«Եթե խելքներս գլուխներս չհավաքենք, երկրին սպասվում է փլուզում և արյունահեղություն». Հարություն Մեսրոբյան
Հայաստանում ստեղծված իրավիճակի, պետական կառավարման ճգնաժամի, հնարավոր արտահերթ ընտրությունների ու զարգացումների մասին 168.am-ը զրուցել է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:
– Պարոն Մեսրոբյան, որպես կառավարման մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում երկրում առկա իրավիճակը, երբ հասարակության մի հատված շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, փոխարենը նա առաջարկում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց ոչ թե իր հրաժարականի կամ իրեն անվստահություն հայտնելու գործող սահմանադրությամբ ամրագրված դրույթներով, այլ ԱԺ-ի ինքնալուծարվելու ճանապարհով: Այդ հարցով սահմանադրության փոփոխության հարցը հիմա քննարկում է «Իմ քայլ»-ը:
– Նախ, այսօրվա վիճակը բնութագրելով՝ ասեմ, որ իրավիճակի ծանրության իմաստով կառավարման մեջ 3 աստիճան կա: 1-ինը, երբ երկիրը ճգնաժամի մեջ է և դա մեզ մոտ եղել է մինչև 2018 թ․ ապրիլ-մայիսը: Հետո պետությունը ճգնաժամից անցավ կատարյալ փոթորկի, երբ նույն վայրում նույն ժամանակ մի քանի ճգնաժամեր են գումարվում: 2020թ․ ամռանը մենք կատարյալ փոթորկից սկսեցինք անցնել ֆորս-մաժորի և հիմա մենք ֆորս-մաժորի մեջ ենք: Ֆորս-մաժոր նշանակում է անհաղթահարելի ուժի պայմաններ: Ի դեպ, այս ամենի մասին ես հրապարակավ զգուշացրել եմ թե՛ ԶԼՄ-ներով և թե՛ Facebook-ով:
Կրկնում եմ՝ մեր երկիրը հիմա անհաղթահարելի ուժի պայմանների մեջ է, այսինքն՝ անկանխատեսելի է: Իսկ անկանխատեսելի երկրում օր առաջ գնալ դեպի ընտրություններ, կապ չունի՝ տեղակա՞ն, թե՞ պետական, հղի է արյունահեղությամբ: Եվ բոլոր նրանք, ովքեր կոչ են անում ինչ-ինչ տարբերակով, ինչ-ինչ պատրվակով գնալ ընտրության, թող պատրաստ լինեն, որ Պարետոյի օրենքի համաձայն, առնվազն 80% հավանականությամբ Հայաստանում արյունահեղություն է լինելու: Դա դիտարկում է կառավարման գիտության տեսանկյունից, այլ ոչ թե իմ կամ մեկ ուրիշի կարծիքն է: Աստված տա, որ իրականանա 20%-ի չափով հավանականությունը և արյունահեղություն չլինի:
– Շատերն այսօր դժգոհում են կառավարության գործելաոճից, բայց կառավարությունը շարունակում է, օրինակ, պաշտոնյաներ գործուղել մարզեր: Երեկ Սյունիք է գործուղվել պատվիրակություն, որպեսզի բնակիչների հետ զրուցեն, ասեն, որ պատրաստ են օգնել, մարզի կողքին են: Ինչպե՞ս եք գնահատում սա կառավարման տեսանկյունից:
– Ես կպատասխանեմ Ֆրեդի Մերկուրիի երգի վերնագրով՝ Show must go on:
– Իսկ ընդդիմության գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ հնարավորություններ ունեն: Փետրվարին նախատեսում են մեծ հանրահավաք:
– Անկախ նրանից՝ ընդդիմությունն ինչ է նախատեսում, երկիրը փլուզվում է, իսկ այս իշխանությունները կհեռանան: Ուրիշ ճանապարհ չկա: Ֆորս-մաժորը հենց դա է:
– Դա երկա՞ր ժամանակ կպահանջի: Պատերազմն ավարտվել է, ավելի քան 2 ամիս անցել է, բայց իշխանությունն իր տեղում է:
– Այս իշխանությունն արդեն դե-ֆակտո չի կառավարում երկիրը: Դե-յուրե իշխանություն կա, դե-ֆակտո՝ չկա: Մի իշխանություն, որը չի կարողանում գերիների հարցը լուծել, սահմանների ճշգրտում անել՝ ո՞ր հարցն է կարողանում լուծել, բացի մեկ-մեկ ասֆալտ փռելուց: Ասֆալտը փռելու համար կենտրոնական իշխանություն պետք չէ:
– Այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում մնալ իշխանության:
– Դա շատ պարզ է, որովհետև երբ իրենք զրկվեն պաշտոններից, իրենց համար վտանգավոր պրոցեսներ են սկսվելու: Եվ երկրորդը, Դուք տեսե՞լ եք մի իշխանավոր, որը շատ հանգիստ, կամավոր, իր իշխանությունը հանձնի: Դա իշխանության բնույթն է մարդկության պատմության մեջ:
– Լևոն Տեր-Պետրոսյանը կամավոր հանձնեց իշխանությունը:
– Այդ ժամանակ իրեն ստիպեցին: Ի դեպ, նա ինքը դրա մասին ակնարկեց իր հրաժարականի ելույթում:
– Այսինքն՝ Դուք այստեղ ևս բացառում եք կամավորության սկզբունքը:
– Իշխանությունից հրաժարվելու կամավորության սկզբունք գոյություն չունի: Իր վերջին ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը, հստակ չեմ հիշում ձևակերպումը, մի միտք ասաց, որ «ստիպված եմ հեռանալ», այլ ոչ թե «մեծ ուրախությամբ ազատվեցի երկիր կառավարելու բեռից» (Լևոն Տեր-Պետրոսյանի բառացի խոսքը։ – «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ»):
– Ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում երկրի ու ժողովրդի համար:
– Եթե խիստ մոտենանք՝ մենք ժողովուրդ չենք: Վերջին իրադարձությունները՝ սկսած կորոնավիրուսից, վերջացրած պատերազմով դա են մատնանշում: Անցյալ տարի դեկտեմբերին, երբ պաշտոնական սգո երթի ժամանակ զանգվածաբար սրբապղծվեց Եռաբլուրը, որի համար մենք դեռ ի վերուստ դաժանորեն պատժվելու ենք, եթե մենք ժողովուրդ լինեինք, ժողովուրդը նախ թույլ չէր տա նման սրբապղծություն, իսկ եթե առանձին դեպքեր անգամ լինեին, այդ սրբապիղծները ժողովրդի մեջ դառնալու էին persona non grata:
Կարճ ասած՝ եթե խելքներս գլուխներս չհավաքենք, երկրին սպասվում է փլուզում և արյունահեղություն: Ես կառավարման տեսանկյունից եմ նայում: Ես ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ էլ Նոստրադամուս: Ես գիտությամբ եմ շարժվում:
– Իսկ գիտության տեսանկյունից ի՞նչ պետք է անել, որպեսզի չգնալ փլուզման:
– Հայաստանում պետք է լինի կենտրոնացված, կոշտ, որոշ չափով ռազմական իշխանություն, եթե մենք ուզում ենք իմ նկարագրած սպասվող ապագայից հեռանալ: Եվ դա ոչ թե 1 տարով, այլ առնվազն 5: Ֆորս-մաժորի ժամանակ մենակ խենթը կարող է մտածել, որ կարելի է ընտրություն անել: 80% հավանականությամբ դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջին պաշտոնական ընտրությունը: 20 տարուց ի վեր ես շատ բաներ եմ զգուշացրել, ամեն ինչ տեղի է ունեցել: Հիմա էլ եմ զգուշացնում՝ հետո չասեք, որ չեմ ասել: