Ի՞նչ վտանգներ կան Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածությունների շուրջ

Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում հնչեցրած Ղարաբաղյան դիտարկումները բավականին ուշագրավ էին։ Հատկապես կարևոր էին Լավրովի՝ Արցախի կարգավիճակին և անհետ կորածների ու գերիների վերադարձին վերաբերող   մեկնաբանությունները։ Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ Լավրովն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Ըստ նրա՝ կարգավիճակի հարցը հակասական էր, և որոշվել է երեք ղեկավարների կողմից շրջանցել այդ հարցը և թողնել ապագային։ ՌԴ արտգործնախարարը նշել էր, որ այդ հարցով նաև պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Լավրովի կարծիքով` որքան արագ լուծվի Երևանի և Բաքվի հավաստիացումները էթնիկ, կրոնական համայնքների միջև առօրյա կյանքը կարգավորելու պատրաստակամության մասին, այնքան ավելի արագ կլուծվի ԼՂ կարգավիճակի հարցը:

Գերիների հարցի վերաբերյալ Լավրովը նշել էր, որ անհրաժեշտ էր, որպեսզի և հայերը, և ադրբեջանցիները ձևավորեին անվանացանկը մարդկանց, ովքեր կորել են, և ցանկանում են գերությունից ետ բերել: Ըստ նրա, Ադրբեջանն այդպիսի ցանկ տրամադրեց, և այն այդքան զգալի չէր, և բոլորը՝ ոչ միանգամից, բայց վերադարձվեցին, իսկ հայկական կողմից ցուցակները ներկայացվեցին ոչ ամբողջական և ոչ միանգամից, և արդյունքում՝ փոխանակում տեղի ունեցավ այն անձանց, որոնք մասնակից էին  ռազմական գործողություններին նոյեմբերի 9-ի դրությամբ: Սակայն, նրա պարզաբանմամբ, ներկայումս գլխավորը հետևյալ հարցն է, որը ծագել է դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ  նոյեմբերի վերջին հայ զինծառայողների մի մեծ խումբ, նորակոչիկներ, ուղարկվել էին այնտեղ,  և նրանք ընկան գերության արդեն մեկ շաբաթ և տասն օր անց դեկտեմբերից, 62 մարդ, և ադրբեջանական կողմն  այդ փուլում հայտարարեց, որ  քանի որ այդ մարդիկ ուղարկվել են այդ շրջան հրադադար հայտարարելուց և ռազմական գործողությունները դադարեցնելուց  հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե մինչև նոյեմբերի 9-ին վերաբերող մասով: Սակայն Լավրովն ասաց, որ ռուսական կողմն  առաջ է մղում անհրաժեշտությունը՝ շարունակել  այս հարցի դիտարկումը՝  բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքով:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ Ռուսաստանը խելացի քաղաքականություն է վարում, ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահների համար տնային աշխատանքի հնարավորություն տալով, քանի որ այդպես Ռուսաստանը փոքրացնում է իր հակասությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ Արևմտյան համանախագահների հետ, միևնույն ժամանակ հասկանալով, որ Ադրբեջանը նախընտրում է ներկայումս առկա եռակողմ ձևաչափը։ Ուստի, Մալաշենկոյի խոսքով, ըստ անհրաժեշտության կարգավիճակի հարցը կլուծվի այս կամ այն ձևաչափի շրջանակում։

«Չէ՞ որ այս պահին նշվում է, որ ակտուալ այլ հարցեր կան, իսկ առաջիկա մի քանի տարիների ընթացքում շատ տարբեր զարգացումներ կարող են լինել, որոնք կանխատեսելի չեն, բայց այս պահին կարգավիճակի հարց փաստացիորեն չի քննարկվում, և դեռ մոտ ապագայում չի քննարկվելու։ Հետո բարդ է ասել, թե ինչ կլինի։ Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ձեռնտու է Ռուսաստանին, Ռուսաստանը տարածաշրջանում նոր դիրքեր է հաստատում և փորձում նորովի դիրքավորվել։ Ողջ ռեսուրսն ու ուշադրությունն այդ ուղղությամբ է, և դրա կարևորագույն բաղադրիչը հաղորդակցությունն է, քանի որ խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը Ղարաբաղում նման անհրաժեշտություն  է առաջացնում։ Բնականաբար, կապերը խորանում են և փակ ճանապարհները խոչընդոտում են շարժունակության ապահովմանը»,- ասաց Մալաշենկոն։

Նրա խոսքով, ուշագրավ և կարևոր էր Լավրովի արձագանքը Ղարաբաղը ՌԴ-ին միացնելու տեսակետների վերաբերյալ, հերքելով այդ կանխատեսումները։

Ինչ վերաբերում է գերիների հարցին, ապա Մալաշենկոյի կարծիքով՝ դա պարզապես ճնշման լծակ է Հայաստանի դեմ, քանի որ ենթադրաբար, ադրբեջանական ընկալմամբ,  Հայաստանը կարող է հրաժարվել ցանկացած պահի եռակողմ պայմանավորվածություններից՝ հատկապես անկայուն ներքաղաքական կյանքի ֆոնին։

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հետպատերազմյա ռուսական պլանն իր հունով ընթանում է մի քանի խնդիրների բացառությամբ։ Սակայն, նրա խոսքով, եթե կողմերը, մասնավորապես՝ Ադրբեջանը, շարունակի ճնշումները, շատ հարցեր կարող են մտնել փակուղի և չլուծվել նույնիսկ եռակողմ ձևաչափում, ինչպիսին ճանապարհների ապաշրջափակման կարևոր հարցն է։

«Այսինքն՝ ամեն ինչ նորմալ է ընթանում, սակայն կան վտանգներ նույնիսկ այս ձևաչափում։ Ներկայիս միտումները թույլ են տալիս ենթադրել, որ բանակցությունները և արդյունքները կարող են դանդաղել։ Սրան հավելյալ,  Ռուսաստանը զգում է, որ Արևմուտքը փորձելու է վերցնել նախաձեռնությունը և քննարկել հարցեր, ուստի չի փորձում մտնել առճակատման մեջ, բայց Արևմուտքի մասնակցությունը ևս հավելյալ կերպով կարող է խաթարել ներկայիս ընթացքը։ Սա դեռ անկայուն իրավիճակ է․ Ռուսաստանն ունի քայլերի հերթականություն, սակայն դրանք կարող են խախտվել»,- ասաց նա։

Լուկիանովը ևս կարծում է, որ գերիների հարցում կա ճնշման բաղադրիչ։ «Կարծում եմ՝ հետագա որոշումների դեպքում այս հարցը ևս կլուծվի։ Ընդհանրապես նման հարցերը մեկ օրում չեն լուծվում, և հարկավոր են բանակցություններ։ Սա կանխատեսելի իրավիճակ էր»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս