«Իշխանությունը վախենում է պատերազմի ընթացքի կամ դրա նախապատրաստական շրջանի քննությունից». Էդմոն Մարուքյան

Այսօր խորհրդարանում 168.am «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ արդյոք խորհրդարանական ընդդիմությունը երկրում ստեղված իրավիճակի համար իր մեղքի բաժինն ունի՞:

«Օրինակ, ընդդիմությունն ի՞նչ պետք է աներ, որ չի արել, պատերազմի ժամանակ համախմբված չի՞ եղել՝ համախմբված է եղել, առաջարկներով հանդես չի՞ եկել՝ հանդես է եկել, ընդդիմությանը լսե՞լ են՝ ոչ: Եղած խնդիրները բավարար բարձրացրել է, կարծում եմ՝ բավարարից էլ ավելին  է բարձրացրել: Խորհրդարանական կառավարման երկրում մենք ունենք իրավիճակ, երբ իշխանությունն ունի սահմանադրական մեծամասնությունից անդին մեծամասնություն, ամեն ինչ եղել է և կա իշխանության ձեռքում: Ընդդիմության ցանկացած նախաձեռնություն տապալել են, տեսեք, երեկ ռազմագերիների վերաբերյալ նախագիծ էինք բերել խորհրդարան, որը ապաքաղաքակն բան էր, բայց այն տապալել են»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Նա նաև շեշտեց, որ ԼՀԿ-ն առաջարկ է ներկայացրել՝ պատերազմի վերաբերյալ փաստահավաք խումբ ստեղծել՝ ճշմարտությունը պարզելու համար:

«Երեկ Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, իրենք են ասել՝ դավաճանել են, վրեժի ժամանակն է: Հիմա մենք ասում ենք, եկեք՝ քննենք, տեսնենք՝ ովքեր են դավաճանել, ասում են՝ չէ, պետք չէ: Իշխանությունը հստակ ցույց է տալիս, որ խուսափում է պատերազմի, հետպատերազմյան իրավիճակի, ընթացքի հետ կապված փաստահավաք խումբ ստեղծելուց, այսինքն՝ իմ առաջարկին ցրողական պատասխան է տրվել: Իշխանությունը վախենում է պատերազմի ընթացքի կամ դրա նախապատրաստական շրջանի քննությունից: Եթե իշխանությունը չունի մեղքեր, վախեր, բացթողումներ, որոնք երկիրը կանգնեցրել են այս արհավիրքի առաջ, շատ հանգիստ կարող էին ասել՝ եկեք քննենք: Բայց այդ ամենը տեղի չունեցավ, և մեր բոլոր առաջարկներն իշխող թիմը տապալում է: Քանի այս ամենը կա, դուք միշտ տեսնելու եք, որ ինչ-որ համազգեստով մարդ ասելու է՝ ինչ-որ մեկը դավաճան է, և այդ քաոսը կանգ չի առնելու»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանը ցանակնում է դաշինքով մասնակցել ընտրություններին, այդ պատճառով էլ համագործակցում է Արամ Սարգսյանի, Գուրգեն Արսենյանի հետ, նաև փորձում է ներգրավել ԼՀԿ-ին, և 168.amհարցին՝ Նիկոլ Փաշինյանը դաշինք ստեղծելու վերաբերյալ մեսիջներ ուղարկե՞լ է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը դաշինքով գնա ընտրությունների, դրա իմաստը չի տեսնում:

«Առհասարակ դա աբսուրդ է, ովքեր նման կերպ են մտածում, ուրեմն՝ քաղաքական իրողություններից հեռու են։ Ինչ վերաբերում է մեզ, ապա նման բան չի կարող լինել»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս