Միշտ էլ գերիներ են եղել Ադրբեջանում վերջին տարիներին, բա ինչո՞ւ այս դահլիճում հրաժարական չեք պահանջել. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց մինչ հունվարի 11-ի հանդիպումը հայտարարած գերիների հարցի առաջնահերթությունն ու հանդիպման արդյունքում այդ հարցի չկարգավորումը:

«Ձեր հրաժարականը պահանջելուց «Լուսավոր Հայաստանը» երբեք որևէ որակումներ չի տվել, Ձեզ չի անվանել դավաճան, չի անվանել հող ծախող: Մեր հիմնական մտավախությունը և պատճառը, որով մենք ուզում ենք Ձեր հրաժարականը, այն է, որ մենք կասկածներ էինք հայտնում, որ այսուհետ կկարողանաք, լինելով պարտված ղեկավար, միջազգային հարթակներում ներկայացնել և պատշաճ պաշտպանել Հայաստանի շահը: Եվ հունվարի 11-ին մենք փաստացի ականատես եղանք մեր պնդումների ապացույցին: Դուք թեև գնում էիք Մոսկվա՝ հայտարարելով, որ մեր առաջնահերթություններում գերիների վերադարձի հարցն է, բայց որևէ ձեռքբերում այս ուղղությամբ մենք չունեցանք, և սա ապացուցում է, որ Դուք այլևս այս կարևոր թեմայում՝ Հայաստան և Ադրբեջան բանակցություններում, Դուք ունակ չեք լինելու այլևս պաշտպանելու Հայաստանի շահերը: Ըստ այդմ, ինչո՞ւ եք Դուք շարունակում պաշտոնավարել և ինչո՞ւ չեք հեռանում՝ հնարավորություն տալով կարող ուժերին գալ և շարունակել բանակցությունները հնարավորինս հայանպաստ ուղղությամբ»,- հարցրեց Գևորգ Գորգիսյանը:

Ու չնայած Գևորգ Գորգիսյանի հարցը վերաբերում էր 2018թ․ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին կատարված դեպքերին, Փաշինյանը պատասխանելիս կրկին հիշեց նախկիններին: Ապա արեց հայտարարություն, թե երբևէ Հայաստանին ավելի շատ գերի չի վերադարձվել, քան իր իշխանության օրոք: Հետո Փաշինյանը մեղադրեց ընդդիմությանը՝ գերիների կյանքը, անվտանգությունը, առողջությունը վտանգի տակ դնելու ու գերիների հարցով քաղաքական միավորների շահելու համար:

«Վերջին, չգիտեմ, ուղղակի շատ կոնկրետ չեմ կարող հիշել, բայց բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Միշտ: Հիմա պարզապես պարզ ա, որ գերիների թիվը մեծ է: Բայց եթե տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո: Հիմա իմ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ էս դահլիճում էդ հարցը էդ երկար տարիների ընթացքում չի հնչել, որ՝ այ, Դուք… Եվ ընդ որում, այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում՝ գերիների վերադարձը: Ինչի՞ էդ հարցը չի հնչել, որ երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել ա հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչի՞ մենք ամեն անգամ՝ և՛ մեր կառավարության օրոք իմիջիայլոց, և՛ նախկին կառավարությունների օրոք էդ հարցը չի հնչել՝ «Դուք գնացիք, գերիներին չկարողացաք վերադարձնել, հետևաբար՝ Դուք ինչո՞ւ հրաժարական չեք տալիս»: Ինչո՞ւ էդ նույն հարցը չի հնչել ամեն անգամ, որ՝ «Դուք, այ, գնացիք, բանակցեցիք, Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս», «Այ, Դուք, գնացիք, բանակցեցիք, և, օրինակ,  Ասոցացման պայմանագիրը չկարողացաք ստորագրել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս»:

Այսինքն, գիտեք՝ ի՞նչ, դա… պետք ա հասկանալ՝ մենք ուզո՞ւմ ենք գերիները վերադառնան, թե՞ մենք ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք: Կներեք, ես չեմ տեսել էսօրվա էս ողջ ընթացքում ընդդիմադիր դաշտից արված որևէ գործողություն, որը առնվազն չխանգարի գերիների վերադարձին, առնվազն չխանգարի գերիների վերադարձին: Եվ, այո՛, շատ դժվար ա 5 ճակատով պայքարել գերիներ վերադարձի հարցի շուրջ:

Դուք այսօր հարցեր եք բարձրացնում, հենց էսօրվա հարցուպատասխանների ընթացքում հարցեր են բարձրացվել, որոնք իմ կանխատեսմամբ՝ առաջիկայում էդ հարցերի հնչեցնելու ձևակերպումների արձագանքները մենք կտեսնենք: Թվում ա, թե մենք հարց ենք տալիս ճանապարհների անվտանգությունն ապահովելու համար, բայց իրականում հարց ենք տալիս էժան քաղաքական միավոր շահելու համար, որի արդյունքում էդ ճանապարհի գործունեության համար ձևավորվում ա շատ կոնկրետ վտանգ: Եվ երբ որ հարցը հնչում էր, ես չեմ ուզում թաքցնել, երբ որ ասվում էր՝ «հա…», լավ, չասեմ՝ ինչ էի ասում: Բա ինչի՞ չէիք հարցնում նախկինում:

7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում: Իսկ ինչի՞ չեք ասում, որ գերի ա եղել, 2.5 տարի սոցիալական ցանցերում, հարթակներում և այլն խոսք էր գնում՝ «այ էս, էս, էս մարդկանց կառավարությունը ինչի՞ չի վերադարձնում», էդ մարդկանց կառավարությունը վերադարձրել ա: Նախկինում ոչ մի անգամ էդպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել:

Կներեք, եթե Դուք ինձ ասում եք՝ որպես մենք իշխանություն՝ ի վիճակի չենք սպասարկել Հայաստանի շահը, ես էլ ասում եմ՝ Դուք որպես ընդդիմություն՝ առավելևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը, որովհետև Դուք ամեն շեշտադրում… Ձեզ թվում ա՝ դուք հիմա գերիների հարցի լուծո՞ւմ եք անում, Դուք Ձեր շեշտադրումներով և էդ էժան միավորներ հավաքելու Ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունը, առողջությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով՝ Գևորգ Գորգիսյանը Փաշինյանին հիշեցրեց, որ նոյեմբրի 9-ին ստորագրել է փաստաթուղթ, որի կետերից մեկը գերիների վերադարձի հարցն է, ու ընդգծեց, որ Փաշինյանը չի կարողանում կյանքի կոչել արդեն իսկ ձեռք բերված փաստաթուղթը ու չի կարողանում սպասարկել ՀՀ պետական շահերը՝ մեկ անգամ էլ Փաշինյանին հիշեցնելով, որ Ռուսաստան մեկնելուց առաջ հայտնել էր, թե գերիների վերադարձի հարցն առաջնահերթություն է, ու իր հայտարարած առաջնահերթությանը չի կարողացել հասնել:

«Դուք կրկին Ձեր ձախողումներն ուզում եք ուրիշների ձախողումներով կամ թերացումներով արդարացնել, և դուք հերթական անգամ հենց էդ Ձեր նշած էժան մանիպուլյացիաներով և էժան բալեր հավաքելով, ռեյտինգ փորձելով պահել՝ դեմ եք գնում ՀՀ շահերին»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս