«Եթե 17-ի փոխարեն՝ լինեին նորմալ, ազնիվ, բարեխիղճ մարդիկ, կարող է արդեն հեղափոխություն եղած լիներ». Իոաննիսյան

Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո նախ՝ 17 քաղաքական ուժերը, ապա՝ Հայրենիքի փրկության շարժումը սկսեց պահանջել Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, որին պետք է հաջորդեր ժամանակավոր կառավարության ձևավորումը, որն էլ երկիրը պետք է տաներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

«Իմ քայլը» խմբակցությունը և Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեցին, թե պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց միայն այն պարագայում, երբ վարչապետի պաշտոնում այլ թեկնածու չլինի: Չհաջողված առաջարկից հետո իշխանական «Իմ քայլը» խմբակցությունն այժմ էլ ծրագրում է Սահմանադրության մեջ խորհրդարանի ինքնալուծարման գործընթաց ներմուծելով՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այժմ ընդդիմությունն ունենալով մեդիա ռեսուրսներ, շատ փող, իր կողմն անցած դատական համակարգ՝ չի կարողանում 9000-ից շատ մասնակցով հանրահավաք կազմակերպել:

«Եվ այս հարցերի պատասխանը ոչ թե ապատիան է, որ ինչ-որ առումով ես համաձայն եմ՝ կա, այս հարցերի պատասխանը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր փորձում են հավաքել, իրենց հեղինակությունն ավելին չի, քան Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, որովհետև այս մարդիկ ժողովրդի մոտ ասոցիացվում են կոռուպցիայի, թալանի հետ: Սա է խնդիրը: Եթե այս 17 կուսակցությունների փոխարեն՝ լինեին նորմալ, ազնիվ, բարեխիղճ մարդիկ, կարող է հիմա արդեն հեղափոխություն եղած լիներ, ես չեմ բացառում:

Ես չեմ բացառում, որ նույնքան մարդ դուրս գար փողոց, ինչքան դուրս էր եկել 2018թ․ կամ ռելևանտ քանակի մարդ դուրս գար փողոց: Բայց քանի որ պրոցեսը փորձում էին անել մարդիկ, ովքեր ժողովրդի մոտ ընդհանրապես աջակցություն չեն վայելում, և իրենց ռեյտինգն անհամեմատ ավելի ցածր է, քան «Իմ քայլի» կամ Նիկոլ Փաշինյանի լավ ընկած ռեյտինգը, դա ակնհայտ է, չէ՞, որ ռեյտինգն ընկած է, ես չեմ վիճում, այդ պատճառով տեղի չունեցավ»,- «Ինչո՞ւ է ներդրվում Ազգային ժողովն ինքնալուծելու մեխանիզմը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Դանիել Իոաննիսյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը, թե՝ եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններ, «մասնակցելու ենք և կրելու ենք», Իոաննիսյանը նշեց, որ պետք է լինեն օրենսդրությամբ հստակ խաղի կանոններ, որպեսզի մրցակցությունը լինի առավելագույնս քաղաքական և նվազագույնս լինի ռեսուրսների, այդ թվում՝ վարչական և ֆինանսական ռեսուրսների մրցակցություն:

«Եթե Ռոբերտ Քոչարյանը (եթե մենք բավականին նորմալ խաղի կանոններ ունենանք վերջում) էդ խաղի կանոններով մասնակցի և ընտրվի, ապա շատ լավ: Բայց ինքը երևի պետք է հաշվի առնի, որ եթե փոփոխություններ լինեն, օրինակ, այն հեռուստաալիքը, որը կոնկրետ ասոցիացվում է իր հետ, չի կարողանա օր ու գիշեր միայն իրեն լուսաբանել և ստիպված կլինի որոշակի առումով հավասար լուսաբանում անել, եթե, օրինակ, Սահմանադրության 92-րդ հոդվածը փոխվի և նախընտրական քարոզարշավի ժամկետները երկարեն, որ, օրինակ, ինքը չի կարողանա ինքն իր գրպանից, իսկ ինքը բավականին հարուստ է, և բոլորս դա գիտենք, ինքը չի կարողանա ինքն իր գրպանից իր կուսակցությանը կամ այն կուսակցությանը, որով ինքը կմասնակցի, ավելի քան 2.5 միլիոն դրամ տա, և եթե փորձի այդ սահմանափակումը շրջանցել, դա քրեական հանցագործություն կլինի: Եթե այս խաղի կանոններով Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է մասնակցել՝ շատ լավ, թող մասնակցի, և ինչքան ձայն որ հավաքի արդար խաղի կանոններով՝ դա կլինի արդար հավաքած ձայները: Եվ եթե ինքը այդ խաղի կանոններով հաղթի, ապա շատ լավ»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս