«Անցած տարվա ընթացքում մենք բավականաչափ մաշեցինք մեր տնտեսական աճի պոտենցիալը». Արկադի Խաչատրյան

«2020-ը չափազանց ծանր տարի էր մեր երկրի և ժողովրդի համար՝ և՛բարոյահոգեբանական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական առումով». այսօր «2020-ի տնտեսությունը. Ծանր անկում, վերականգնման թույլ ակնկալիքներ» քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Նրա խոսքով՝ արտակարգ դրության հայտարարումը, լոքդաունը, ապա նաև ռազմական դրությունը չէին կարող ծանրագույն հետք չթողնել մեր տնտեսության վրա:

«Բնականաբար, անխուսափելի էր էական անկումը, սպասվում էր մինչև 8 տոկոս տնտեսական անկում, վերջնական թվերը կհրապարակվեն, կտեսնենք: 2020-ը նախ  առանձնացավ նրանով, որ սոցիալական բեռը կտրուկ ավելացավ պետական բյուջեի համար, սոցիալական առումով ևս հետևանքները բավականին խորն էին: Տնտեսության լոքդաունը, բնականաբար, չէր կարող չազդել, և ընթացիկ ծախսերը, սոցիալական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում լրացուցիչ ներարկումներ կատարելու անհրաժեշտությունը բերեց նրան, որ չէինք կարող խուսափել պետական բյուջեի դեֆիցիտի էական մեծացումից: Այստեղ կարևոր է նշել, որ բնական է, որ նման տնտեսական անկման պարագայում պետք է պակասեին նաև պետբյուջեի եկամուտները, նախատեսված ծախսերի իրականացման և լրացուցիչ ծախսեր իրականացնելու համար ակնհայտորեն պետք է գնայինք պետական պարտքի ավելացման: Անցած տարվա արդյունքներով մեր պետական պարտքն ավելացել է շուրջ 650 մլն դոլարով»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորի կարծիքով՝ տնտեսության հիմնական խոցված ճյուղերն են զբոսաշրջությունը, ծառայությունների ոլորտն առհասարակ և առևտրաշրջանառությունը: Խաչատրյանը նկատեց, որ ներքին պահանջարկի կտրուկ անկման պատճառով ներմուծման ծավալների էական անկում ունենք:

«Խոցված է, իհարկե, արտաքին առևտրաշրջանառությունը, էական անկում ունենք:  Մոտ 13.2 տոկոս ընդհանուր առևտրաշրջանառության անկում ունենք: Ճիշտ է, արտահանումը նվազել է ավելի նվազ չափով, որը բերել է մեր առևտրային բալանսի մի քիչ բարելավման՝ ի հաշիվ նրա, որ ներմուծումն ավելի մեծ չափով նվազեց, քան արտահանումը: Ցավոք սրտի, անցած տարվա ընթացքում մենք բավականաչափ մաշեցինք նաև տնտեսական աճի պոտենցիալը: Երբ նայում ենք, թե առաջիկայում ինչպիսի տնտեսական աճ պետք է ակնկալել, ապա առաջին ֆունդամենտալ չափորոշիչը պետք է լինի տնտեսական աճի պոտենցիալը, որն էապես կախված է՝ ինչպես ներդրումների ծավալից, այնպես էլ՝ կապիտալ ծախսերի իրականացումից»,-ասաց Խաչատրյանը:

Նա պնդեց, որ տնտեսական աճի պոտենցիալի վերականգնման արագությունից է կախված, թե որքան արագ կվերականգնվի տնտեսության բնականոն ռիթմը, ինչն էլ հիմք կհանդիսանա, որ ունենանք տնտեսական աճ: Անդրադառնալով ներդրումների նվազմանը՝ Արկադի Խաչատրյանը նկատեց, որ այս տարի դրանք զգալիորեն զիջում էին նախորդ տարվա ներդրումների ծավալին:

