«Նրա կյանքը մենք պետք է պաշտպանենք, որպեսզի նա իրապես կանգնի դատարանի առաջ». Թաթուլ Պետրոսյան
Ոստիկանության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, նկատեց, որ այն պետք է վերլուծել քաղաքականության և քրեաիրավական ընթացակարգերի տեսանկյունից:
Նա 2.5 տարի առաջ տեղի ունեցած քաղաքական իրադադարձությունները որակեց իշխանափոխություն, ապա խոսեց այս տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին.
«Նա սկսեց ժողովրդին բաժանել սևերի-սպիտակների, ամբողջությամբ ձախողեց դիվանագիտական փոխհարաբերությունները, որից հետո սկսեց կազմաքանդել պետական կառույցներն ամբողջությամբ:
Ես այն կարծիքին չեմ, որ նա հոգեկան հիվանդ է. դա բավականին լավ պլանավորված գործողություն է, և դեռևս չգիտենք, թե որտեղից է ղեկավարում, բայց ինքն իրագործեց այն նպատակները, ինչն իր առջև դրել էին:
Ինչ արեց՝ նա վերացրեց գործնականում բանակի նկատմամբ ժողովրդի սերն ու հարգանքը, արժեզրկեց մեր հերոսներին, արժեզրկեց հայկական մշակույթը, եկեղեցին, կրթությունը՝ ամբողջությամբ ոչնչացնելով, և արժեհամակարգ փոխեց»:
Կապիտուլյացիայի հասնելու գործում, ըստ Թաթուլ Պետրոսյանի, դերակատարում են ունեցել նաև բանակի հերոսների հանդեպ իրականացվող քրեական հետապնդումները. «Ամբողջությամբ, կարծես թե, գլխատեց բանակը՝ գեներալներից, փորձառու հրամանատարներից, որպեսզի կարողանար հասնել կապիտուլյացիոն պայմանագրի և հասավ դրան: Ամբողջությամբ մենք կորցրինք Արցախը և հիմա սկսել ենք կորցնել Հայաստանի սահմանները:
Ես չգիտեմ՝ նրան երբեմն զեկուցո՞ւմ են, կամ նա որևէ մեկին լսո՞ւմ է, թե ինչ է կատարվում Հայաստանում. նա կարծես թե ամբողջությամբ կտրվել է իրականությունից: Հասավ կապիտուլյացիայի մեր հերոսներին վարկաբեկելու միջոցով, հիմա, որպեսզի ՀՀ սահմանները ևս կարողանա սկուտեղի վրա նվիրել Արդբեջանին կամ թուրք-ադրբեջանական ուժերին, նա սկսեց արդեն հետապնդումներ սկսել մեր սահմանային համայնքապետերի նկատմամբ, ու զարմանալին այն է՝ այնպիսի հիմար հոդվածներով, որոնցով նույնիսկ ազատազրկում չի նախատեսվում, անձանց ձերբակալեց:
Մարդիկ 3-4 օր Երևանում էին այն դեպքում, երբ զենքը ձեռքներին կանգնած էին սահմանին. քաղաքապետերի մասին է խոսքս՝ Առուշան Առուշանյանի, և Քաջարանի՝ Մանվել Փարամազյանի: Բավականին հայրենասեր մարդիկ. մարդիկ իրենց համայնքը պահում են անտերության պայմաններում, և նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվում»:
Ըստ բանախոսի՝ վարչապետն անհայրենիք ու անսուրբ անձի տպավորություն է թողնում.
«Չի հասկանում նույնիսկ մարդկանց բնակարաններից զրկելու ընթացակարգը: Այսինքն՝ մարդ, որ չի հասկանում՝ ինչ ասել է՝ հայրենիք, ինչ ասել է՝ տուն, օջախ (նույն Որոտան, Շուռնուխ գյուղերում 10-12 տներ, որ պետք է հանձնեն թուրքերին). ի՞նչ է ասում՝ մենք փոխհատուցում կտանք: Փոխհատուցում, որ մարդիկ բնակարա՞ն են կորցնում (մեկ-երկու օրվա ընթացքում պետք է լքեն բնակարանները):
Սա մարդու մոտեցում է, որը գործնականում չի հասկանում՝ ինչ ասել է՝ հայրենիք, հողուջուր, ընտանիք, տուն, սրբություններ, բացարձակ նա այդ ընկալումը չունի:
Լավ իր, իր կողմնակիցների բնակարանները թող հիմա տանք այլ անձանց և իրենց փոխհատուցում տանք, կհամաձայնե՞ն իրենք: Սա ահավոր մոտեցում է, որ նա որդեգրել է և շարունակում է տանել:
Վաղը՝ Տիգրանակերտ (Քյարքի) հատվածում ենք մենք խնդիր ունենալու»:
Ոստիկանության գեներալ-մայորը նկատեց. «Նրա կյանքը մենք պետք է պաշտպանենք, որպեսզի նա իրապես կանգնի դատարանի առաջ և ամբողջ կյանքում հասկանա, թե ուր է հասցրել հայ ժողովրդին: Մենք Եղեռնից հետո նման իրավիճակում չենք հայտնվել:
Սյունիքի մարզն ավարտելուց հետո նա շարունակելու է Գեղարքունիքի մարզ, Տավուշի մարզ, ես հաստատապես եմ ասում:
Ես հեռու եմ այն մտքից, որ նա ընդամենը ստորագրել էր այդ 9 կետանոց հայտարարությունը, որը մեր շատ իրավաբաններ արդեն նշեցին, որ դա թուղթ է, ոչ թե փաստաթուղթ: Բոլոր դեպքերում, ես համոզված եմ, որ տողատակում կան այլ պայմանագրեր, ասում են՝ բանավոր, բայց ես չեմ կարծում, թե բանավոր, կա նաև ՝ գրավոր: Նույնիսկ ես կասեի՝ ադրբեջանական կողմը բանավոր պայմանավորվածության չէր համաձայնի: Ես համոզված եմ, որ արդյունքում լինելու է նաև միջազգային պայմանագիր»:
Նրա դիտարկմամբ՝ սահմանազատմանը հաջորդում է ամրագրումը. «Սահմանազատում արդեն սկսել են իրականացնել, ու զարմանալին այն է, որ պետություն, կարծեք, չկա, և համայնքապետերն են բանակցությունների մեջ մտնում թուրք զինվորի հետ: Սա եզակի դեպք է. համայնքապետն ինքը կանգնում է թուրքի զինվորականի հետ և բանակցում:
Քարահունջից 30 հեկտոր հողատարածք են տալիս: Ժամանակին մենք շատ տաղանդավոր գիտնական ունեինք՝ Պարիս Հերունին, հզոր գիտնական, որը Քարահունջի պեղումներից հայտնաբերել էր որոշակի հնագիտական տարածքներ, որը համեմատում էր անգլիական համանուն տարածքի հետ և հիմնավորում էր, որ աստղագիտությունը դեռևս 7-8 հազար տարի առաջ սկսել է նույն Քարահունջից, և մենք նման տարածքները հանձնում ենք՝ առանց մի խղճի խայթի՞»:
Թաթուլ Պետրոսյանը ցավով խոսեց համացանցում ի հայտ եկած քարոզչական այն թևի մասին, որն անխնա տարածում է դիրքորոշումը, թե տարածքները, որոնք այսօր դարձել են վիճելի, իրականում ադրբեջանական են. «Սա ամենաահավոր մոտեցումն է. Տեսեք՝ ինչ են ասում, թե 26 տարի օգտագործել եք թուրքական տարածքները, հիմա եկել են, ուզում են, չեք ուզում հետ տալ. սա կարծեք թե նույն թուրքամետ քաղաքականությունն է, որ վաղը-մյուս օրը ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից կսկսեն մեծ գումարներ պահանջել, այդ մասին խոսեցին նաև տարբեր իրավաբաններ՝ 50 միլիարդ, 100 միլիարդ:
Եթե մեր քաղաքացիներն են նման մոտեցում ցույց տալիս, բառեր չեմ գտնում ասելու. թուրքը նույնիսկ նման մոտեցում ցույց չի տվել հայի նկատմամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում