Բայդենի թիմում ԽՍՀՄ տարածաշրջանով մասնագիտացված դիվանագետներ կան. ինչպե՞ս կաշխատեն հնաբնակները Հարավային Կովկասում և Արցախյան հակամարտության շուրջ

Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում Ռուսաստանի, ինչպես նաև Թուրքիայի ազդեցության էական ընդլայնման ֆոնին ռուսական և արևմտյան մամուլում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպիսին է լինելու Բայդենի քաղաքականությունը Հարավային Կովկասում:

Մի շարք կանխատեսումների համաձայն, Թրամփի անկանոն մոտեցումից հետո Բայդենի փորձառու թիմը, որը մասնագիտացած է հետսովետական տարածաշրջանի խնդիրներում, գուցե փորձի վերաինտեգրել տարածաշրջանն Արևմուտքին: Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ անդրկովկասյան խաղ է մուտք գործելու ԱՄՆ, որը հստակ սցենար ունի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ուղղությամբ, որն, ամերիկյան քաղաքականության լավագույն ավանդույթների համաձայն, ուղղված է Ռուսաստանին հավասարակշռելուն:

Այդ ծրագրի շրջանակում, ըստ այդ աղբյուրների, խնդիր է դրված Հայաստանին կտրել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, ամրապնդել Վրաստանի եվրաատլանտյան ուղղությունը և փոխել Ադրբեջանի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հավասարակշռման քաղաքականությունը, այդ սցենարի իրագործման դեպքում հնարավոր կլինի խափանել Արցախի շուրջ եռակողմ հայտարարության 9-րդ կետը, համաձայն որի՝ տարածաշրջանի տնտեսական և կոմունիկացիոն կապերն ապաշրջափակվում են: Նման մտավախություններ ունեն թե ՌԴ-ի, թե Թուրքիայի իշխանությունները, որոնք համապատասխան ուղերձներով փորձում են զգուշացնել Արևմուտքին դրա հետևանքների մասին:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում փորձեց պարզաբանել, թե ինչպես Բայդենի փորձառու թիմը կդիրքավորվի մեր տարածաշրջանում: Նրա փոխանցմամբ՝ Բայդենի թիմի շատ գործիչներ ընդգրկված են նախորդ վարչակազմից, խոսքն Օբամայի վարչակազմի մասին է, նրանք վարչակազմում տարբեր պաշտոններ են զբաղեցրել, մասնավորապես՝ Պետքարտուղարությունում, Անվտանգության խորհրդում, և զբաղվել են Ռուսաստանի ուղղությամբ:

«Կան մարդիկ, որոնք կոշտ դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ, մարդիկ էլ կան, որոնք կոշտ դիրքորոշում ունեն Չինաստանի ու Թուրքիայի ուղղությամբ: Այնպես որ՝ բավականին հետաքրքիր թիմ է հավաքվում: Հնաբնակներն են վերադառնում, որոնք հիմնականում բավականին կոշտ դիրքորոշում ունեն ՌԴ-ի նկատմամբ: Այս առումով, չեմ կարծում, որ քաղաքականության փոփոխություն լինի, պարզապես քաղաքականության մեջ որոշ խմբագրումներ, սրբագրումներ կլինեն: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա, հաշվի առնելով իրողությունները, այստեղ ևս որոշակի խմբագրումներ կլինեն, բայց ամերիկյան շահերը տարածաշրջանում շարունակելու են մնալ նույնը: Չի փոխվի ՀՀ նկատմամբ քաղաքականությունը, բայց Հայաստանի նկատմամբ վերաբերմունք կփոխվի, քանի որ Բայդենի վարչակազմի հետ նաև բավականին հայամետ ուժեր են իշխանության գալիս»,- ասաց Սարգսյանը՝ շարունակելով, որ ճիշտ աշխատելու դեպքում Հայաստանը կարող է բավականին մեծ օգուտներ քաղել:

Նրա որակմամբ, ԱՄՆ-ի քաղաքականությունը մեր տարածաշրջանում մշտապես ուղղված է եղել Ռուսաստանի հավասարակշռմանը, և դա տրամաբանական է գերտերությունների մրցավազքի շրջանակում:

«Բայց թե ինչ գործիքակազմ ունի Վաշինգտոնը դրան հասնելու համար, իհարկե, մենք գիտենք, որ այդքան էլ մեծ չեն գործիքները, հնարավորություններն ու ազդեցության լծակները մեր տարածաշրջանում, ուստի, չեմ կարծում, որ էական փոփոխություններ լինեն»,- նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Տեղեկացնենք, որ Բայդենի արտաքին քաղաքական թիմի առանցքային դերակատաներն են՝

 Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ Պետքարտուղար, Օբամայի աշխատակազմում զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը,

Վենդի Շերման՝ Պետքարտուղարի տեղակալ, 2015 թվականին միջուկային գործարքի առաջատար բանակցողը,

Ուիլյամ Բըրնս՝ Հետախուզության դաշնային բյուրոյի տնօրեն, Օբամայի աշխատակազմում պետքարտուղարի տեղակալ, իսկ ավելի վաղ՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան,

Վիկտորյա Նուլանդ՝ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ, նախկինում ևս՝ փոխպետքարտուղար, նա հայտնի է 2013-ին Ուկրաինայում հակառուսական բողոքներին ակտիվորեն աջակցելու համար:

Անդրեա Քենդալ-Թեյլոր՝ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի ուղղության ղեկավար, նախկինում ակտիվորեն զբաղվել է սիրիական հակամարտությամբ, Ադրբեջանով և Ղազախստանով

Ամանդա Սլոթ՝ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական ուղղության ղեկավար

Նենսի ՄըքԷլդաունին, որպես փոխնախագահ Քամալա Հարիսի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, նախկինում Բաքվում և Անկարայում ԱՄՆ առաքելությունների ղեկավարի տեղակալ:

Ռուս վերլուծաբանների խոսքով, այս մասնագիտացմամբ արտաքին քաղաքական թիմը նշանակում է, որ ԱՄՆ հակառակորդների ցանկում Ռուսաստանն առաջ է անցնում Իրանից ու Չինաստանից: Նրանց կանխատեսումների համաձայն՝ Բայդենի արտաքին քաղաքականության մասնագետները զբաղվելու են՝ ինչպես հետսովետական տարածաշրջանով, այնպես էլ՝ Ռուսաստանով: Ակտիվորեն աշխատելու են հատկապես Բըրնսը, Քենդալ-Թեյլորը, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է պատասխանատվության իր գոտին: Բըրնսի խնդիրը, ըստ ռուսական փորձագիտական շրջանակների, ոչ պաշտոնական շփումներն են Կրեմլի, ուժայինների ու էլիտայի հետ, իսկ Քենդալի խնդիրը վերլուծությունն է, ռազմավարության և հարաբերությունների նոր կառուցվածքի մշակումը:

Ռուսաստանի և հետսովետական տարածաշրջանի ուղղությամբ ամերիկյան քաղաքականության մշակման հարցում էական դերակատարություն է ունենալու նաև Մայքլ Մաքֆոլը՝ ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպանը, ով իր վերջին բոլոր հարցազրույցներում պնդում է, որ Բայդենի աշխատակազմը բարեկամաբար չի վերաբերվելու Ռուսաստանին:

Իր հարցազրույցներից մեկում նա նշել է. «Իհարկե, Բայդենի օրոք կլինեն որոշ փոփոխություններ Թրամփի համեմատությամբ: Առաջին հերթին նախագահ Բայդենը չի ձգտի ընկերության նախագահ Պուտինի հետ: Թրամփը իսկապես ցանկանում էր դառնալ նրա ընկերը: Նա գուցեև ընկեր դարձավ, բայց դա չաշխատեց: Նա շատ անձնական ժամանակ և էներգիա ծախսեց այդ անձնական հարաբերությունների վրա: Բայդենը դա չի անի: Երկրորդ՝ Բայդենը ավելի շատ է խոսելու ՌԴ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին, ինչպես նաև այլ երկրներում, ոչ միայն Ռուսաստանում: Բայց նախագահ Թրամփը դա չէր անում: Դա ևս կլինի փոփոխություն:

Երրորդ՝ և, ես կարծում եմ, ամենակարևոր փոփոխությունը․ Բայդենը և իր թիմը ավելի շատ ջանքեր են ներդնելու Ռուսաստանին հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Օրինակ՝ Մոլդավայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ: Նրանք ավելի ներգրավված կլինեն, քանի որ թիմն ավելի մեծ փորձ ունի, նույն Բայդենն ավելի փորձառու է այս երկրների մասով: Ես անձամբ նրա հետ եղել եմ Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդավայում: ԱՄՆ ոչ մի այլ նախագահ չի եղել այդ երկրներում: Այսինքն՝ այս իմաստով միանշանակ փոփոխություններ լինելու են»,- նշել էր ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, որ Թրամփի աշխատակազմը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ Թրամփից տարբերվող մոտեցում ուներ, ինչն անկայունություն էր առաջացնում, և դա չի լինի Բայդենի դեպքում, քանի որ և՛ աշխատակազմը, և՛ Բայդենը նույն դիրքորոշումն են ունենալու:

Տեսանյութեր

Լրահոս