«Ասել՝ գիտե՞ս ինչ` քո փաստաթղթում գրված է՝ «մարտական ծառայություն», և ոչ թե՝ «մարտական գործողությունների մասնակից», և այս հիմքով չտալ արտոնություն, ոչ իրավաչափ է». Հրանտ Սարկիսով

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 10-ի նիստում որոշում էր կայացրել փոխհատուցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, մասնակից անձանց սովորող երեխաների և ամուսնու ուսման վարձը:

2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար շահառու անձինք պետք է դիմեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ), վերցնել տեղեկանք կամ «մարտական գործողությունների մասնակից» նշմամբ զինվորական գրքույկը և ներկայացնել բուհ:

Որքանով խնդիր կարող է լինել «մարտական գործողությունների մասնակից» ձևակերպումն այն զինծառայողների և կամավորների համար, որոնց տրվող տեղեկանքներում գրված է՝ «իրականացրել է մարտական ծառայություն»:

168.am-ի հետ զրույցում ԼՀԿ Երիտասարդական միության քարտուղար, Ապրիլյան և արցախյան երրորդ պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը նշեց` «մարտական ծառայությունն» ավելի լայն հասկացություն է, քան «մարտական գործողություններ» ասվածը, ուստի, եթե քաղաքացին ներկայացրեց տեղեկանք, զինգրքույկ, որտեղ գրված է՝ «մարտական ծառայություն», ինչը, ըստ էության, իր մեջ մարտական գործողությունների մասնակցություն է ներառում, ուսումնական հաստատությունները պարտավոր են տրամադրել համապատասխան արտոնություններ:

«Իսկ եթե ուսումնական հաստատություններից կլինեն, որ կկասկածեն շահառուի ներկայացրած փաստաթղթի իսկությանը, որ ուսման վարձի արտոնություն տրամադրեն, ապա վարչարարության հիմունքներով պայմանավորված՝ այդ բեռը դրվում է վարչական մարմնի վրա: Այսինքն՝ տվյալ ուսումնական հաստատությունը պարտավոր է ստուգել այդ փաստաթղթի իսկությունը, օրինականությունը: Թե չէ հրաժարվել և ասել՝ գիտե՞ս ինչ` քո փաստաթղթում գրված է՝ «մարտական ծառայություն», և ոչ թե՝ «մարտական գործողությունների մասնակից», և այս հիմքով չտալ արտոնություն, սա ոչ իրավաչափ է, և տվյալ ուսումնական հաստատությունը դուրս է գալիս իրեն լիազորված գործողությունների շրջանակից: Այսինքն, եթե շահառուն դիմեց, նա պարտավոր է ընթացք տալ և իր միջոցներով պարզել՝ արդյո՞ք տվյալ շահառուին պետք է տրամադրել արտոնություն: Ապրիլյան պատերազմի ժամանակ շահառուների զինվորական գրքույկներում նշվում էր՝ «մարտական գործողությունների մասնակից», որը ենթադրում էր ուսման վարձավճարի զեղչեր: Կառավարության որոշմամբ դա կազմում էր 50 տոկոս, և մինչև ավարտելն Ապրիլյան պատերազմի մասնակիցներն օգտվում էին այդ արտոնությունից: Կային համալսարաններ, որ ավելի շատ զեղչ տրամադրեցին՝ մինչև 100 տոկոս: Օրինակ, Հայ-ռուսական համալսարանն առաջին ուսումնական տարում արեց 100 տոկոս զեղչ, հետո շահառուների թիվն ավելացավ, և 100 տոկոսի փոխարեն՝ գիտխորհուրդը վարձավճարի 60 տոկոս զեղչ սահմանեց, որը մինչ այժմ գործում է: Իսկ եթե նշված չէր՝ «մարտական գործողությունների մասնակից» զինգրքույկներում Ապրիլյան պատերազմի ժամանակ, ապա մարտական հերթապահություն իրականացնելու համար 30 տոկոս զեղչ էր տրամադրվում»,- մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է վերջին պատերազմի համատեքստում այն զինծառայողներին, որոնց զորամասերը հակառակորդից ոչնչացվել են, և պատերազմին իր մասնակցության կնքման և հաստատման խնդիր կարող է ծագել, Հրանտ Սարկիսովը նշեց, որ այս դեպքում էլ կա արտոնության հնարավորություն:

«Զորամասերը վերակազմավորվել են, նոր զորամասեր են ձևավորվել, և այս դեպքում տվյալ զորամասի շարային մասը պարտավոր է իր ենթակա զինծառայողների զինվորական գրքույկներում ամրագրել՝ այսինչ զինծառայողը տվյալ զորամասդի կազմում, որը վերակազմավորվել է այսինչ զորամասի, մասնակցել է մարտական գործողություններին, տալով համապատասխան փաստաթուղթը, որ տվյալ զինծառայողն ուսումնառության ժամանակ հետո ստանա համապատասխան արտոնությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այն կամավորների և պահեստազորայինների դեպքում, որոնց զորամասերը կազմալուծվել են, փաստաթուղթը պետք է տրամադրի զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանումը՝ զինկոմիսարիատը, որը զորակոչել է քաղաքացիներին մարտական ծառայության կամ մարտական գործողությունների:

Տեսանյութեր

Լրահոս