«Անցած տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմեց ընդամենը 300 մլն դրամ, որը նույնիսկ նախորդ տարվա համեմատ՝ մեկ տոկոսը չէր կազմում, ակնհայտ է, որ նման ծանրագույն իրավիճակում՝ արտակարգ դրություն, նաև ռազմական դրություն (թեև դա սեպտեմբերով էր ամփոփված), ակնկալել մեծ ներդրումային հոսք, դժվար կլիներ: Հիմա՝ հետպատերազմյան շրջանում, հիմնական ռիսկերը՝ քաղաքական ճգնաժամը, ինչո՞ւ ոչ, նաև այստեղ շատ կարևոր է բարոյահոգեբանական վիճակը, անորոշությունները, անվտանգային ռիսկերը, որոնք կան,  ռիսկային միջավայր են ստեղծում, որոնք բարենպաստ չեն ներդրումների համար: Որքան արագ կարողանանք հաղթահարել այս ամենը՝ ռիսկերը և անորոշությունները նվազեցնենք, այնքան արագ ավելի կանխատեսելի կդարձնենք միջավայրը ներդրողների համար»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորն ակնկալում է, որ այս խնդիրներն իրենց լուծումները կգտնեն շատ սեղմ ժամկետներում, հետևաբար՝ նաև կունենանք ներդրումներ: Արկադի Խաչատրյանի գնահատմամբ՝ անորոշությունները և ռիսկերն ածանցյալ են նախ և առաջ՝ անվտանգային, ինչպես նաև՝ սոցիալական սրված խնդիրների:

«Մենք ապրում ենք այլևս նոր Հայաստանում՝ նոր իրողություններով, նոր ռիսկերով, բավականաչափ սահմանային փոփոխություններ ունենք, նոր մարտահրավերներ, հսկայական ծավալի և կապիտալ ծախսերի անհրաժեշտություն կա, այդ թվում՝ ռազմական ենթակառուցվածքների, նոր սահմանագծերի, և այլն: Միգուցե անհրաժեշտություն լինի կապիտալ ծախսերի կառուցվածքը փոփոխել: Կարծում եմ, որ Հայաստանին խիստ անհրաժեշտ է նոր անվտանգային ռազմավարություն, իր պաշտպանական տնտեսական և սոցիալական բաղադրիչներով: Ակնհայտ է, որ հետպատերազմյան շրջանում էապես մեծանալու է սոցիալական բեռը, այդ առումով ընթացիկ ծախսերը, սոցիալական աջակցության ուղղվող խնդիրները, մեր տեղահանված հայրենակիցների տեղավորման հարցեր ունենք, բնակարանային շինարարության, ենթկառուցվածքների վերականգնման, աջակցության խնդիրներ ունենք: Բնական է, որ սոցիալական բեռն այս տարվա բյուջեի և միգուցե նաև  մյուս տարիների ընթացքում ինչ-որ չափով պետք է ավելանա, դա ազդելու է, իհարկե, պետական բյուջեի ծախսային կառուցվածքի վրա՝ ընթացիկ և կապիտալ»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը նկատեց նաև՝ մեր պետության համար կարևոր մարտահրավեր է արտաքին  պարտքի կայունացման խնդիրը: Նրա պնդմամբ՝ առաջիկա տարիների ընթացքում  կառավարությունը պետք է ներկայացնի կոնկրետ ծրագիր, թե ինչպե՞ս և ո՞ր թվականին կկարողանանք այն նվազեցնել ՀՆԱ-ի 60 տոկոսից: Արկադի Խաչատրյանը վստահեցնում է, որ տնտեսության կայունացումը կնպաստի նաև արտագաղթի ծավալները նվազեցնելուն:

«Մենք զգում ենք արդեն մարդկանց զգացողությունը, անվստահությունը, նաև անվտանգային խնդիրների հետևանք է սա, լոքդաունի, անցած տարվա ընթացքում շատ մարդիկ չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի, ինչը որոշակի սոցիալական հետևանքներ ունեցավ, այս ամեն ինչն իրար գումարվելով՝  ստեղծում է ֆոն և ռիսկեր արտագաղթի»,- ասաց Խաչատրյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի գնահատմամբ՝ ամենազգայունը մարդկանց վարքագծի նկատմամբ հենց ֆինանսական շուկաներն են: Արկադի Խաչատրյանը նկատում է, որ եղել են տատանումներ ավանդների ծավալների, ինչպես նաև տրվող վարկերի առումով, քանի որ անորոշությունների և ռիսկերի պարագայում բանկերն ավելի զգուշավոր են դառնում:

«Այս տարի ակնկալվում է, որ կլինեն չաշխատող վարկերի տոկոսի բավականին ավելացում»,- ասաց Խաչատրյանը:

Նա նաև պնդեց, թե անշարժ գույքի շուկայում այժմ գործարքներ չեն իրականացվում, կամ շատ քիչ են իրականացվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728