«Պատերազմի ընթացքում արևմտյան երկրների պահվածքը ցույց տվեց, որ չկա գործուն օրակարգ, այն ոչ ոքի պետք չէ»․ եվրոպացի վերլուծաբան

«ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է վերականգնի իր հեղինակությունը, դրա համար մաքսիմալ ջանքեր են հարկավոր Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով գալիք տարի Արևմուտքի անելիքներին Արցախյան կարգավորման գործընթացում։

Փորձագետը նախ հույս հայտնեց, որ պատերազմի, դրա կորուստների և հակամարտող կողմերի, և միջնորդների ու միջազգային կազմակերպությունների համար մի շարք հարցեր վերանայելու պատճառ կդառնան։

Այսինքն՝ նրա խոսքով, Արցախի շուրջ արևմտյան ավելի արդյունավետ ու ճիշտ օրակարգի ձևավորման կարիք կա։

«Պատերազմի ընթացքում արևմտյան երկրների պահվածքը ցույց տվեց, որ չկա գործուն օրակարգ, այն ոչ ոքի պետք չէ, դա չի կապում կողմերին Մինսկի խմբին, և նրանք օրակարգը գտնում են այլ հարթակներում։ Սա խնդիր է, ուսումնասիրելու թեմա է, թե ինչու այդպես ստացվեց, որ կարգավորմամբ 30 տարի զբաղված կազմակերպությունն անգործ մնաց, և այսօր հայտնի չէ՝ ինչպես է աշխատելու հաջորդիվ։ Դա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ դա կուրվագծվի, և առավելապես այն բանից հետո, երբ ձևավորվի ԱՄՆ նոր նախագահի աշխատակազմը և առաջնահերթությունները, թեև չկան մեծ անելիքներ, որ բեկումներ է մտցնելու Բայդենի աշխատակազմն արտաքին քաղաքականությունում, գուցե մի փոքր սրություն և դինամիկա»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դեմս Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, չունեն զբաղվելու այլ դաշտ, քան կարգավիճակի հարցը։

«Այս հարցով կանխատեսում եմ կա՛մ առաջընթաց, կա՛մ փակուղի Ռուսաստանի դժգոհության պատճառով։ Պետք է որոշել՝ ինչպես առաջ շարժվել այս ուղղությամբ՝ առանձին նախաձեռնությունների միջոցո՞վ, թե՞ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։

Այնուամենայնիվ, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է վերականգնի իր հեղինակությունը, դրա համար մաքսիմալ ջանքեր են հարկավոր Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ աջակցություն հակամարտող երկրներից։ Կարծես այս փուլում դա լինելու է միայն Հայաստանը։ Բայց դատելով վերջին զարգացումներից, կարծում եմ՝ ոչ անհնար աշխատանք կիրականացվի»,- ասաց Ստյուարտը։

Տեսանյութեր

Լրահոս