Բաժիններ՝

«Պառակտումը, իրար զրպարտելը, իրար վրա կեղտ շպրտելը ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ». Կարեն Մարտիրոսյան

Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում թիկունքում ամբողջ հայությունը համախմբվել էր՝ մարտի դաշտում հաղթանակը կերտելուն նպաստելու համար։ Սփյուռքի հայությունը 44 օրերի ընթացքում փորձեց անել ամեն ինչ, որպեսզի Արցախից տեղահանված հայությունը նյութական խնդիրներ չունենա։ Բացի նյութական հարցերից, սփյուռքում բազմաթիվ փորձեր եղան՝ արցախահայության դեմ կատարվող ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասցնելու համար։ Այս գործընթացներից անմասն չմնացին նաև Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերը, որոնք սեպտեմբերի 27-ից սկսած մինչև օրս լծվել են հայրենիքում ապրող արցախցիներին օգնություն ցուցաբերելու համար։

Armenian National Association (ANA )-ի Ռուսաստանի հայերի ներկայացուցիչ,  «Երազանքների մոլորակ» բարեգործական հիմնադրամի փոխնախագահ Կարեն Մարտիրոսյանը 168.amի հետ զրույցում ասաց, որ արցախահայության հետ կապված իրենց ծրագրերը շարունակական բնույթ են կրելու։

«Մեր հայրենակիցների խնդիրները երբեք որևէ քաղաքական իրադրությամբ պայմանավորված չեն եղել և չեն լինելու: Իմ հիմնադրամների և աշխարհասփյուռ հայերի ջանքերով այս պահին իրականացնում ենք դրամական աջակցություն կարիքավոր մեր հայրենակիցներին մեր երկու հայրենիքներում՝ Հայաստանում և Արցախում: Շնորհակալությունս եմ հայտնում աշխարհասփյուռ հայերին մեր աշխատանքներին աջակցելու համար: Առանց նրանց աջակցության մեր գործունեությունը չի կարող լինել: Քանի դեռ նրանք վստահում են մեզ, մեր աշխատանքը շարունակվելու է: Անսպառ ջանք ու եռանդ բոլորիս»,- նշեց Կարեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է պատերազմի ելքին և այն թեզին, թե պարտության մեջ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի, հետաքրքրվեցինք՝ Ռուսաստանի հայությունը մեղքի բաժին ունի՞։ Կարեն Մարտիրոսյանը նկատեց՝ ուրիշներին  մեղք վերագրելու իրավունք չունի:

«Իմ անձի վերաբերյալ կարող եմ ասել, որ, այո՛, մեծ հաշվով, այս ժամանակավոր «պարտության» մեջ իմ մեղքի բաժինը տեսնում եմ: Իսկ ավելի լայն առումով ուզում եմ ասել, որ սա համարում եմ հարաբերությունների ճշտում, նոր էջի սկիզբ: Թե ինչպիսին կլինի այդ նոր սկիզբը, կախված է մեզանից յուրաքանչյուրից: Կոչ եմ անում  բոլորին համախմբվել հայրենիքի վերակառուցման գործին: Յուրաքանչյուրն իր ոլորտում, իր մասնագիտական կարողություններով ու հնարավորություններով կարող է մեր վիրավոր հայրենիքի մի վերքն ամոքել, մի ցավը բուժել: Ուժ ու կորով բոլորիս այս գործում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ Հայաստանի և Արցախի համար ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ ճանապարհներ ու ելքեր է տեսնում, Կարեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի կարծում, թե պետք է հրաշքների կամ արագ փոփոխությունների սպասել:

«Կրկնեմ՝ պետք է համախմբվենք բոլոր հնարավոր հարթակներում: Բոլորս պետք է հետևություններ անենք մեր սխալներից  ու նոր ուժով աշխատենք: Ժամանակը թանկ է: Իմ աշխատանքի առումով ասեմ, որ ես արդեն սկսել եմ աշխատել մեր սփյուռքում գործող կազմակերպությունների հետ, մասնավորապես ANA (Armenian National association)-ի հետ: Մեկ հետևություն, որ կարող ենք անել և բոլորս տեսանք պատերազմի ընթացքում, այն էր, որ՝ «Գյուղ կանգնի, գերան կկոտրի»: Մեր թշնամին միշտ վախեցել է միաբանված հայերից: Մենք հիմա հենց դա ենք անում՝ միավորվում ենք ավելի ամուր կապերով: Մեզ կոտրել չի լինի»,- շեշտեց Կ. Մարտիրոսյանը:

Անդրադառնալով հնչող կարծիքներին, որ սփյուռքում ներուժ ունեցող անձինք պետք է վերադառնան հայրենիք և սկսեն պետականության, հայրենիքը ոտքի հանելու աշխատանքը, Կարեն Մարտիրոսյանն ասաց, որ դա ամեն դեպքում յուրաքանչյուր անհատի որոշումն է:

«Եթե ես գտնեմ, որ հայրենիքիս ավելի շատ կարող եմ օգտակար լինել, եթե լինեմ ֆիզիկապես Հայաստանում, ապա կվերադառնամ օր առաջ: Բայց չեմ կարծում, որ Հայաստանում գտնվելն ամենաառաջին պայմանն է: Ես ամեն կերպ կապված եմ իմ հող ու ջրի հետ: Տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ Հայաստանում: Իսկ ապագայի որոշումները թողնենք ապագային:

Կարծում եմ՝ մեր առաջմղիչ ուժը կարող է լինել ժողովրդիս միասնականությունն ու համախմբվածությունը: Եկեք բոլորս նայենք մեր շուրջը: Ընկերության ձեռք մեկնենք մեր քույրերին ու եղբայրներին: Պառակտումը, իրար զրպարտելը, իրար վրա կեղտ շպրտելը ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ: Ինչպես պատերազմի ժամանակ էինք դարձել մեկ բռունցք, այնպես էլ հիմա պետք է ձեռք ձեռքի տված՝ միասին, մի բռունցք դարձած, նորից արարենք հայոց սուրբ հողում ու ապրենք նաև մեր անմահացած եղբայրների ու քույրերի համար: Եկեք արժանի ապրենք նրանց սուրբ հիշատակներին»,- նշեց  Կարեն Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս