
«Մարդը և քարը». Երկրաբանական թանգարանում բացվել է պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանին նվիրված ցուցահանդեսը

«Մարդը և քարը» խորագրով միջազգային ցուցահանդեսում ներկայացված են արվեստի բնօրինակ նմուշներ՝ թղթի կամ ստվարաթղթի վրա տարբեր տեխնիկաներով արված գործեր, լուսանկարչություն, կոլաժ, քանդակ, արծաթագործություն, հնագիտական նմուշներ և այլն:
Հայաստանի երկրաբանական ծառայության, լեռնային գործի, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի և թանգարանի հիմնադիր, առաջին տնօրեն, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի ծննդյան 145-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 15-ին Երկրաբանական թանգարանում:
Թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանն ասաց, որ ցուցահանդեսին մասնակցում է աշխարհի 17 երկրի 151 ներկայացուցիչ՝ երկրաբանական ծառայություններ, թանգարաններ, արվեստի կենտրոններ, անհատ քանդակագործներ, նկարիչներ, արվեստաբաններ և այլն:
«Ցուցահանդեսի բացումը փուլ առ փուլ է կազմակերպվելու՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով: Բացումն իրականացնում ենք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հետ համատեղ: Իրանից մասնակցում են Թեհրանի բնության պատմության թանգարանը և «Իրանի առաջատար արվեստ» Leading Art Iran (L ‘Art) ընկերությունից 10 նկարիչ»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ օնլայն հարթակում կապ են հաստատելու մասնակիցների հետ: