«Նպատակ կա մրոտելու, սև առանցքով ներկայացնելու ՄԻՊ ինստիտուտի կատարած հսկայածավալ աշխատանքը». Աշոտ Սիմոնյան
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովում իրավաբան Աշոտ Սիմոնյանն անդրադարձավ ՀՀ-ում իրավունքի գերակայությունը ապահովող պետական անկախ ինստիտուտների գործունեությանն ու նրանց նկատմամբ իրականացվող ոտնձգություններին:
Իրավաբանը նշեց, որ 2018 թ.-ի ապրիլյան իրադարձություններից հետո հասարակության մեջ անկախ ինստիտուտների ավելի կատարելագործված գործելու ողջամիտ ակնկալիք առաջացավ, քանի որ հասարակության որոշ շերտերի մոտ համոզմունք կար, թե պետական անկախ ինստիտուտներն իրականում չէին գործում անկախ կամ անաչառ չէին: Ըստ Աշոտ Սիմոնյանի՝ այս պատկերացումները ունեին և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ հիմքեր, եզրակացություններ:
Պատմական էքսկուրս կատարելով՝ Սիմոնյանը հիշեցրեց, որ 2018-ի փոփոխություններից հետո այսօրվա իշխանությունը դատական համակարգի բարեփոխումներ խոստացավ, որոնք, ըստ նրա, հռչակագրային տեքստերից այն կողմ չեն անցել: Սիմոնյանը անդրադարձավ նաև իշխանության առաջ քաշած օրենսդրական նախաձեռնություններին, որոնք, ըստ նրա, մտադրություն ունեն դատական համակարգը դարձնել իշխանահաճո:
Աշոտ Սիմոնյանը նաև անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, որն, ըստ նրա, թիրախավորել են իշխանության ներկայացուցիչները:
«Սա կա՛մ պարզապես իրավիճակ է, երբ նշված ինստիտուտի մասին մարդկանց պատկերացումները պարզապես թույլ են, կա՛մ պարզապես նպատակ կա մրոտելու, սև առանցքով ներկայացնելու ՄԻՊ ինստիտուտի կատարած հսկայածավալ աշխատանքը: Բացի այդ, լինում են դեպքեր, և մենք ականատես ենք դրան եղել նաև ԱԺ ամբիոնում ելույթների ժամանակ, երբ պարզապես իշխանության ներկայացուցիչները ցուցադրում են, թե նրանց բարի կամեցողության հետևանքն է միայն, որ ՄԻՊ-ը շարունակում է պաշտոնավարել…
Մեր երկրում գրպանային դատարանների ստեղծումը և անկախ պետական մարմինների խարխլմանը ուղղված քայլերը մեծապես վտանգում են ոչ միայն պարզապես անհատների կամ սոցիալական խմբերի, այլև ամբողջ պետության հիմքերը, և մեր իրավաբանական համայնքի ներկայացուցիչների՝ մասնավորապես, և առհասարակ՝ ՀՀ քաղաքացիների սրբազան պարտքն է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները սահմանափակող օրենսդրական նախագծերի կյանքի կոչումը կանխարգելելը և գործուն միջոցներ ձեռնարկելը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավոր կառույցների հետագա անխափան աշխատանքի համար»,- նշեց Աշոտ Սիմոնյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում