Բժիշկ-լաբորանտ Արշակ Պետրոսյանի անդրադարձը առողջապահության նորանշանակ նախարարի ԱԺ-ում հնչեցրած մտքերին
ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկայի լաբորատորիայում սեկվենատորի հետ աշխատանքի բազմամյա փորձ ունեցող բժիշկ-լաբորանտ, պատերազմի առաջին իսկ օրերից Մարտունու հոսպիտալում կամավորագրված Արշակ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հնչեցրած հարցին առողջապահության նորանշանակ նախարար Ա.Ավանեսյանի տրված պատասխանին: Վերջինս այս անգամ էլ Ազգային ժողովի ամբիոնից փորձեց մոլորեցնել պատգամավորներին ու հանրությանը, զոհվածների նույնականացման դատագենետիկական հետազոտությունների ուշացումները կրկին կապելով նոր սարքի գնման հետ:
Բժիշկ Ա.Պետրոսյանին վրդովեցրել էր հատկապես այն, որ կեղծ տեղեկություններ հնչեցնելիս նախարարը հղումներ է արել մասնագետների կարծիքին:
Սրանք են բժիշկ-լաբորանտի բացահայտած ստերը:
ԱՆ ՍՈՒՏ N1‼ ՁԻԱՀ-ի կենտրոնի սեկվենատորի տեխնիկական հագեցվածությունը և ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել զոհվածների դատագենետիկական հետազոտությունների իրականացման համար, որի համար էլ գնվել է նոր սարք։
Բժշկի հերքում N1‼ Նկարում Ա.Պետրոսյանը աշխատում է ապօրինի լուծարված ՁԻԱՀ-ի կենտրոնի ABI 3500 մոդելի սեկվենատորի հետ: Գնված սեկվենատորի մոդելը լրիվ նույնն է՝ ABI 3500: Զոհվածների նույնականացման նպատակով կես միլիոն դոլարանոց նոր սարք գնելու փոխարեն կարելի էր ուղղակի աշխատեցնել ՁԻԱՀ-ի կենտրոնի սարքը: Դրա համար հարկավոր էր ընդամենը ծրագրային ապահովում (մոտ 10000$) և որոշ ծախսանյութեր (մոտ 2000-3000$), որոնք, ի դեպ, պետք է որ առկա լինեին Դատաբժշկական կենտրոնում, հակառակ դեպքում, այնտեղ մինչ այդ հնարավոր չէր լինի կատարել նույնականացման հետազոտությունները:
ԱՆ ՍՈՒՏ N2 Երկրորդ սարքի շնորհիվ օրական հետազոտությունների թիվը աճել է 10-ից մինչև 30-33։
Բժշկի հերքում N2 Ինչ վերաբերում է հետազոտությունների կրկնակի աճին գնված սարքի շնորհիվ, ապա 1 սարքի տեխնիկական թողունակությունը առնվազն 192 նմուշ է մեկ ցիկլի ընթացքում: Այսինքն, չօգտագործելով առկա սարքի ամբողջ հնարավորությունները նախարարությունը գնում է 2-րդ սարքը և նախարարի շուրթերով հպարտ ասում, որ 2-րդ սարքի շնորհիվ 10-ի փոխարեն օրական կատարվում է 30 հետազոտություն: Այսինքն, 2-րդ սարքն է՞ այդ թիվն ավելացրել:
ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ Է ԲՈՒՆ ԽՆԴԻՐԸ
Խնդիրը սեկվենատորի մեջ չէ, ըստ բժիշկ Ա.Պետրոսյանի, այլ՝ առողջապահության նախարարության ղեկավարության արատավոր գործելակերպի մեջ: Եթե նորմալ խորհրդակցեին մասնագետների հետ և նպատակը իրականում լիներ զոհվածների նույնականացման հետազոտությունների թիվը մեծացնելը, ապա այլ քայլեր կձեռնարկվեին։ Այդ սարքի փոխարեն պետք էր ընդամենը՝
– գնել հետազոտվող նյութի ստացումը ավտոմատիզացնող սարքեր՝ սեկվենատորի հնարավորինս մաքսիմալ բեռնումը ապահովելու համար,
– սեկվենավորումից ստացված զոհվածների և նրանց հարազատների տվյալների նույնականացման գործընթացն արագացնելու համար գնել համապատասխան ծրագրային ապահովում:
Դա կնվազեցներ մասնագետների ծանրաբեռնվածությունը, կարագացներ նույնականացման գործընթացը և կնվազեցներ մարդկային գործոնով պայմանավորված սխալները:
Հարց. Դուք իրականում ուզու՞մ եք արագացնել զոհվածների նույնականացման գործընթացը, թե՞ կրկին պետբյուջեի հաշվին ձեր PR-ով եք զբաղված, օրակարգում ունենալով վիրավոր զինվորների բուժման և հաշմանդամների վերականգնման համար բազում այլ ծախսեր:
Արժանապատիվ բուժաշխատողների միություն