ՌԴ մեկնելու համար անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդիր առանց COVID-19»-ը, թեստ հանձնել հատուկ լաբորատորիաներում
Կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով 2020թ. մարտից սահմանափակումներ մտցվեցին ճամփորդությունների հետ կապված, ու ՀՀ քաղաքացիները առավել հաճախ բարձրացնում էին օդուղով ՌԴ գնալու հարցը: Սակայն փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները՝ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ունենալու դեպքում, կարող են մեկնել ՌԴ:
«Մենք նախորդ տարվանից Ռուսաստանի մեր գործընկերների և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ աշխատում ենք այս թեմայի վրա, և ահա կարծես ունենք կոնկրետ արդյունք, և գործարկում է «Ճամփորդիր առանց COVID-19»-ի ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և ՌԴ-ի կառավարությունները կայացրել են որոշումներ: Եվ ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի ՌԴ, դեպի կոնկրետ օդանավակայաններ»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ծրագիրն առայժմ մեկնարկում է պիլոտային կարգով՝ մինչև մարտի 1-ը:
Առողջապահաության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ՝ «Ճամփորդիր առանց COVID-19», որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ, և նշված են այն չափորոշիչները, որին պետք է համապատասխանի լաբորատորիան՝ ընդգրկվելու այս հավելվածով աշխատելու համար:
Քաղաքացին, ներբեռնելով իր հեռախոսի մեջ «Ճամփորդիր առանց COVID-19» (Путешествую без covid-19) հավելվածը, այնտեղ կարող է գտնել այն լաբորատորիաները, որոնք գործում են սահմանված կարգի համաձայն և ընդգրկված են ծրագրում, մոտենալ լաբորատորիա, հանձնել թեստը, որի արդյունքները հեռախոսում ներբեռնված հավելվածով ինքնաշխատ եղանակով արտահայտվում են, ու թեստի բացասական պատասխանի դեպքում հավելվածում կանաչում է քաղաքացու՝ ազատ տեղաշարժի պատուհանը, ու քաղաքացին կարողանում է հատել սահմանը:
«Ուղղակի պիտի խնդրենք, որ քաղաքացիները վստահ լինեն, որ հավելվածն իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստի պատասխանը կատարված է առնվազն 72 ժամվա ընթացքում, և ունենալով այդ դրական՝ կանաչ պատուհանը, միայն այդ դեպքում ճամփորդեն»,- հավելեց առողջապահության նախարարը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում