիաներում:
Սակայն պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ հստակ չէ: 7 քաղաքացի սահմանված ընթացակարգով հանձնել են թեստ, ներբեռնել հավելվածը, «Զվարթնոց» օդանավակայանում անցել գրանցումը, փետրվարի 1-ին մեկնել են ՌԴ ու Մոսկվայի օդանավակայանում պարզել, որ, ինչպես իրենց հայտնել են ՌԴ օդանավակայանի մաքսակետի աշխատակիցները, իրենց ձեռքում եղած թեստի պատասխանի թուղթն անօրինական է: Քաղաքացիներին արգելել են դուրս գալ Մոսկվայի օդանավակայանից, 2 օր քաղաքացիները մնացել են օդանավակայանում՝ առանց սննդի, ու փետրվարի 3-ին նրանց «դեպորտ են արել» Հայաստան՝ անօրինական թղթով Ռուսաստանի սահմանը հատելու փորձի պատճառաբանությամբ (այն լաբորատորիան, որտեղ հանձնել են քաղաքացիները թեստը, նախապես չի եղել սահմանված լաբորատորիաների ցանկում):
Ըստ քաղաքացիներից մեկի՝ փետրվարի 1-ին օդանավակայանի աշխատակիցները, տեսնելով, որ օդանավակայանում լրագրողներ կան ու փորձել են մոտենալ, հասկանալ խնդիրը, «ժուռնալիստներին տենալով՝ ոնց որ իրար «գլխի քցեն», ասեն՝ «արի շուտ-շուտ, չկա, դավայ, գնացեք», թե ինչ կլինի, թե ձեզ էնտեղ կսպանեն, ինչ կանեն, իրանց վեջը չէ»:
«Մարդիկ ասում էին՝ QR կոդը կանաչ ցույց տա՝ ճանապարհը բաց է, գնացեք՝ որտեղ ուզում եք: Մեզ ասել էին, որ ռեգիստրացիայի ժամանակ թուղթը վերցնելու են՝ հեռախոսն էլ հետը վերցնելու էին, QR կոդը սկան են անելու, ու «բարի ճանապարհ»: Վերցրին, չարին, դե ֆալշ թղթի վրա ի՞նչ էին անելու, ու մեզ անօրինական ճանապարհեցին Ռուսաստան: Ու մենք գնացինք, հանդիպեցինք այս խնդիրներին:
Մեր պահանջն է, որ մեզ իրենց մեղավորությամբ արգելել են ՌԴ մտնել, էդ հարցին լուծում տան, մեր տոմսը վերականգնեն, մենք մեր ճանապարհը նորից շարունակենք»,- օդանավակայանում ասաց նման իրավիճակում հայտնված քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, որ իրենց Մոսկվայի օդանավակայանում ասել են, որ թույլ չեն տալու այդ թղթի առկայությամբ դուրս գալ օդանավակայանից ու Մոսկվա մտնել:
«Օրենքից ենք խոսում, ո՞ւր ա մեր օրենքը: Էսօր փաստի առաջ ենք կանգնած: 200 հազար դրամով տոմսը առել ենք, որ գնանք, մեր երեխեքին պահենք, պարտքով ենք վերցրել: Բանկում ունենք լիքը պրոբլեմներ, ո՞վ է լուծելու էս պրոբլեմները, եթե մեզ դեպորտ անեն…
Օրենքը ոնց ներկայացրել են Ազգային ժողովում, մենք եկել ենք, թեստը հանձնել ենք, մեզ ասել են՝ «կտաք 15.000 դրամ», մենք տվել ենք իրենց ուզած 15.000 դրամը, ոչ բազար ենք արել, ոչ մի բան, հավելվածը քաշած մեր հեռախոսի մեջ, մի քանի անգամ փորձեցինք, չեղավ, մեզ ասեցին՝ «գնացեք, վերջ»: Փաստորեն օրենքը մե՞նք ենք խախտում, թե՞ էս օդանավակայանի աշխատակիցներն են խախտում»,- ասաց քաղաքացին:
Nordwind ավիաընկերության ներկայացուցիչներն ասել են, թե մեղավորությունը օդանավակայանի Գրանցման ու Մաքսակետի աշխատակիցներինն է, որ թույլ են տվել կեղծ փաստաթղթի առկայությամբ հատել սահմանը: Ի դեպ, քաղաքացիները հենց այդ ընկերությունից են գնել իրենց տոմսերը: Մինչդեռ «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի բաժնից էլ հայտնում են, թե օդանավակայանը սպասարկող կազմակերպություն է, առաջնորդվում է ավիաընկերության կողմից առաջարկված ցուցումներով, իսկ ավիաընկերությունը նրանց ասել է, թե այդ թղթով կարող են երկիրը լքել, ու պատասխանատվություն է վերցրել այդ թղթի հիման վրա 7 քաղաքացու թռիչքի համար: Ըստ օդանավակայանի հանրային կապերի բաժնի ներկայացուցչի՝ պատասխանատուն կա՛մ Nordwind ավիաընկերությունն է, կա՛մ այն ընկերությունը, այս դեպքում՝ «Աստղիկ» ԲԿ-ն, որտեղ քաղաքացիները կորոնավիրուսի թեստ են հանձնել:
Մինչ օդանավակայանն ու ավիաընկերությունը մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը, քաղաքացիները դիմել են նաև ՄԻՊ-ին, օդանավակայանում սպասում են ՄԻՊ ներկայացուցչին, ու ասում էին, թե մնալու են օդանավակայանում այնքան ժամանակ, մինչև խնդիրը լուծվի: