Գերիների վերադարձի հարցն առնչություն չունի տարածքների հարցի կամ այլ խնդիրների հետ. ՄԻՊ
Ադրբեջանի քաղաքականությունը՝ կապված հայ գերիների հետ, փոփոխվել է, և ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ դրա վկայությունն է 2020 թվականի դեկտեմբերի 28-ի ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին: Նամակի հեղինակն անդրադարձել էր 62 շիրակցի գերիներին, ու նրանց ներկայացրել էր՝ որպես ահաբեկչական գործողություններ իրականացնողներ՝ շեշտելով, թե Հայաստանը խախտել է 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը:
«Նախ՝ նրանք ակնհայտ հարցը քաղաքականացնում են: Անթույլատրելի է հետպատերազմական այս փուլերում մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, որովհետև դա արդեն իրենից ներկայացնում է կոպիտ խախտում: Միջազգային պահանջների համաձայն՝ ռազմագերիները կամ քաղաքացիական անձ գերիները պատերազմական գործողությունների կամ ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն իրենց երկրներ: Նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն արգելվում է: Նրանց կալանավորելը, ձերբակալելը դիտվում է՝ որպես պատիժ, և նույնպես արգելվում է: Ավելին, այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է, և դա նույնպես, ըստ էության, պատմական հանցագործություն է»,- նշեց Արման Թաթոյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերիների հարցի քաղաքականացմանը, երբ հարցը կապում են նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետի հետ, նշեց.
«Այս պահանջը, ճիշտ է, կա, ընդ որում, վատ է, որ ժամկետ չկա, Ադրբեջանը նաև դրա վրա է հիմնվում, նաև «անհապաղ» բառը չկա, այստեղ կարևորը հենց դա է, որ այս պահանջը մյուսներից անկախ է ոչ միայն այն առումով, որ կապ չունի նրանց հետ քաղաքականացման առումով, նաև այս պահանջն իրականում ինքը գոյություն ունի, միջազգային պահանջ է սա: Այսինքն՝ այլ կերպ ասած, եթե այս պահանջը չլիներ այս փաստաթղթում, մի պահ պատկերացնենք՝ ի՞նչ է նշանակում, իրենք գերիներին չպիտի՞ փոխանակեին կամ վերադարձնեին: Իհարկե, իրավունք չունեին նման բան անել: Սա աբսուրդ է ուղղակի: Այսինքն՝ այդ պահանջը գործում է՝ անկախ նրանից, այս փաստաթղթում ամրագրվա՞ծ է, թե՞ ոչ: Հետևաբար, ոչ թե սա պետք է կախվածության մեջ դրվի տարածքների հետ կապված հարցից, այլ այս հարցն առնչություն չունի այդ խնդիրների հետ: Սա բոլորովին այլ հարթության վրա գտնվող հարց է՝ մարդու իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի, որն անհապաղ պետք է իրականացվի:
Ընդ որում, եթե տարածքային կամ մյուս հարցերը կողմերը կարող են քաղաքական պայմանավորվածություններ անել, փոխել, աշխատել, այս հարցով չկա նման բան: Չեն կարող կողմերն ինչ-որ բաներ պայմանավորվել»:
ՄԻՊ Արման Թաթոյանի պնդմամբ՝ անընդունելի է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը պնդում է, թե նոյեմբերի 10-ի հայտարարության պահանջները գործում են մինչև այդ եղած իրավիճակների նկատմամբ: Ըստ պաշտպանի՝ սա պետք է նաև կիրառելի լինի նոյեմբերի 10-ից հետո եղած իրավիճակների նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդու իրավունքների պաշտպանության օբյեկտիվ անհրաժեշտություն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում