Բաժիններ՝

Ճապոնացի նախարարը հնարավոր է համարել Տոկիոյի Օլիմպիադայի չեղարկումը

Ճապոնիայի ադմինիստրատիվ եւ նորմատիվ բարեփոխումների նախարար Տարո Կոնոն հնարավոր է համարել Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկումը: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։

«Ես պետք է ասեմ, որ բոլոր սցենարները հնարավոր են: Օլիմպիական կոմիտեն պետք է որ մտածեր պլան Բ-ի, պլան Գ-ի մասին: Իրադրությունը բարդ է: Պետք է պահեստային պլան լինի»,-մեջբերվում է Կոնոյի խոսքը: Այսպիսով, ինչպես նշում է Associated Press-ը, «Կոնոն հնարավորություն է թողել Խաղերի հնարավոր չեղարկման համար»: Նրա հայտարարությունը հակասում է Ճապոնիայի մյուս պաշտոնատար անձանց դիրքորոշումներին, որոնք հայտարարել են, թե Օլիմպիադան անպայմանորեն կկայանա, գրում է գործակալությունը:

Ճապոնիան առնվազն 25 մլրդ դոլար է ծախսել Օլիմպիական խաղերի կազմակերպման վրա: Օլիմպիադան պետք է անցկացվի 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, իսկ Պարալիմպիադան՝ 2021 թվականի օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը: Իսկ սկզբում այն պետք է անցկացվեր մեր տարի առաջ, բայց կորոնավիրուսի համավարակը խափանել է պլանները: Ավելի վաղ Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոսիրո Մուտոն հերքել է Խաղերի հնարավոր չեղարկման մասին հաղորդագրությունները: Ճապոնիայի կառավարությունը դեռեւս նույնպես այն կարծիքին է, որ Օլիմպիադան կկայանա եւ կանցնի «անվտանգ»:

Ներկայում Ճապոնիայի 11 պրեֆեկտուրաներում արտակարգ դրության ռեժիմ է գործում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով: Համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվել է ավելի քան 302 հազար մարդ, 4,2 հազարից ավելին մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս