«Մեր երկրում ձևավորվել է դատավորների բուրգ». Գագիկ Ջհանգիրյան

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում նախ  շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա նաև՝ բոլոր երեք՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցություններին՝ նշելով, որ իր թեկնածության քննարկումն անցել է բարեկամական, մասնագիտական պայմաններում:

«Տրվել են բազմաթիվ հարցեր ինձ հաճելի, նաև ոչ այնքան հաճելի,  և նախնական քննարկումները համարում եմ շատ արդյունավետ»,- նշեց նա:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն իր ելույթի առաջին մասը նվիրեց ԲԴԽ մի շարք խնդիրներին՝ շեշտելով, որ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ հիմնական առաքելությունը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է. «Այստեղից հետևում է, որ այդ անկախության երաշխավորող մարմինն ինքը նախ և առաջ պետք է լինի անկախ, գործի անկախ, որպեսզի կարողանա երաշխավորել թե ՛ դատարանների, թե՛ դատավորների անկախությունը:

Պետք է արձանագրենք, որ սահմանադրական մակարդակում հռչակվում է ԲԴԽ անկախ պետական մարմին լինելու հանգամանքը, բացի այդ՝ ԲԴԽ անդամները ընտրվելով թե՛ դատավորների ընդհանուր ժողովի, և թե՛ ԱԺ կողմից,  հաշվետու չեն իրենց ընտրող մարմիններին՝ դրանով իսկ անկախ են և գործում են անկախ:

Հավելենք, որ ԲԴԽ բոլոր անդամները ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձին համապատասխան վարձատրություն են ստանում, ինչը բավական բարձր վարձատրություն է, առանց ԲԴԽ համաձայնության ՝ չեն կարող ենթարկվել քրեական հետապնդման և կալանավորվել, ԲԴԽ անդամների կարգապահական պատասխանատվության և պաշտոնից ազատման բարդեցված օրենսդրական գործընթացներ են նախատեսված, և այլն»:

Գագիկ Ջհանգիրյանը թվարկեց ԲԴԽ անկախությունը երաշխավորող այլ գործոններ ևս՝ նկատելով. «Ունենալով դատարանների և դատավորների անկախության ապահովմանը կոչված վերը թվարկված սահմանադրական և օրենսդրական լայն երաշխիքներ ու գործառույթներ՝ այդ թվում՝ ինչպես դատավորների նշանակումն ու առաջխաղաղացումն ապահովող, այնպես էլ՝ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ ընդհուպ զբաղեցրած պաշտոնից ազատելու  լրջագույն լիազորություն, արդյո՞ք այդ մարմինն ինքնաբերաբեր իրավունք ձեռք չի բերում կամ չի գայթակղվում  ներազդել դատարանների կողմից կայացվող որոշումների վրա, թե՞ այդ ներազդեցությունը բացառվում է էթիկական, կարգապահական, կամ քրեաիրավական արգելող նորմերով միայն:

Թե փաստացի ինչպիսի վիճակ ունենք այս հարցում, մեր հասարակության, նրա հասարակական ու քաղաքական հատվածների, նաև ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ու անհատների գնահատաման խնդիրն է»:

Իր ելույթի երկրորդ մասում ԲԴԽ անդամի թեկնածուն խոսեց դատարանների անկախության մասին. «Տարածված է այն միտումը, եթե դատավորներն ու դատարանները անկախ են Գործադիր և Օրենսդիր իշխանությունից,  ուրեմն նրանք անկախ են.  իրականում կախվածության և անկախության գործոնները շատ ավելի շատ են:

Բացի այդ՝ կա անկախության ևս մեկ շատ կարևոր ներքին խնդիր՝ ստորադաս դատարանների անկախությունն է վերադաս դատարաններից, որովհետև ստորադաս դատարանները և դատավորներն իրենց կայացրած որոշումներով ֆունկցիոնալ առումով կախված են վերադաս դատարաններից: Եթե այդ կախվածությանը գումարվում են նաև կազմակերպչական, ենթակայության  այլ տարրեր, ստացվում է, որ վերադաս դատարանի ղեկավարը կարող է թելադրել ստորադաս դատարանի դատավորին ակնկալվելիք կամ իր ցանկալի որոշումը:

2007 թվականին ընդունված Դատական օրենսգիրքը, ըստ էության, մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, դատարանների բուրգ՝ վերից վար խիստ ենթակայությամբ: Եվ բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը՝ անկախ նրա անձնական հատկանիշներից, կարողանում է պարտադրել ստորադաս բոլոր դատարաններին և դատավորներին ցանկալի որոշում»:

Տեսանյութեր

Լրահոս