«Գագիկ Ջհանգիրյանը կամակատար եղել է նախկինում, և նա կամակատար է նաև այս օրերին». Լարիսա Ալավերդյան

«Ես ուզում եմ, որ պարոն Ջհանգիրյանը չջանա ապացուցել անապացուցելին։ Այն, որ պարոն Ջհանգիրյանը հայտնի է՝ որպես իշխանության կամակատար, դա փաստ է. նա կամակատար եղել է նախկինում, և նա կամակատար է այս օրերին, որովհետև դեռ 2008թ. նա, հույս ունենալով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը կհաղթի, և այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ավելի ակտիվ ի հայտ եկավ, նա այդ հույսով անցավ այդ ժամանակվա ընդդիմության կողմը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ 2008թ. որպես պատգամավոր՝ հանդես է եկել Գագիկ Ջհանգիրյանի իրավունքների պաշտպանությամբ.

«Գիտեք՝ ես չունեմ այդ տարբերակումը, քանի որ ցանկացած կարգավիճակի մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն: Մենք այդ ժամանակ պարոն Ջհանգիրյանի համաձայնությամբ հանդիպել ենք: Այդ ժամանակ բանակում սպանվածների և անարդար դատապարտվածների ծնողները ինձ զանգերով խեղդում էին, ասում էին՝ դուք հո ճանաչում եք նրան, նրա անփառունակ գործունեությունը: Այդ ժամանակ նա մշակել էր սխեմա (առնվազն երկու գործով մենք դա ապացուցել ենք), որ սպանված զինվորի գործով մեղադրվում էին նրա ընկերները՝ անկախ նրանից, թե ով է հանցանքը գործել: Այդ ժամանակվա ընթացքում ես մինչև անգամ ունեցել եմ ասուլիս, որ ձևավորվել է կեղծ ցուցմունք տվող զինվորների խավ»:

Լարիա Ալավերդյանի կարծիքով՝ Գագիկ Ջհանգիրյանը հիմա խաբեությամբ, մանիպուլյատիվ ձևով է փորձում դառնալ ԲԴԽ անդամ:

«Առայժմ ինչ-որ ձևով դիմադրող դատական իշխանությունների համակարգը փորձում են ամբողջովին քայքայել և ԱԺ մեծամասնության շնորհիվ դարձնել խամաճիկ, ինչպես ԱԺ-ն է խամաճիկ գործադիրի ձեռքին: Ես չեմ զարմանա, եթե Գագիկ Ջհանգիրյանը բոցաշունչ մի ճառ ունենա դատական անկախության մասին, ինչպես ասում են՝ լեզուն ոսկոր չունի:

Երբ նա ազատազրկման մեջ էր, ես նրան պաշտպանել եմ, և հիմա էլ եթե հայտնվի ազատազրկման մեջ, էլի պաշտպանելու եմ, բայց տվյալ դեպքում ես հորդորում եմ Ջհանգիրյանին՝ պետք չէ այդ ծաղկուն տարիքում՝ 66 տարեկանում, նման բան անել: Նա իրավաբան-գիտնական չէ, ու դրա մասին գիտեն բոլոր գիտնականները: Ինչպես ցանկացան ամեն մի ձևով կեղտ շպրտել նախկինում արցախյան պատերազմում հաղթած գեներալիտետի, այդ կոչումների, այդ ղեկավարների վրա, որոնք հաղթող են եղել, նույն ձևով հիմա ուզում են անել իրավաբան-գիտնականների դեպքում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս